«Գյուղը եթե դպրոց չունի, ծնողը չի կարող էնտեղ մնալ». Դպրոցների օպտիմալացման վտանգը

    • Հասարակություն - 16 Մայիսի 2017, 21:28
Վերջին ամիսներին Կրթության և գիտության նախարարությունը դպրոցներում իրականացրել է ծանրաբեռնվածության ուսումնասիրություն և կառավարության աշխատակազմին ներկայացվել օպտիմալացման ծրագիր: Արդեն իսկ հստակեցվել է 20 դպրոցի օպտիմալացման ծրագիր:

Օպտիմալացման անհրաժեշտությունը կառավարության կողմից հիմնավորվում է դպրոցների թերբեռնմամբ և ծախսերի կրճատման անհրաժեշտությամբ:

Հայաստանում կա 1385 դպրոց, որտեղ դասավանդող ուսուցիչների թիվը 36 հազար 807 է, իսկ աշակերտներինը՝ 357 հազար 52: Այնինչ, 25 տարի առաջ Հայաստանի դպրոցների աշակերտների թիվը կազմել է 610 հազար: Կառավարությունը գտնում է, որ այս համատեքստում դպրոցներում կա համահարթեցման, բեռնվածությունը բաշխելու և չօգտագործվող տարածքներն օպտիմալ կառավարելու խնդիր:

Մասնագիտական շրջանակներում կառավարության այս նախաձեռնությունը դժգոհությունների ու մտահոգությունների տեղիք է տվել: Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ կառավարությունը ոչ թե պետք է դպրոցները օպտիմալացնի, այլ աշակերտների թվի նվազման պատճառները վերացնի: Ըստ նրա՝ սարսափելի չափերի հասնող արտագաղթի հետևանքով մեր դպրոցները դատարկվում են:

«Հատկապես առավել անպաշտպան է գյուղերի հասարակությունը: Մարդիկ կամ լավագույն դեպքում տեղափոխվում են Երևան, կամ էլ վատագույն դեպքում լքում են երկիրը: Մայրաքաղաք Երևանում վերջին տարիներին աշակերտների թվի պակաս չի նկատվել, իսկ մարզերում բնակավայրերը դատարկվում են», ասաց Բախշյանը:

Նրա խոսքով՝ դպրոցների օպտիմալացման հետևանքը կարող է շատ ավելի վատ լինել, քան 2003-2004 թվականներին, երբ մոտ 60 դպրոց օպտիմալացվեց: Դրա հետևանքով, ըստ Բախշյանի, այդ գյուղերն այսօր շատ ավելի վատ վիճակում են հայտնվել: Ըստ նրա՝ այստեղ լուծումը բոլորովին այլ պետք է լիներ, մարզերում պետք է աշխատատեղեր ստեղծվեին, պետք է զարգանար փոքր ու միջին բիզնեսը, որպեսզի մարդիկ չարտագաղթերին, որպեսզի այսօր դպրոցները թերբեռնված չլինեին:

«Գյուղը եթե դպրոց չունի, ծնողը չի կարող էնտեղ մնալ: Եվ ելնելով նաև սոցիալական ահավոր վիճակից՝ ծնողը վերցնում է ընտանիքն ու տեղափոխվում Երևան կամ արտերկիր: Եվ ստացվում է, որ օպտիմալացնում են իբր արդյունավետ կառավարում իրականացնելու, ծախսերը կրճատելու համար, բայց իրականում դրանով գյուղերն ուղղակի զրկում են դպրոցներից», նշեց նա:

Բաշխյանի խոսքով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը բիզնեսի տեսանկյունից է  նայում այս խնդիրներին: «Իսկ բիզնեսմենը երբեք գումար չի դնում այնտեղ, որտեղ անարդյունավետ է ծախսը: Հիմա, այո, եթե դպրոցում ընդամենը մի քանի աշակերտ են, դրա համար կազմ ու շենք պահելն արդյունավետ չէ: Ինքն այդ ուղղությամբ է միայն մտածում՝ արդյունավետ չէ այս ծախսը, եկեք փակենք այս դպրոցը: Բայց որպես պետության վարչապետ, ով պետք է նաև հոգա այդ մարդուն գյուղում պահելու խնդիրը, լուծի այդ հարցը, այսօր դրանով չեն զբաղվում: Այսօր հեշտ է դպրոցը փակել, կրճատել, մարդկանց տնից ու տեղից զրկել, և դրա հետևանքով շատ տխուր իրավիճակ ունենք»,- հավելեց Բախշյանը:

Նրա խոսքով՝ թեկուզ քիչ աշակերտով, բայց դպրոցը պետք է գործի, պետք է մտածել, թե ինչպես ավելացնել աշակերտների թիվը: Իսկ այս ճանապարհով, ըստ նրա, գյուղացու ձեռքերն ազատում են, և մարդը նորից կշարունակի արտագաղթել:

Ամենաընթերցվածը