«Աստղային դարպասները» Բյուրականի աստղադիտարանն ավելի ներկայանալի կդարձնեն զբոսաշրջիկներին

  • Հասարակություն - 15 Հունիսի 2017, 21:29

Բյուրականի աստղադիտարանի նախկին մուտքի` «աստղային դարպասների» վերաբացումը, որը տեղի ունեցավ հունիսի 15-ին, կոչված է խթանելու Հայաստանում զբոսաշրջության զարգացումը:

«Աստղային դարպասներ» գեղարվեստական անվանումը տվել էր դեռ Վիկտոր Համբարձումյանը, և աստղերով պատված այս մուտքի վերաբացումը հարգանքի տուրք է մեծ գիտնականի հիշատակին: Այն փակ է եղել երկար ժամանակ, դեռ խորհրդային տարիներից, դրա փոխարեն գործում էր մեկ այլ մուտք` հետնամասից: Նախկինում մարդիկ գնում էին Բյուրական գյուղ, պտտվում և հետ էին գալիս, իսկ այս մուտքը մոտ է հիմնական ճանապարհին: Այսուհետ բաց կլինի «աստղային դարպասների» մուտքը, այնպես, ինչպես տարիներ շարունակ է եղել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Նրա խոսքով` աստղադիտարանը տարածաշրջանում կարևորվում է նաև որպես զբոսաշրջային այցելությունների կենտրոն: «Այսօրվա միջոցառումը նպատակ ունի նաև ավելի գրավիչ դարձնել աստղադիտարանը զբոսաշրջիկերի համար: Կարգի ենք բերել աստղադիտարանի մոտակա տարածքը, դրվել են ցուցանակներ: Շինարարական, կազմակերպչական աշխատանքները դեռ կշարունակվեն, որպեսզի աստղադիտարանի մուտքն ավելի ներկայանալի լինի»,-ասաց տնօրենը:

Արեգ Միքայելյանը աստղադիտարանի համար կարևորեց նաև միջազգային կապերի ամրապնդումը, հասարակության մեջ աստղադիտարանի դերի բարձրացումը և դպրոցական ծրագրերի մեջ պարտադիր այցելությունների ընդգրկումը:

Ամենաընթերցվածը