ԶիբիLeaks. Բացահայտվեց իշխանության գաղտնի թղթապանակը

    • Հասարակություն - 13 Մայիսի 2017, 11:03
Երեւանի ավագանու ընտրության բավական ձանձրալի ու անհեթեթ քարոզարշավը աղմկոտ վերջաբան ունեցավ. ՀՀԿ-ի շտաբից դուրս բերված աղբում հայտնաբերվեցին ցուցակներ ու ինստրուկցիաներ, որոնք կարող են վկայել թե ընտրակաշառքի, թե վարչական ռեսուրսի կիրառման մասին:

Ավելի վաղ, խորհրդարանի ընտրության քարոզարշավում եղավ երկու սկանդալ՝ երկուսն էլ ձայնագրություններ՝ դպրոցների տնօրենների ու ՍԱՍ-ի ժողովի: Սակայն երեկվա աղմուկը խիստ խորհրդանշական իրադարձություն էր թե ընտրության, թե ընդհանրապես Հայաստանի իշխանության քաղաքականության առումով:

Երբ Կարեն Կարապետյանն իշխանության տարբեր մարմիններին, այդ թվում ոստիկանությանը հանձնարարում էր լավ մաքրել աղբը, դա դարձավ հեգնանքի առարկա: Նրան չլսեցին, եւ ստացվեց նման սկանդալ:

Մյուս կողմից, ինչպես ասել է Վովա Գասպարյանը, աղբն այնքան շատ է, որ նույնիսկ բյուրոկրատական ուռճացված ապարատը, բազմաքանակ ոստիկանությունն ի վիճակի չեն այն հավաքել: Եվ պարզվեց այնքան շատ է, որ հնարավոր չէ պահել «ներսում», եւ աղբը դուրս է եկել «տնից»:

Հնարավոր է՝ նաեւ շահագրգիռ կողմեր են եղել, որ աղբն անվնաս դուրս գա «տնից». Իշխանության ներսում ներկայում լուրջ հրմշտոց է, ոչ ոք չգիտե իրեն ինչ է սպասվում, եւ իրար հետ խնդիրներ ունեցողները կարող են նման ձեւերով հաշիվներ մաքրել: Օրինակ, սա կարող էր ՍԱՍ-ի սկանդալի պատասխանը լինել, եւ այլն:

Հնարավոր է նաեւ՝ այդ սկանդալներով ցանկանում են բոլորին ստիպել համակերպվել իրողությունների հետ, դա դարձնել սովորական մի բան, ինչպես շատ այլ այլանդակ երեւույթներ արդեն դարձել են սովորական բան:

Իշխանության այդ քաղաքականությունը Հայաստանը վեր է ածել դեգրադացված պսեւդո-պետականության, ընդ որում՝ բոլոր ոլորտներում: Իշխանությունը հանձնել է երկրի ինքնիշխանությունն ու ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքը, դրա դիմաց ստանալով ներսում «վերարտադրվելու իրավունք», որը հնարավոր է միայն քաղաքականության, տնտեսության, բարքերի, արժեհամակարգի «աղբային» մակարդակի պայմաններում:

Այս իրավիճակում ի՞նչ գաղտնի թղթապանակներ կունենա երկիրը: Առավելագույնը՝ ձայն բերողների, փող բաժանողների, ինստրուկցիաներ կազմողների ցուցակներ, որոնք հայտնաբերվում են աղբանոցում: Խիստ խորհրդանշական ու ճշմարիտ է:

Ամենաընթերցվածը