Գյումրիում տնակում բնակվող ևս մեկ ընտանիք բնակարան կունենա

  • Հասարակություն - 21 Ապրիլի 2017, 10:56
Գյումրիում տնակում բնակվող ևս մեկ ընտանիք բնակարան կունենա:

«Ծիրանափող» մշակութային երիտասարդական ՀԿ-ն և Գյումրու Ժողովրդական  գործիքների պետական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Շիրակի մարզպետարանի ացակցությամբ կազմակերպել էին Շերամի 160- ամյակին նվիրված բարեգործական համերգ, որի հասույթն ամբողջությամբ տրամադրվեց   «Գյումրին` առանց տնակների» հիմնադրամին:

Ապրիլի 20-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, Գյումրու Ժողովրդական  գործիքների պետական նվագախմբի ու հանրապետության սիրված ու հայտնի երգիչ-երգչուհիների կատարումներից հետո, ընթերցվեցին այն 14 տնակատերերի անունները, ովքեր մասնակցելու էին վիճակահանությանը:

«Հիմնադրամի սկզբունքն է  քաղաքը տնակներից ազատել թաղամաս առ թաղամաս և այս պահին հիմնադրամի թիրախայինը Գյումրու «Բարեկամության այգի» կոչվող  թաղամասն է, և այս 14 ընտանիքները հենց այդ տարածքի բնակիչներ են»,- իր խոսքում նշեց հիմնադրամի տնօրեն Ղարիբ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով համերգի մասնակիցներին ու հանդիսատեսին՝ նախաձեռնությանը միանալու համար:

Երջանիկ գյումրեցու անունը  արկղից հանեց փոքրիկ հանդիսատեսը: 234/254 տնակի բնակիչ Արամայիս Յուզբաշյանն այս բարի լուրն ստացավ հեռախոսով: Նոր բնակարանի բանալիները ընտանիքին կհանձնվեն առաջիկա օրերին:

«Գյումրին` առանց տնակների» հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականի դեկտեմբերի վերջին: Բարեգործական կառույցի գործունեությունը ղեկավարվում է հոգաբարձունների խորհրդի կողմից՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ: Հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է հիմնականում նվիրատվությունների միջոցով: Հիմնական խնդիրը Գյումրին տնակներից ազատելն է՝ տնակներում բնակվողներին տուն տալու, տնակը քանդելու և տարածքն ազատելու միջոցով: Նվիրատվությունների միջոցով հիմնադրամին հաջողվել է արդեն 19 բնակարան հատկացնել, որոնի ց 13-ը` «Հայէլեկտրացանցեր» ընկերության կողմից՝ «SOS-Գյումրի» նախագծի շրջանակներում»,- նշեց Ղարիբ Հարությունյանը: Բոլոր բնակարանները տրամադրվել են տնակների տարածքներն ազատելու պարտադիր պայմանով:

Արմենուհի Մխոյան

Ամենաընթերցվածը