Կարկուտը վարչապետի վարկանիշին

    • Հասարակություն - 15 Հունիսի 2017, 12:46
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հանձնարարական է տվել գյուղատնտեսության նախարարին, տարածքային կառավարման նախարարին եւ Արմավիրի մարզպետին, որպեսզի եռօրյա ժամկետում ուսումնասիրեն Արմավիրի մարզի մի քանի գյուղերին կարկուտի հասցրած վնասն ու ներկայացնեն առաջարկություններ:

Հետաքրքիր է, եթե Կարեն Կարապետյանը չտար այդ հանձնարարականը, ի՞նչ էին անելու գյուղատնտեսության նախարարությունը, Արմավիրի մարզպետը եւ տարածքային կառավարման նախարարը: Գյուղերից մեկի գյուղապետն, օրինակ, օրերս հայտնել էր, թե Արմավիրի մարզպետը եկել, տեսել ու չէր խոսում, խոսալը չէր գալիս, «համարյա լացում» էր:

«Համարյա լացելու» փոխարեն մարզպետը գուցե սկսեր հաշվել, եւ երբ այսօր Կարեն Կարապետյանը հանձնարարել է հաշվել վնասը, մարզպետը գուցե վեր կենար ու անմիջապես հայտներ, որ վնասը հաշվել են կամ արդեն հաշվում են, ու պատկերը հետեւյալն է, կամ մոտավորապես հետեւյալը:

Ի՞նչ էր անում գյուղնախարարը: Սպասում էր վարչապետի հանձնարարականի՞ն:

Իսկ տարածքային կառավարմա՞ն նախարարը:

Ուժգին կարկուտից արդեն անցել է երկու-երեք օր: Բարեբախտաբար կարկուտի հարվածից տուժած գյուղերի թիվը շատ մեծ չէ: Եթե համադրենք այն գյուղնախարարության, Արմավիրի մարզպետարանի, տարածքային կառավարման նախարարության չինովնիկների թվին, ապա գուցե պարզվի, որ անցնող երկու-երեք օրն արդեն իսկ բավարար էր վնասի չափի վերաբերյալ հաշվարկ ունենալու եւ արդեն իսկ առաջարկ ներկայացնելու համար:

Ի՞նչ են արել այդ երեք կառույցները երկու օր: Մարզպետը գիտենք՝ «համարյա լացում էր»: Իսկ համարյա ի՞նչ են արել գյուղնախարարն ու տարածքային կառավարման նախարարը:

Ըստ ամենայնի, նրանք համարյա սպասել են վարչապետի հանձնարարականին: Գուցե համարյա ֆայմած կլինեին չսպասել դրան, բայց համարյա առաջանում է վարչապետի վարկանիշի նվազման էական ռիսկ, հետեւաբար պետք է որպեսզի չինովնիկները ծառայեն վարչապետի վարկանիշին: Իսկ դրա համար պետք է, որպեսզի վարչապետը նրանց հանձնարարական տա զբաղվել գյուղացու խնդիրներով: Իսկ նրանք չպետք է ասեն, թե արդեն զբաղվել են: Պետք է ստեղծվի տպավորություն, որ, եթե չլիներ վարչապետը, գյուղացու խնդրով զբաղվող չկար:

Ամենաընթերցվածը