Ազնավուրը դիպավ Հայաստանի բաց նյարդին

    • Հասարակություն - 12 Հունիսի 2017, 19:08
Շառլ Ազնավուրը Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին հյուրընկալվելիս ասել է, թե կուզեր, որ Քեզ համար Հայաստան երգը լիներ Հայաստանի օրհներգ: Ազնավուրն ասել է նաեւ, թե դա կարող է պատահել: Նա նշել է, որ գաղափարն օրինակ հայտնել է Սերժ Սարգսյանին, որն այն արժանացրել է հավանության:

Քեզ համար Հայաստան երգը Շառլ Ազնավուրն ու Ժորժ Կառվարենցը ստեղծեցին 1988-ի երկրաշարժից հետո: Երգը կատարեցին Ֆրանսիայի էստրադայի աստղերը, հռչակավոր անուններ: Դա նրանց օգնությունն էր Հայաստանին:

Հայաստանի ներկայիս օրհներգը Միքայել Նալբանդյանի բանաստեղծությունն է՝ Իտալացի աղջկա երգը, որը եղել է Առաջին հանրապետության օրհներգը՝ Բարսեղ Կանաչյանի մշակմամբ: 1991 թվականին Հայաստանի անկախության վերականգնումից հետո պետական խորհրդանիշներ ընտրվեցին Առաջին հանրապետության օրհներգը, զինանշանը, դրոշը:

Որքանով էր այդ ամենը մեխանիկա, որքանով էր գիտակցված որոշում, բավական բարդ է ասել: Աներկբա է, որ ժամանակի որոշումները ուղեկցվում էին էմոցիոնալության զգալի չափաբաժնով: Հետագայում եղան բազմաթիվ պահեր, երբ քննարկվում էին օրհներգը եւ զինանշանը փոխելու հարցեր: Դրոշի առումով լուրջ վերանայման քննարկումներ կարծես թե չեն եղել:

Զինանշանի եւ օրհներգի շուրջ քննարկումներում խոսվել է նույնիսկ Խորհրդային Հայաստանի այդ խորհրդանիշներն այսպես ասած անկախ Հայաստանի տակ վերամոդելավորելու եւ կիրառելու մասին, հատկապես երբ Ռուսաստանն էլ վերադարձրեց ԽՍՀՄ օրհներգը՝ բառերի որոշակի փոփոխությամբ:

Եղել են նաեւ առաջարկներ Չարենցի Ես իմ անուշ Հայաստանի ստեղծագործության մասով:

Տարբեր այլ առաջարկներ են եղել:

Պետական խորհրդանիշների ընտրությունն իհարկե բավական լուրջ հարց է: Դրանք հնարավոր չէ փոխել ձեռնոցի նման: Մյուս կողմից, դրանք նաեւ չեն կարող լինել քարացած ու անձեռնմխելի, որովհետեւ ժամանակի ընթացքում կարող են լինել իրավիճակի սկզբունքային փոփոխություններ, նոր հայացք, նոր խնդիրներ, նոր հեռանկարներ, էմոցիաները կարող են զիջել տեղը պետական կյանքի խնդիրների սթափեցնող ազդեցությանը, ինչից էլ կարող է առաջանալ պետական խորհրդանիշների փոփոխության անհրաժեշտություն:

Այստեղ իհարկե թե հանրային լայն կարծիքն է կարեւոր, թե մասնագիտական նեղ կարծիքը: Ընդ որում, գործնականում անհնար է, որ պետական օրհներգի հարցում լինի համաժողովրդական փոխհամաձայնություն, գտնվեն այդ համաձայնությունն արտահայտող երաժշտություն եւ բառեր:  Նույնիսկ մասնագիտական կոնսենսուսը անհնար է:

Ավելին, հնարավոր է նույնիսկ, որ հանրային լայն մեծամասնության կարծիքն ու մասնագիտական շրջանակների գերակշռող կարծիքը լինեն տարբեր:

Դա Հայաստանի թիվ մեկ խնդիրը չէ, անկասկած: Գուցե թիվ 1000 խնդիրն էլ չէ, մեծ հավանականությամբ: Մյուս կողմից, քննարկումները թերեւս երբեք ավելորդ չեն: Շառլ Ազնավուրը կամա թե ակամա տվել է նոր քննարկումների առիթ:

Ծավալվե՞լ, թե ոչ: Կամ, ծավալվել ավանդական ֆեյսբուքյան տրամաբանության մեջ՝ «շունը տիրոջը չի ճանաչում» տարբերակո՞վ, թե անհրաժեշտ է իսկապես լուրջ մակարդակի քննարկում:

Իհարկե Հայաստանն ունի սոցիալ-տնտեսական, քաղաքական, իրավական, անվտանգային բազմաթիվ խնդիրներ, որոնց պատճառը ամենեւին այն չէ, որ Հայաստանի օրհներգը այն չէ: Եվ եթե օրհներգը փոխվի անգամ համազգային կոնսենսուսով, մեղմ ասած քիչ հավանական է, որ դա էական ազդեցություն ունենա խնդիրների լուծման, պետական կառավարման որակների վրա:

Իսկ օրհներգի հնարավոր փոփոխության շուրջ քննարկումներն էլ անկասկած կգնահատվեն հանրությանն ավելի կարեւոր խնդիրներից շեղելու փորձեր:

Իրականում անվիճելի է թերեւս մի բան, որ Հայաստանը 25-ամյա անկախությունից, գործնականում մեկ սերունդ անկախությունից հետո կանգնած է բոլոր առումներով անցումային, վերաիմաստավորման մի փուլում: Թվում է, թե առաջին  25 տարիներն էին անցումային փուլ, իրականում սակայն պարզ դարձավ, որ առաջին 25 տարիները եղել են ընդամենը «լատենտ սովետականության» մի փուլ, որտեղ ֆիզիկական անկախ պետականության գոյությանը ուղեկցել է մտածողության եւ արժեհամակարգային սովետական մտածողության եւ էմոցիոնալ ռազմա-հայրենասիրականության մի խառնածին մտածողություն: 25 տարի անց դա բերել է տոտալ ճգնաժամի, ակնհայտ դարձնելով, որ իրականում Հայաստանը պետք է կատարի անցում դեպի անկախություն, դեպի նոր մտածողություն, անցում դեպի բաց աշխարհ, հայրենիքից անցում դեպի պետություն, պետականություն:

Այդ իմաստով, Շառլ Ազնավուրն իրականում օրհներգի խնդիր չէ, որ շոշափել է, այլ ձեռքը դրել է Հայաստանի բաց նյարդին, կյանքի գրեթե մեկդարյա բարձրությունից տեսնելով այն:

Ամենաընթերցվածը