Կայսրության նահանջն ու հակագրոհը. Մեծ պտույտ եւ վերադարձ դեպի բռնապետություն

    • Հասարակություն - 13 Մայիսի 2017, 19:32
Ազատագրում  բռնապետությունից. Կայսրության նահանջը

Խորհրդային Հայաստանի տարբեր հարթակներում 1980-ականների երկրորդ կեսին  հնչում էին ձայներ, որոնք կոչնակ էին ժողովրդավարության ու ազատագրման։ Պետականության երկարատեւ բացակայությունից, կարճատեւ պետականությունից, այնուհետեւ տասնամյակներ ԽՍՀՄ կազմում լինելուց հետո որոշակիորեն հասունացել էր ազգային ինքնության եւ պետականության կերտման պահանջը։ Ազատագրման ճանապարհը հիմնականում դիտարկվում էր որպես ազատագրում բռնապետությունից, քանի որ ամբողջատիրական կառավարման համակարգն այնքան էր սեղմել ինքնուրույն միավոր լինելու հնարավորությունը, որ հակասություններ էին առաջացել կենտրոնի եւ ծայրամասերի՝ ազգային հանրապետությունների միջեւ։

Ու թեեւ Խորհրդային Միությունը՝ որպես նախագիծ, կրում էր հավասար հանրապետությունների միության գաղափարը, սակայն առավելապես ստալինյան բռնատիրության տարիներին այդ սկզբունքներն իսպառ վերացան, իսկ ինքնուրույնության դրսեւորման ցանկացած փորձ դաժանորեն ճնշվում ու պատժվում էր։ Եվ որքան կոշտ է բռնապետությունը, այնքան ուժեղ է դիմադրությունը, կոշտ բռնատիրությունը ծնում է այլախոհություն, որը հենց դիմադրությունն է այդ համակարգին։ Ստալինյան բռնատիրության տարիներին այլախոհները տարրալուծված էին բռնադատվածների հոծ բազմության մեջ։

Տոտալիտար կառավարման համակարգում մեղմացումներ նկատվեցին 1950-ականներին՝ խրուշչովյան «ձնհալի» քաղաքականության հետեւանքով։ Եվ հենց այդ տարիներին՝ 1955թվականին, նախկին Լենինականում (այժմ՝ Գյումրի) փորձ է արվել ձեւավորել այլախոհական առաջին խմբակը: Այլախոհները տպագրել ու տարածել են թռուցիկներ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հայ ժողովուրդ, արդեն ժամանակն է պատռելու դեմոկրատիայի քողի տակ թաքնված սուտն ու կեղծիքը, որը ստիպված ենք եղել երկար ժամանակ լուռ կերպով տանել եւ մեզ խաբել: Այժմ հասել է այն ժամը, որ մենք պետք է թոթափենք կոմունիստական բռնապետության ստրկացնող լուծը, որը մեր՝ հայերիս ուսերին այսքան ծանր է դրված: Ժամանակն է արդեն, որպեսզի գիտակցենք անկախ ու ինքնուրույն հայկական միասնական պետություն ստեղծելու մասին: Իմ սիրելի ազգ, իմ սիրելի ժողովուրդ, ոտքի կանգնիր, պատրաստ մնա պաշտպանելու քո միասնության շահերը: Քո հարցը քննարկվում է ամենուրեք, նույնիսկ ՄԱԿ-ում, եւ յուրաքանչյուր հայրենասեր հայ մտահոգված է քո երջանիկ բախտով, քո ապագայով: Թող կորչի այս ստոր ու կեղծ կոմունիստական բռնակալությունը, որը խոչընդոտ է հանդիսանում մեր հայ ազգի վերամիավորմանը: Կեցցե՛ ապագա հայկական ազատ ու ինքնուրույն պետությունը»։

Այս խմբակը շատ արագ բացահայտվեց, եւ բոլոր 4 անդամները 1958թ. դատապարտվեցին ազատազրկման։ Նմանատիպ ձերբակալությունները վկայում են, որ  խրուշչովյան «ձնհալի»  քայլերը եւս կիսատ ու ոչ լիարժեք էին, բայց միեւնույն ժամանակ հիմք հանդիսացան 1965 թվականի ազգային ինքնագիտակցության պոռթկման, երբ առաջին անգամ ապրիլի 24-ին բարձրաձայնվեց Հայոց ցեղասպանության մասին, իսկ 1966թ. ապրիլի 24-ին հիմնադրվեց Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ): ԱՄԿ-ի երեք հիմնադիրներն էին Հայկազ Խաչատրյանը (մահացել է 1989-ին), Ստեփան Զատիկյանը (գնդակահարվել է Մոսկվայում 1979-ին) եւ Շահեն Հարությունյանը (մեր ժամանակների քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հայրը)։ Եվ ինչպես իր՝ «Այլախոհության պատմությունը ԽՍՀՄ»-ում գրքում նշում է հայտնի իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեեւան. «ԽՍՀՄ տարածքում Հայաստանը միակ հանրապետությունն էր, որտեղ գործում էր կազմակերպված ընդդիմադիր կուսակցություն, որն իր առջեւ ԽՍՀՄ-ից դուրս գալու նպատակ էր դրել»։

Զուգահեռաբար արդեն ձեւավորվում էր Ղարաբաղի հարցի վերաբերյալ ազգային ազատագրական պայքարի տեսլականը։ Ու չնայած համակարգի կողմից գործադրվող հալածանքներին եւ ճնշումներին, հենց  1960-ականների սերունդն էր 1980-ականների վերջին սկիզբ առած ազատագրական պայքարի շարժիչ ուժը։ 1960-ականների կեսերից մինչեւ 1980-ականները այլախոհների հանդեպ ճնշումները սաստկացան։ Այդ տարիները հայտնի են որպես բրեժնեւյան կամ լճացման շրջան, որի ընթացքում ամբողջատիրական համակարգը գործադրում էր բռնաճնշումների հնարավոր ձեւերը, սակայն կայսրությունն արդեն ճեղքեր էր տվել, եւ հայաստանյան հասարակական տիրույթում արդեն ձեւավորվել էին ոչ ֆորմալ խմբեր, որոնք հասունացրին անկախ պետականության հիմնադրման, ժողովրդավարության ու իշխանությունների տարաջատման, բազմակուսակցականության ու ազգային ինստիտուտների ստեղծման գաղափարները։ Հայաստանում այլախոհ գործիչների պայքարն ավելի շատ ազգային բնույթ ուներ: Հայ այլախոհների գերակշիռ մեծամասնությունն առաջնահերթ խնդիր էր համարում միակուսակցական ռեժիմի դեմ պայքարը, ազգային կերպարի եւ հայոց լեզվի անաղարտության պահպանումը, ինչպես նաեւ ԽՍՀՄ կազմից Հայաստանի դուրս գալն ու անկախ պետականության հռչակումը: Պատմական գիտությունների դոկտոր Արմենակ Մանուկյանն այս առթիվ գրում է. «Հայ ժողովուրդն իր գիտակցության մեջ կրում էր հայկական պատմական տարածքների կորստյան չմարող գաղափարը, եւ հենց այդ հողի վրա դրսեւորվեցին հանրապետությունում սկիզբ առած այլախոհական կազմակերպությունները, որոնք, բնականաբար, առաջ էին քաշում նաեւ անկախության եւ ազատության կարգախոսներ» ։

Այդ ընթացքում տեղի էին ունենում բազմաթիվ ձերբակալություններ ու քաղաքական հետապնդումներ, ինչն ավելի մեծ ճեղքեր էր բացում համակարգի փլուզման համար։ Ըստ խորհրդային տարիների քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանի հավաքագրած տվյալների, 1953-1988 թվականների ընթացքում խորհրդային Հայաստանում քաղաքական հետապնդման է ենթարկվել 168 մարդ։ Այնուամենայնիվ, ստեղծված ճեղքերը վերանորոգելու փորձ կարելի է դիտարկել պատմությանը հայտնի գորբաչովյան վերակառուցման քաղաքականությունը։

1980-ական թվականների կեսերին Խորհրդային Միությունը թեւակոխեց պատմական մի նոր ժամանակաշրջան։ Այն դարձավ շրջադարձային ոչ միայն երկրի, այլեւ աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Եվ որքան էլ վերակառուցման գործընթացը միտված էր որոշակի ազատականացմանը, սակայն այն վերաբերում էր կառավարող վերնախավին, իսկ հանրային մասնակցությունն այդ գործընթացում գրեթե բացակայում էր։ Ու քանի որ 1960-ական թվականից խմորվող գաղափարներն արդեն հասունացել էին, երկրում սկսված փոփոխությունները նպաստեցին զանգվածների ալեկոծմանը։ Սկսվեց բռնապետությունից ազատագրման վերջին փուլը, որն այնուհետեւ պատմության մեջ կամրագրվի որպես Ղարաբաղյան շարժում։ Սակայն մինչեւ Ղարաբաղյան շարժման ծավալվելը, Երեւանում տեղի ունեցան բնապահպանական ուղղվածության մի քանի ցույցեր ու հանրահավաքներ: Ըստ էության, մարդիկ առաջին անգամ համակարգի դեմ դուրս եկան` գնալով հենց այդ ցույցերին։ Եվ ինչպես նշում է բնապահպանական շարժման ակունքներում կանգնած՝ «Հայաստանի Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը. «…խորհրդային տարիներին «էկոլոգիա» բառն ընդունելի չէր, «այլախոհական» բառ էր»: Էկոլոգիական ցույցերից առաջինը տեղի ունեցավ 1987 թվականի սեպտեմբերի 1-ին՝ «Նաիրիտ» գործարանի առջեւ։ Պահանջը «Նաիրիտ»-ի փակումն էր։ Այնուհետեւ տեղի ունեցավ ստորագրահավաք եւ «Երեւանին՝ մաքուր օդ» քայլերթը։

Շատ հետաքրքիր ու պատմականորեն խորհրդանշական է, որ ուղիղ 20 տարի անց անկախ Հայաստանի դեմոկրատական նոր ալիքի եւ նոր քաղաքացիական գիտակցության ու ոչ ֆորմալ խմբերի ձեւավորման սկիզբը 2007 թվականին դարձյալ էկոլոգիական խնդիրներն էին՝ «Թեղուտի անտառի պաշտպանության» շարժմամբ։ Սակայն վերադառնանք 1987-88 թվականներ եւ դիտարկենք Ղարաբաղյան շարժման զարգացման կարեւորագույն գծերը։

Ազատագրական շարժումն ու երկու ազգային պետությունների հռչակումը

Ընդհանրապես, Ղարաբաղյան շարժումն ի սկզբանե ուներ երկու ուղղագիծ: Մեկը դեմոկրատական շարժումն էր, որի հիմնական խնդիրը ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների վրա հիմնված պետականության ստեղծումն էր, մյուսը՝  էթնիկ-ազգայնական ուղղությունը, որն իր առջեւ դնում էր Հայ դատի, հողերի վերադարձի, ազգային միասնության ու վերամիավորման հարցերը։

Ղարաբաղյան շարժման սկիզբն ընդունված է համարել 1988 թվականը, եւ ինչպես նշում է «Ղարաբաղ» կոմիտեի գաղտնի կազմի անդամ Դավիթ Շահնազարյանը. «Ղարաբաղյան շարժումը ծնվեց որպես ազգային շարժում, որի նպատակները միանգամայն հստակ էին, սակայն շատ արագ՝ 1988 թվականի մայիսից, զուտ ազգային շարժումից այն սկսեց վերածվել ազգային-ժողովրդավարական շարժման: Ի՞նչ տեղի ունեցավ 1988 թվականի մայիսին: Շարժման առաջնորդների միջեւ քաղաքական, գաղափարական տարաձայնություններ ի հայտ եկան:

Ոմանք գտնում էին, որ կա միայն Ղարաբաղի հարցը, եւ որեւէ այլ խնդիրներ պետք չէ առաջ քաշել: Մյուս մոտեցումն այն էր, որ այնքան խնդիրներ գոյություն ունեն, որ անհնար է Ղարաբաղի խնդիրն առաջ տանել եւ հաջողության հասնել առանց դրանք բարձրաձայնելու: Այդ մոտեցումը հաղթեց, եւ պատմությունը ցույց տվեց, որ դա էր ճիշտ ուղին: Առաջ եկան ներքին ու արտաքին քաղաքականության, արժեքային համակարգի, Հայաստանի ապագայի հետ կապված հարցերը եւ, ի վերջո, սեպտեմբերից ուղղակիորեն դրվեց նաեւ Հայաստանի ինքնիշխանության հարցը»։

Այդ երկու մոտեցումները համակցված էին գործում, երբեմն բախվում էին, սակայն հիմնականում ազգայնականությունն առկա էր երկու կողմերում էլ, եւ դա  ամենեւին պատահական չէր, քանի որ ղարաբաղյան շարժումն առաջնորդում էր 1960-ականների սերունդը, որի համար ազգային խնդիրների բարձրաձայնումը ինքնության ու գիտակցության զարթոնքի կարեւորագուն մասն էր։

Ազգայնական պատկերացումներն ավելի վառ արտահայտվեցին պատերազմական իրավիճակի ազդեցության պայմաններում։ Պատերազմն ինքնին նպաստեց ազգայնականության ամրապնմանը եւ ժողովրդավարական պատկերացումների կրողներն անպայմանորեն պետք է հաշվի առնեին այդ հանգամանքը։ Սակայն, ինչպես նշում է պատմաբան Աշոտ Սարգսյանն իր՝ «Հայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը» աշխատության մեջ, «Խորհրդային կայսրությունը ու նրա շուրջ ստեղծված «սոցիալիստական ճամբարը»  փլուզվեց ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարների հարվածների տակ։ «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարած Հայկական ժողովրդավարական շարժումը՝ վերածված իրական ազգային-ազատագրական պայքարի, պատմական այդ առաքելության առաջամարտիկն էր: Ի սկզբանե առաջինը եւ մոտ կես տարի միակը լինելով՝ Հայկական ժողովրդավարական շարժումը հսկայական ազդեցություն եւ ներգործություն ունեցավ ԽՍՀՄ-ում եւ Արեւելյան Եվրոպայում նմանատիպ շարժումների առաջացման ու ընթացքի վրա՝ հետագայում էլ այդ շարժումների մեջ մնալով բռնապետության դեմ պայքարի առաջատարն ու յուրատեսակ օրենսդիրը, ինչն անվերապահորեն ընդունվում էր ինչպես միջազգային քաղաքական վերլուծական մտքի, այնպես էլ՝ նույն այդ շարժումների կողմից։ Ավելին՝ այդ բանն արձանագրվում էր պետական պաշտոնական փաստաթղթերում»։

Անդրադառնալով նաեւ երկու ազգային պետությունների հռչակման հավակնոտ ծրագրին, հստակորեն կարելի է եզրակացնել, որ այն բնույթով ամենեւին ազգայնական պատկերացումների տիրույթում չէր, քանի որ չէր գտնվում վերամիավորման, «Ղարաբաղը մերն է», «հետ տվեք մեր հողերը» պատկերացումների ծիրում։ Փաստորեն տարածաշրջանում հռչակվեց երկու ազգային պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրով (1990 թվական, օգոստոսի 23), եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը՝ Ղարաբաղի անկախության մասին hռչակագրով (1992 թվական, հունվարի 6)։ Ինքնորոշման գաղափարը, որն այս դեպքում դրված է Ղարաբաղի ժողովրդի պայքարի հիմքում, ունի  ազատագրական իմաստ՝ ազատագրում բռնապետությունից, «այս տարածքում բնակվող մարդկանց խումբն ինքնորոշվում է, չի ուզում ապրել այն կանոններով, որոնք պարտադրված են, ոչ ընտրված»։ Ի՞նչ ընտրեց Ղարաբաղի հանրությունը. ընտրեց անկախություն, սեփական ճակատագիրը տնօրինելու ցանկություն, այլ ոչ էթնիկ վերամիավորում այն երկրին, որն աջակցել էր, երբ ֆիզիկական ոչնչացման վտանգ կար։ Ընտրեց այդ ճանապարհը, որը ենթադրում էր ունենալ  Սահմանադրություն, անկախ կառավարման համակարգ, իշխանական թեւեր, որոնք ձեւավորվում են  ժողովրդավարական ճանապարհով՝ ընտրությունների միջոցով։

Այդ ընթացքը տեղի ունեցավ 1992–97 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում։ Փորձ արվեց ձեւավորել հայկական երկրորդ պետությունը տարածաշրջանում՝ մի պետություն, որը հայտ ներկայացրեց ինքնուրույն արտաքին քաղաքականության, ջանաց ձեւակերպել իր մոտեցումներն ու սկզբունքները, տեր կանգնել իր ընտրած, այլ ոչ պարտադրված լուծումներին։ 1997 թվականին այդ ընթացքը կանգ առավ, երբ ազատագրման ձգտող երկրի՝ ԼՂՀ նախագահը դարձավ, թեեւ էթնիկ իմաստով ընդհանուր, սակայն իրավաբանորեն այլ երկրի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, ապա 1998 թվականին՝ ՀՀ Սահմանադրության կոպտագույն խախտմամբ՝ նաեւ նախագահ։ 

Դրա հետեւանքներն առավել քան բացասական էին։ Նախ՝ ԼՂՀ-ն զրկվեց ինքնուրույն քաղաքականություն վարելու իրավունքից՝ այն կամովին հանձնելով մեկ այլ երկրի, ապա նաեւ նետվեց ազգային շահի դաշտ, որը ենթադրում էր բախում այլ շահերի հետ։ Այստեղ ավարտվեց երկու առանձին պետականությունների ինքնիշխան զարգացման հեռանկարը։ Ու թեեւ այժմ միջազգային իրավունքի տեսանկյունից դիտարկվում են երկու առանձին պետություններ, մեկը՝ ճանաչված Հայաստանի Հանրապետությունը, իսկ մյուսը՝ միջազգային ճանաչում չստացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Սակայն 1998 թվականին խաթարվեց Ղարաբաղյան հարցի 1992-ին ձեւակերպված ու ապրելու իրավունք նվաճող բնականոն ընթացքն՝ իր ինքնահռչակ, ազատական իմաստով, ու սկիզբ դրվեց մեկ այլ հարցի, տարածքայինի վեճի, որտեղ մի կողմից լուծվում է էթնիկ վերամիավորման խնդիր, մյուս կողմից՝ երկու պետություններ հակամարտում են մի կտոր հողի համար։

Այսպիսով՝ ազատագրման գործընթացը ստվերվեց «Ղարաբաղը մերն է» պատմական ու էթնիկ-ազգայնականության պատկերացումների տիրույթում։ Թուլացավ նաեւ ԼՂՀ-ի՝ անկախ բանակցային գործոն լինելու եւ լուծումներ առաջարկելու հնարավորությունը՝ այդ ինքնահռչակ միավորը չափազանց մեծ կախման մեջ դնելով Հայաստանից։ Միաժամանակ մեծապես ազդեց հայաստանյան քաղաքական համակարգի զարգացման վրա։ Ժողովրդավարության ու մարդու իրավունքների հռչակած սկզբունքները մնացին ազգային միասնության ստվերում, նաեւ՝ հայ-ադրբեջանական պատերազմի հենց սկզբից  Հայաստանում հիմնվեց ռազմական օլիգարխիան, որը մինչ այժմ կառավարում է երկրի պաշարամիջոցները եւ ակտիվ քաղաքական դերակատարն է։ Պատերազմը դարձավ էլիտաների հարստացման եւ չարաշահումների «արդարացում»՝ երկու ազգային պետություններն էլ գցելով հանցավորության ցանցի ծուղակը։

Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքների հռչակումը

Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվեց 1990 թվականի օգոստոսի 23-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից։ Ելակետը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի եւ միջազգային իրավունքի սկզբունքներն էին։ Այն ազդարարում էր անկախ պետակա­նության հաստատման գործընթացի սկիզբը՝

առաջին հերթին հանդես գալով որպես «Հայաստանի ժողովրդի միասնական կամքի» արտահայ­տություն։ Միաժամանակ անկախ ու ինքնիշ­խան պետա­կանության հիմ­քում դնելով միջազգային իրա­վունքի նորմերն ու սկզբունք­ները, խնդիր ունենալով «ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը»՝ հռչակեց, որ «Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրա­պետու­թյան ժողո­վուրդն է, որն իր իշխանությունն իրակացնում է անմիջականորեն ու ներ­կայացուցչական մարմինների միջոցով՝ ՀՀ Սահ­մանադրության եւ օրենքների հիման վրա»։ Նման ձեւակերպումն անկյու­նաքարային նշանակություն  ուներ պե­տականաշինության գործընթացում, հատկապես իրավական պետության կայացման եւ այդ նպատակով անհրաժեշտ իրավական ու կառուցակարգային երաշխիքներ ստեղծելու համար։

Սահմանադրաիրավական առումով բացառիկ նշանակություն ձեռք բերեցին քաղաքացիության կարգավիճակի, անխտրականության սկզբունքի, խոսքի, մա­մուլի, խղճի ազատության, քաղաքական ազատությունների, երկրի ինքնիշ­խանության, միջազգային իրա­վա­սուբ­յեկտության, տնտեսական, սոցիա­լական, մշակութային հարաբերու­թյուն­ների իրավա­կան հիմունք­ների, բազ­մա­կուսակցականության, ազատական տնտեսական հարաբերու­թյունների արմատավորման եւ մի շարք այլ հիմնարար արժեքների վերա­բերյալ հռչա­կագրային մոտեցումները։

Բովանդակային առումով Անկախության հռչակագիրը հայ սահմա­նադրական մշա­կույթի պատմության մեջ որակապես նոր էջ բացեց։ Այն հիմնարար, հետեւողականորեն համակարգված, պատմատրամաբա­նա­կան խոր ընդհանրացում­ներ բովանդակող, ազգային ինքնության առաջ­նահեր­թությունները հաշվի առնող, միջազգային սահմա­նադրաի­րա­վական զար­գացումների ընդհանուր տրամաբանությունից ելնող նորմերի ու սկզբունք­ների համակարգային ամբողջականություն է։

Դրանք սահմանադրական նոր զարգացումների համար սկզբուն­քային կողմնորոշիչներ էին։ Հռչակագրով պարտա­վորվելով Հա­յաստանի Հանրապետությունում ապահովել «օրենսդիր, գոր­ծադիր եւ դատական իշխա­նու­թյունների տարանջատում»՝ հիմք դրվեց որա­կապես նոր իրավական համակարգի, որը պետք է դառնար հռչակագրային նպա­տակների իրականացման երաշխիքը, ինչպես նաեւ Սահմանադրության ու սահմանադրական պետության կերտման առանցքը։ Սակայն ՀՀ Սահմանադրության եւ՛ ընդունման, եւ՛ երկու փոփոխությունների գործընթացները տեղի ունեցան ոչ թե հանրային համաձայնության ու մասնակցության, այլ էլիտաների փոխպայմանավորվածության ու իշխող վարչախմբի քաղաքական վերարտադրությունն ապահովելու նպատակով։

27 տարի անց արդյո՞ք սա այն Հայաստանն է, որը հռչակել էինք

Փաստացի՝ ազատագրական շարժման երկու վեկտորները, հատուկ ժողովրդավարական պետության ստեղծման եւ ազգային միասնության ու ազգային շահի տիրույթում գտնվող խնդիրները արտացոլվեցին Հայաստանի անկախության հռչակագրում։ Սակայն ելակետային դրույթն այն էր, որ Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրա­պետու­թյան ժողո­վուրդն է, ինչն ավելի ուշ արտացոլվեց ՀՀ Սահմանադրության մեջ։  Իսկ ժողովրդավարական անցման առանցքային տարրը ընտրություններն են։ Դիտարկենք, թե քանի ընտրություն է նշանակվել եւ կայացել Հայաստանի Հանրապետությունում անցած 25 տարվա ընթացքում եւ ինչպիսին են եղել դրանք։

Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունն անց է կացրել 6 նախագահական, 5 խորհրդարանական ընտրություն, 4 հանրաքվե, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման եւ լրացուցիչ բազմաթիվ ընտրություններ: Տեսականորեն այդ բոլոր ընտրություններն ու հանրաքվեները ընձեռում էին եթե ոչ համակարգային, այլ գոնե մասնակի փոփոխությունների հնարավորություն, սակայն անցած 25 տարվա ընթացքում Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել: Տեղի է ունեցել մեկ պալատական հեղաշրջում՝ 1998 թվականին, երբ գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց ներիշխանական տարաձայնությունների պատճառով եւ նշանակվեցին արտահերթ ընտրություններ։ Այդ գործընթացում ժողովրդի մասնակցությունն ու դերակատարությունը բացակայում էին, ուստի նման փոփոխությունը միասնական կամքի արտահայտություն անվանել հնարավոր չէ։

Բոլոր ընտրությունների ժամանակ՝  չնայած պարբերական հուզումներին ու հանրային բողոքներին, բացառությամբ 1990, 1991 թվականների խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների, երբ ընտրությունների միջոցով վերջ տրվեց Կոմունիստական կուսակցության մենաշնորհին, ընտրական գործընթացները հիմնականում արձանագրում էին այդ պահին իշխող քաղաքական ուժի «հաղթանակը», իսկ գործընթացը  մշտապես ուղեկցվում էր  մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով՝ ընդհուպ կյանքի իրավունքի հանդեպ ոտնձգություններով (2008 թվականի մարտի 1)։

Ընդհանրապես` ընտրական գործընթացները Հայաստանում 1996 թվականից ի վեր չեն լուծել արդար ընտրություններով իշխանություն ձեւավորելու խնդիրը: Հիմնական հարցը եղել է ցանկացած միջոցով վերարտադրության ապահովումը: Արդյունքում ՀՀ-ն գրեթե միշտ ունեցել է կասկածելի լեգիտիմությամբ իշխանություն, որը չի արտահայտել ժողովրդի հիմնական հատվածի կամքը` ստեղծելով երկրում կասկածի մթնոլորտ, իսկ միջազգային ասպարեզում` ինքնուրույն գործելու եւ սեփական երկրի շահերից բխող դիրքորոշումը պնդելու սահմանափակ հնարավորություններ:

Սակայն արդեն հաստատված փաստ է, որ տարիներ շարունակ ոչ ժողովրդավար երկրների էլիտաներն իրենց առջեւ արդար ընտրություններով իշխանության գալու խնդիր չեն դնում, այլ փորձում են իրավական հիմքեր ապահովել կեղծված ընտրությունների` իրենց ձեռնտու արդյունքները ժողովրդին ու միջազգային հանրությանն ընդունելի դարձնելու համար: Իսկ ընտրակեղծիքները խոսում են երկրի բնակչության տնտեսական ծանր վիճակի, քաղաքական անազատության, երկրում մարդու իրավունքների ցուցանիշի, ազատությունները ստորադասող արժեհամակարգի վրա հիմնված քաղաքակրթական ցածր մակարդակի մասին: Շարունակական բռնության ենթարկվող ժողովուրդը, որի առջեւ փակված են օրինական իշխանություն ձեւավորելու հնարավորությունները եւ որը հետեւողական ենթարկվում է ստորացման, ազատագրվելու համար զրկված է ցանկացած իրավական խողովակից: Եվ ամենամտահոգիչն այն փաստն է, որ ընտրակեղծիքով վերարտադրված իշխանությունը գերադասում է ցանկացած գնով պահել այն` վտանգելով երկրի ինքնիշխանությունն ու քամահրելով բնակչության շահերը: Այս պարագայում սեղմվում է հանրային մասնակցության հնարավորությունը քաղաքական գործընթացներին։

Հայաստանի եւ անցումային բնույթի այլ ժողովրդավարությունների քաղաքական եւ ընտրական համակարգերի անկատարությունը նման պետությունների քաղաքական դիսկուրսի կարեւոր թեմա է դարձնում ապստամբության՝ ժողովրդին պատկանող իշխանությունը վերադարձնելու հարցը: Եվ դա հասկանալի է, քանզի հրապարակային քաղաքականության վերածումը փակ էլիտար գործունեության եւ ժողովրդի՝ որպես քաղաքական գործոնի անտեսումը, սոցիալ-տնտեսական բեւեռացումը, մարդու իրավունքների ոտնահարումը, խոսքի ազատության ոչ լիարժեք ապահովված լինելը հասարակությանը ստիպում են փնտրել պետական իշխանության ձեւավորման եւ իրականացման վրա ներազդելու տարբեր եղանակներ։ Իսկ երբ ժողովուրդը չի կարողանում լուծել երկրում իշխանության լեգիտիմության հարցը՝ դա ուղիղ սպառնալիք է ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը։ Մեխանիզմը հետեւյալն է. եթե իշխանությունը չի բխում ժողովրդից, այսինքն՝ չունի ներքին քաղաքական հենարան, իշխողների խումբը հենարաններ է փնտրում դրսում, ինչն էլ  2013 թվականին տեղի ունեցավ, երբ երկրի ոչ լեգիտիմ նախագահը առանց ժողովրդի կամքն ու դիրքորոշումը հաշվի առնելու հռչակեց ԵԱՏՄ անդամակցության գործընթացը՝ այդպիսով ավարտելով 25 տարվա շրջափուլը եւ ազդարարելով վերադարձ դեպի բռնապետություն։

Կայսրության հակագրոհն ու քաղաքական բանտարկյալները

Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ 2013թ. Սերժ Սարգսյանի որոշումից հետո Հայաստանում նկատելի թափ առան հալածանքները իրավապաշտպանների, լրագրողների ու քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ: Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը Հայաստանում վերջին  տարիների ընթացքում ավելի է դժվարանում. իրավապաշտպան կազմակերպությունների եւ անհատ ակտիվիստների գործունեության դաշտն օրեցօր ավելի է սահմանափակվում օրենսդրական փոփոխություններով ու իշխանությունների պատժիչ գործողություններով:

Խաղաղ հավաքների ազատության եւ ազատ արտահայտվելու իրավունքի մեծածավալ խախտումները, ինչպես նաեւ ապաքաղաքական ցույցից տարբերվող բողոքի ցանկացած ակցիաների խիստ ճնշման նպատակով արդարադատության համակարգի կիրառումը վկայում են, որ Հայաստանում իշխանությանը տիրապետող վարչախումբը  ակնհայտորեն պատժիչ դիրքորոշում է որդեգրել այլախոհության ցանկացած դրսեւորման նկատմամբ: Առաջին անգամ քաղաքացիական ոչ ֆոմալ խմբերը սկսեցին խոսել նաեւ արտաքին քաղաքական խնդիրների շուրջ, ձեւավորվեցին «Ինքնիշխան Հայաստան», «Արժանապատիվ Հայրենիք» եւ քաղաքացիական այլ խմբեր, որոնք բազմաթիվ ակցիաներ ու երթեր կազմակերպեցին ընդդեմ Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների եւ Մաքսային միության ու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության։

Բացի բողոքի տարբեր գործողություններից, որոնց մասնակիցները եւս խիստ վերաբերմունքի էին արժանանում, Հայաստանում 2013 թվականից մինչ 2017 թվականը տեղի ունեցավ ապստամբության երկու փորձ, որոնց նախաձեռնողներն այժմ գտնվում են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում։

Այսպես՝ 2013 թվականի նոյեմբերի 5-ին (նոյեմբերի 5-ն ամբողջ աշխարհում եւ, հատկապես, Մեծ Բրիտանիայում նշվում է որպես իշխանությունների դեմ հետհելոուինյան ընդվզման օր) տեղի ունեցավ Շանթ Հարությունյանի եւ ընկերների երթը։ Շանթ Հարությունյանը վաղօրոք հայտարարել էր, որ Հայաստանում հեղափոխություն անելու մտադրություն ունի:

Որպես հեղափոխության ստույգ օր նա նշել էր ՌԴ նախագահ Վ.Պուտինի՝ Հայաստանի Հանրապետություն այցի օրը՝ 2013թ. դեկտեմբերի 2-ը։ 2013թ. նոյեմբերի 5-ին Շանթն իր աջակիցների հետ Երեւանի Մաշտոցի պողոտայով շարժվել է դեպի նախագահական նստավայր, սակայն երթն ավարտվել է սկսվելուց մի քանի րոպե անց՝ Երեւանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում ոստիկանների եւ մի խումբ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումից հետո:

Ընդդիմադիր քաղաքական գործիչ եւ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, նրա 12 գաղափարակից ընկերները ձերբակալվեցին, այնուհետեւ բազմաթիվ խախտումներով անցկացված դատավարության արդյունքում դատապարտվեցին մինչեւ 6 եւ ավելի տարիների ազատազրկման։ Այս ընթացքում հատկանշական է Շանթ Հարությունյանին առանց պատճառաբանության հոգեբուժարան տեղափոխելու եւ հարկադրաբար այնտեղ պահելու փաստը, որը հիշեցնում է ժամանակին Խորհրդային Միությունում գոյություն ունեցած՝ այլախոհների նկատմամբ լայնորեն կիրառվող պատժիչ հոգեբուժության պրակտիկան: Այն Հայաստանում այսօր կիրառվում է մի շարք ակտիվիստների (Վարդգես Գասպար, Արմինե Առաքելյան եւ այլք) ու այլախոհների նկատմամբ։ Միաժամանակ վերագործարկվում է քաղաքական բանտարկյալների հանդեպ քրեական աշխարհի կողմից ոտնձգությունների ու բանտախցերում ճնշումների խորհրդային արատավոր գործելակերպը։

2013 թվականի դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի օրը, ինչպես հայտարարել էր Շանթ Հարությունյանը, տեղի ունեցավ երթ հանուն Հայաստանի ինքնիշխանության եւ ընդդեմ ԵՏՄ անդամակցության։ Ցույցը դաժանորեն ճնշվեց եւ ավելի քան 100 ցուցարար ապօրինաբար բերման ենթարկվեցին ոստիկանության տարբեր բաժանմունքներ։

2015 թվականի դեկտեմբերի 31-ին «Ազատության» հրապարակում տոնածառ տեղադրելու փորձի համար 2 տարվա ազատազրկման դատապարտվեց «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը։ «Հիմնադիր խորհրդարանն» այն փոքրաթիվ ուժերից է, որը ԵՏՄ անդամակցության առաջին իսկ օրից դուրս էր եկել դիմադրության գործողությունների։ 2016 թվականից մինչեւ այժմ կալանքի տակ են այդ կառույցի մի քանի անդամներ ու աջակիցներ: Նրանցից ոմանք 2016 թվականի ամռանը կազմակերպեցին ապստամբության փորձ, որն ուղեկցվեց ՊՊԾ գնդի տարածքի գրավմամբ։ Այդ զինված ելույթը հանրային հարթակում ստացավ «Սասնա Ծռերի» ապստամբություն անունը։ 2016 թվականի հուլիսի 17-ին սկսված եւ գրեթե երկու շաբաթ տեւած «Սասնա Ծռերի» ապստամբության կազմակերպիչները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Ապա սկսվում են հետապնդումներն ու ազատ հավաքների իրավունքի սահմանափակումները։ Բազմաթիվ տեղեկություններ են ստացվում քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կատարած զանգվածային բռնությունների մասին, որոնք առանձնակի դաժանության բնույթ են ստանում քաղաքացիական ակտիվությամբ աչքի ընկնող անձանց հանդեպ:

2016թ. հուլիսի 17-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունների եւ դրսեւորած անգործության հետեւանքով խախտվել են բազմաթիվ քաղաքացիների իրավունքները, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ներպետական օրենսդրությամբ եւ այլ փաստաթղթերով, բերման է ենթարկվել առնվազն 547 քաղաքացի: Հուլիսի 3-ին «Սասնա Ծռերը» վայր դրեցին զենքերն ու որպես ռազմագերի հանձնվեցին՝ համալրելով  քաղաքական բանտարկյալների թիվը։ Այժմ իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Հայաստանում կա առնվազն 20 քաղբանտարկյալ։

«Սասնա Ծռերի» կալանքի ժամկետն անընդհատ երկարացվում է, թեև նրանցից ոմանց առողջական վիճակը բավարար չէ քրեակատարողական հիմնարկում գտնվելու համար։ «Սասնա Ծռերի» հետ  կալանավորված Արթուր Սարգսյանի / «Հաց բերող»/ ապօրինի կալանքն ու հացադուլը նրա մահվան պատճառ դարձավ։ Այդ մահը հանրության կողմից ընկալվեց որպես սպանություն։  

Իշխանություն ձեւավորելու եւ երկրի քաղաքական կյանքի մասնակցությունից օտարված ժողովրդի ապստամբելու իրավունքը

«Սասնա Ծռերի» ապստամությունը հանրային օրակարգ բերեց ապստամբության իրավունքի վերաբերյալ պատկերացումների ձեւակերպման անհրաժեշտություն։ Հայաստանի եւ, ընդհանրապես, անցումնային ժողովրդավարությունների քաղաքական եւ ընտրական համակարգերի անկատարությունը նման պետությունների քաղաքական դիսկուրսի կարեւոր թեմա է դարձնում ապստամբության հարցը: Երբ հրապարակային քաղաքականությունը վերածվում է փակ էլիտար գործունեության, ժողովրդի՝ որպես քաղաքական գործոնի, օտարումը հասարակությանը ստիպում է փնտրել պետական իշխանության ձեւավորման եւ իրականացման վրա ներազդելու այլընտրանքային տարբերակներ, որոնցից մեկն ապստամբությունն է:

Երբ հանրային օրակարգում առկա հարցադրումները դուրս են մնում իշխող էլիտաների ուշադրության կենտրոնից, երբ հանրային բարիքն ու սեփականությունը կուտակվում են մեկ խմբավորման ձեռքում, սոցիալական անարդարության ու անհավասարության արդյունքում երկրում մի կողմից աղքատությունը, մյուս կողմից կոռուպցիան դառնում են ազգային անվտանգության սպառնալիք, ինչը հստակորեն երեւաց 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, ապստամբությունը շատ խմբերի կողմից ընկալվում է որպես փոփոխության միակ միջոց։ Ասպտամբությունը մի երեւույթ է, որտեղ միախառնվում են իրավունքն ու քաղաքականությունը, հետեւաբար՝ ապստամբությանը հակազդող պետական իշխանության ինստիտուտների կողմից ավանդաբար ձեւական իրավունքին ապավինելը բնավ լավագույն լուծումը չէ, քանզի ապստամբության պարագայում իշխող վարչակազմը գործ ունի ոչ թե հասարակության ինչ-որ ծայրահեղական փոքրամասնության, այլ բուն իրավունքն ու սահմանադրական պետական համակարգը ստեղծող եւ իշխանության իրական աղբյուր հանդիսացող ժողովրդի ուժի հետ:

Այսպիսով՝ երբ պետության ղեկն ուզուրպացրած խմբավորումն իրեն դրսեւորում է իբրեւ ագրեսոր, որը ոտնակոխ է անում հանրային շահն ու բարիքը, կոպտորեն խախտում մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքները, պետական իշխանության գործողությունների անօրինականությունը պետք է բաձրաձայնվի: Նմանատիպ խախտման օրինակ են պետական իշխանությանը տիրապետող քաղաքական ուժի կողմից ընտրությունների կեղծումը, ակնհայտ անարդար տնտեսական քաղաքականությունը, պետության ինքնիշխանությունը վտանգող արտաքին քաղաքական որոշումների ընդունումը: Հայասատանի պարագայում այս բոլոր գործոններն առկա են եւ ապստամբության պարարտ հողը՝ նախապատրաստված, ու անկասկած ապստամբությունն այն հայելին է, որն արտացոլում է պետության ողջ կառուցակարգի, պետական կառավարման սահմանադրական համակարգի խաթարվածությունը, հասարակություն-պետություն կապի խզվածությունը։

Վերադարձ դեպի բռնապետություն

Նման իրավիճակում ամբողջովին ուրվագծվում է պետական ինստիտուտներն ուզուրպացրած վերնախավի ձգտումը դեպի արտաքին ուժային հովանավոր-հենարան, ինչի ականատես ենք մենք այժմ՝ ռուսական քաղաքական ու տնտեսական ազդեցության մեծացման ու Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության, դերի նվազեցման, ազգային անվտանգության չապահովման ու արտաքին քաղաքական համարժեք որոշումների չիրականացման համատեքստում։

Փաստորեն՝ 25 տարվա շրջապտույտից հետո Հայաստանը վերադարձավ դեպի բռնապետություն, որի պատճառը իշխանության վարած ներքին ու արտաքին քաղաքականության, սոցիալական անարդար համակարգի, պետականաշինության գործընթացի ձախողումներն են։