Ցնցող պատկեր Հայաստանում, անկախությունն ախտորոշող հարցում

    • Հասարակություն - 13 Մայիսի 2017, 13:07
Ամերիկայի ձայնը ներկայացրել է PEW հեղինակավոր կենտրոնի Եվրասիայում ու Արեւելյան Եվրոպայում անցկացրած հարցման տվյալներ, որոնց համաձայն, այդ տարածաշրջանի երկրներից ԽՍՀՄ-ն ամենաշատը կարոտում է Հայաստանի հանրությունը՝ 79 տոկոս: Այդքանը բացասական երեւույթ է համարում ԽՍՀՄ փլուզումը:

Միեւնույն ժամանակ, հարցումը ունի նաեւ հակառակ պատկեր՝ Հայաստանի հարցված բնակչության երկու երրորդը համարում է, որ պետք է սերտ գործակցել Արեւմուտքի, Միացյալ Նահանգների հետ, իսկ կեսից ավելին էլ հանդես է գալիս ժողովրդավարության օգտին: Ընդ որում, Հայաստանն այդ ցուցանիշով էլ առաջատար է Եվրասիայի ու Արեւելյան Եվրոպայի, հատկապես նախկին ԽՍՀՄ երկրների շարքում:

Այդպիսով, ստացվում է առեղծվածային, բայց բավական հետաքրքիր մի պատկեր, որն անկասկած արժանի է մշակութաբանական մասնագիտական վերլուծության:

Հպանցիկ հայացքով, այդ պատկերը փաստացի կարող է լինել Հայաստանի անկախության քառորդ դարի ախտորոշումը՝ Հայաստանի հանրությունն ունի արդիականության ներքին մեծ պահանջ, ձգտում, բայց լինելով այդ հնարավորությունից զրկված, մնացել է ԽՍՀՄ-ում՝ կարոտախտի մեջ:

Ահա թե որտեղից այն «պոլիտբյուրոն», որի «մեջները նստած լինելը» օրերս հարցնում էր վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղնախարարության չինովնիկներին, հետո քաղաքաշինական կոմիտեի չինովնիկներին էր հարցնում, թե ինչպես է մինչեւ այժմ ոլորտը կարգավորվում ԽՍՀՄ-ից մնացած ավելի քան 500 նորմատիվներով: Այդ պետությունը չկա, բայց դուք առաջնորդվում եք չեղած այդ պետության նորմատիվներով 25 տարի, զարմացած արձանագրում էր վարչապետը քաղաքաշինական կոմիտեում:

ԽՍՀՄ-ը, «սովետը» նստած է բոլորի մեջ, որովհետեւ անկախության 25 տարիների ընթացքում չի գտնվել այն էլիտան, ընդ որում թե իշխանական, թե նաեւ ընդդիմադիր, որը ռազմավարական խնդիր կձեւակերպեր հանրության մտածողությունից «սովետը հանելը», հանրությանը «սովետից» կտրելը: Ահա թե որտեղից այդքան սովետ ու պոլիտբյուրո նաեւ չինովնիկական շրջանակներում, անգամ երբ այդ շրջանակներ ներառվում են նաեւ երիտասարդներ, որոնք նույնիսկ սովետ չեն տեսել:

Միեւնույն է, նրանք մտածում են ինչպես սովետում, որովհետեւ դա մթնոլորտ է, որը չի փոխարինվել, որը լցվել է միայն բառերով ու տրաֆարետներով, որոնց տակ չկա ձեւավորված բովանդակություն, մեխանիզմներ: Նոր տրաֆարետների տակ հին մեխանիզմներն են, թարմացված եւ արդիականացված միայն ցուցանակների մասով:

Հայաստանում հատկապես վերջին տարիներին շատ է կիրառվում «անկախության սերունդ» արտահայտությունը, բայց այդ սերունդը ձեւավորված չէ, այդ սերունդը միայն ֆիզիոլոգիա է, ոչ թե արժեք, մտածողություն, մշակույթ, երազանքներ: Լավագույն դեպքում սերունդը սնուցվում է ռազմահայրենասիրական պաթոսով, երազանքի խաբկանքով:

Անկախության սերունդ չի էլ կարող ձեւավորվել, եթե չի ձեւավորվում անկախության էլիտա: Էլիտա, որը կձեւակերպի հայկական անկախ պետականության տեղն ու դերն աշխարհում, կձեւակերպի պատկերացումները աշխարհի մասին, հանրությանը կառաջարկի արդիական գաղափարներ: Դրա պարտավորությունն իր մասով ունի իշխանական էլիտան, եւ իր մասով էլ ունի այսպես ասած ընդդիմադիր էլիտան: Բայց դա Հայաստանում առայժմ միայն տեսլական է, որովհետեւ էլիտաները առայժմ չակերտավոր են թե այնտեղ, թե այնտեղ:

Հատկանշական է սակայն այն, որ էլիտայի խնդիրը Կարեն Կարապետյանն օրինակ բարձրացրել է, օրերս ավստրիական ռադիոյին տված իր հարցազրույցում, ասելով, որ հինգ տարի անց Հայաստանում պետք է փոխվի էլիտա-հասարակություն հարաբերությունը, էլիտայի դերն ու ընկալումը:

Հայաստանում հասարակական-քաղաքական կյանքը պարփակվել է իշխանափոխության գաղափարի շուրջ, այն դեպքում, երբ Հայաստանում իշխանության ոչ թե Սերժ Սարգսյանն է կամ ՀՀԿ-ն, այլ Խորհրդային Միությունը: Հայաստանում հասարակական-քաղաքական կյանքը հեռանկար ունի, եթե ձեւակերպվի Խորհրդային իշխանությունը հանրային մտածողությունից դուրս բերելու խնդիր եւ վերջապես փոխելու խնդիր ու գաղափար:

Հայաստանի շանսը այդ գաղափարի շուրջ կենսունակ էլիտայի ձեւավորումն է, մինչ այդ՝ ընդդիմություն-իշխանություն բաժանումը դառնում է ավելի ու ավելի արհեստական, ավելի ու ավելի լղոզված, ոչինչ չասող, ոչինչ չստեղծող: Եվ դա պատահական չէ, որովհետեւ խնդիրը ուրիշ է:

Ամենաընթերցվածը