Լոպիրյովայի խորհրդավոր գրառումը, թե ինչ է ստիպել Հենրիկը Հայաստանում

    • Հասարակություն - 15 Հունիսի 2017, 18:13
Ռուսաստանցի հայտնի մոդել եւ հաղորդավարուհի, 2018 թվականին Ռուսաստանում տեղի ունենալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ՖԻՖԱ դեսպան Վիկտորիա Լոպիրյովան լուսանկար է հրապարակել Հենրիկ Մխիթարյանի հետ, որի գրառումով շնորհակալություն է հայտնել նրան Հայաստանը բացահայտելու, նաեւ Հայաստանում ջերմ ընդունելության համար. «Շնորհակալ եմ, Միկի, որ ստիպեցիր ինձ նոր կերպ նայել սովորական երևույթներին: Շատ ջերմ ընդունելություն գեղեցիկ Հայաստանում», գրել է Լոպիրյովան, որն արդեն վերադարձել է Ռուսաստան եւ Սանկտ-Պետերբուրգում է, պատրաստվում է Ռուսաստանում հունիսի 17-ի մեկնարկելիք Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:

Հենրիկ Մխիթարյանի եւ Լոպիրյովայի հայաստանյան լուսանկարները արդեն մի քանի օր է «ցնցել են համացանցը»: Հայաստանի հասարակությունը բուռն քննարկում է դրանք, փորձում գուշակել՝ Հենրիկ Մխիթարյանը Լոպիրյովայի հետ լուսանկարվել է պարզապես ընկերական, ուղեկցել է նրան Հայաստանում որպես հյուրի՞, թե՞ նրանց միջեւ կա ինչ որ ավելին:

Հենրիկ Մխիթարյանը Հայաստանի հանրությանը մինչ այժմ հետաքրքրել է իբրեւ ֆուտբոլային աստղ, որով հնարավոր է հպարտանալ, որը միջազգային մակարդակի անուն է, բացառիկ օրինակ Հայաստանի ֆուտբոլային կյանքի համար:

Լոպիրյովայի հետ հայաստանյան լուսանկարները Մխիթարյանին «բացահայտեցին» արտաֆուտբոլային տեսանկյունից, թեեւ «բացահայտվածը» գործնականում ֆուտբոլային աստղերի կյանքի մի մասն է: Նրանցով հետաքրքրվում են ոչ միայն խաղամակարդակի, այլ նաեւ անձնական կյանքի տեսանկյունից:

Բնական է, որ Հենրիկի առաջին լուսանկարը Լոպիրյովայի հետ պետք է առաջացներ բուռն արձագանք: Ընդ որում, քննարկվում է ոչ միայն Հենրիկը, այլ նաեւ Լոպիրյովան, թե ում հետ է նա եղել նախկինում: Հայտնի է, որ Լոպիրյովան եղել է օրինակ Ռուսաստանի հավաքականի ներկայիս հարձակվողներից մեկի՝ Սմոլովի կինը:

Լոպիրյովայի շնորհակալական գրառումից դժվար է կռահել, թե ինչպիսին է նրա ու Մխիթարյանի հարաբերությունը: Օրինակ, ի՞նչ սովորական երեւույթներին է Լոպիրյովան սկսել նայել այլ կերպ:

Բայց բնական է, որ հայ աստղի հետ վաղ թե ուշ պետք է պատահեր այն, ինչ պատահում է գործնականում բոլոր աստղերի հետ:

Միեւնույն ժամանակ, հանդիսանալով աստղային կյանքի մի մասը, դա գուցե նաեւ PR մաս է: Իհարկե մեղմ ասած հարաբերական է, թե լուսանկարներն ում համար էին ավելի շատ PR՝ Մխիթարյանի՞, թե՞ Լոպիրյովայի:

Իսկ գուցե Հայաստանի՞:

Կասկած չկա, որ թե Հենրիկի, թե Լոպիրյովայի երկրպագուները հրապարակված լուսանկարներից եւ գրառումներից հետո կսկսեն հետաքրքրվել ոչ միայն նրանց միջեւ անձնական կապով, այլ նաեւ Հայաստանով:

Որքա՞ն երկրպագու կունենա Լոպիրյովան: Քիչ չեն նաեւ Հենրիկի բրիտանացի եւ այլ ազգության ներկայացուցիչ երկրպագուները: Այդ իմաստով, անկասկած տեղի է ունեցել Հայաստանի կամա թե ակամա գովազդ:

Եվ եթե այն աշխատի եւ ավելի մեծ թվով մարդկանց մոտ առաջացնի հետաքրքրություն եւ առավել եւս Հայաստան այցելելու ցանկություն, ապա դա իհարկե լավ է:

Ամիսներ առաջ ֆեյսբուքյան գրառում էի արել, որ Հենրիկ Մխիթարյանը Հայաստանի համար զբոսաշրջության զարգացման կարեւոր ռեսուրս է՝ Հայաստանի ճանաչելիության բարձրացման առումով, որը պետք է օգտագործել: Հենրիկն անկասկած Հայաստանին այդ հարցում օգտակար կլինի սիրով, հատկապես հաճելիի հետ համատեղելու պարագայում:

Մխիթարյանն այդ առումով ոչ միայն Հայաստանի հպարտություն է, այլ նաեւ կարեւոր ռեսուրս եւ «դեսպան»: Եվ դա պետք է օգտագործել:

Արդյոք Լոպիրյովայի հետ հայաստանյան ժամանցը այդ շարքից էր, կամ հաճելին օգտակարի հետ համատեղում, պարզ չէ, այդ մասին մանրամասն մեկնաբանություն չկա որեւէ կողմից, բայց թերեւս պետք է զարգացնել նախադեպը, եւ Հենրիկը ֆուտբոլից ազատ ժամանակ, հնարավորության պարագայում երեւի թե պետք է ավելի շատ հյուրեր ընդունի Հայաստանում, նաեւ այլ երկրների, օրինակ Մեծ Բրիտանիայի որեւէ հայտնի մոդելների շարքից:

Իհարկե, երբեք չմոռանալով, որ նա առաջին հերթին ֆուտբոլիստ է, որին սպասում է շատ կարեւոր մրցաշրջան՝ երկրորդը Մանչեսթեր Յունայթեդի կազմում, երբ Հենրիկն արդեն լինելու է խոշորացույցի ներքո:

Ամենաընթերցվածը