Ահա թե ում համար է «Ազգ-բանակ» հայեցակարգը

  • Հասարակություն - 12 Մայիսի 2017, 11:32
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի 28-ամյա եղբորորդին՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, Երեւանի ավագանու թեկնածու Արտակ Ալեքսանյանը հրապարակել է իր գույքի ու եկամուտների հայտարարագիրը: Ըստ այդմ, նա ունի 180 մլն դրամ, 1 մլն 250 հազար դոլար եւ 620 հազար եվրո: Արտակ Ալեքսանյանը հայտարարագրել է 5 մեքենա, այդ թվում 2011թ. արտադրության BMW X6, 2011թ. արտադրության ROLLS ROYCE GHOST, 2011թ. արտադրության BENTLEY MULSANNE:

Արտակ Ալեքսանյանը բանակում չի ծառայել: Մալաթիա-Սեբիաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նրա նշանակումն էլ հետաքրքիր էր՝ այդ պաշտոնը թափուր մնաց այնքան ժամանակ, մինչեւ լրանա նրա 23 տարին, որից հետո էլ նա նշանակվեց՝ օրենքի տառը իշխանությունը պահեց, որպեսզի թղթերով ամեն ինչ կարգին լինի:

Արտակ Ալեքսանյանը մեկն է հայկական «էլիտայի» բազմաթիվ ներկայացուցիչներից, որոնք ջրի երկու կաթիլի պես նման են իրար իրենց բոլոր դրսեւորումներով: Այդ «էլիտան» երկու տասնամյակում հարստացել է, խնամիացել ու բազմացել: Ներկայում տեղի է ունենում երկու գործընթաց՝ «սերնդափոխություն» եւ այդ հարստության «լեգալացում ու օրինականացում»: Դա տեղի է ունենում «կառավարման նոր կարգի» անցնելու եւ «հակակոռուպցիոն ռազմավարության» միջոցով:

Այդպիսով, պետական լծակներն ու հաստատությունները ծառայեցնելով իր շահերին, քրեական օլիգարխիայի իշխանությունը մտնում է նոր շրփափուլ՝ «մաքրված» ու ժառանգությունն ապահոված:

Կա մի խանգարող հանգամանք՝ պետությունն ու հանրությունը, ինչը երկու տասնամյակ ավելորդ բեռ էր համակարգի համար: Այս խնդիրն էլ գրեթե լուծված է՝ երկրի ինքնիշխանությունն ու որոշումների կայացման իրավունքը հանձնվել է արտաքին հովանավորին, իսկ ներսում իշխանությունը ձեռնամուխ է եղել մի շարք նախաձեռնությունների, որոնք հնարավորություն կտան թոթափել պատասխանատվության ու հոգսի վերջին մնացորդները:

Դրանցից մեկը ազգ-բանակ հայեցակարգն է, 1000 դրամներն ու առաջնագծում ծառայելու նոր սխեման: Ուզում եք պաշտպանված լինել՝ վճարեք ու գնացեք սահմանը պահեք: Ահա դրանց ողջ փիլիսոփայությունն ու տրամաբանությունը:

Եթե հայկական պետական իշխանությունն ու «էլիտան» ունենային այլ որակներ, այդ հայեցակարգերը նման ընկալում չէին ունենա: Քանզի դրանք ենթադրում են հանրային բոլոր շերտերի ու խավերի հավասար մասնակցությունը եւ պատասխանատվությունը հանրային-պետական կյանքին: Հայաստանում դա չկա, հայկական համակարգը մակաբուծում է հանրության ու պետության հաշվին, իրեն վերցնելով իրավունքը եւ պատասխանատվությունը բարդելով հանրության վրա: Այլ ընկալում չի կարող լինել նման պայմաններում: Հակառակի որեւէ նշան, ապացույց այդ համակարգը չի տվել:

Ամենաընթերցվածը