Քրիստիան Բեյլն անընդունելի է համարում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում

  • Հասարակություն - 20 Ապրիլի 2017, 22:28

Հոլիվուդյան հանրահայտ դերասաններ Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքը հյուրընկալվել են ամերիկյան CBS հեռուստաընկերության The morning հաղորդմանը, որի ժամանակ անդրադարձել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում»-ը ֆիլմին:  

Քրիստիան Բեյլն անընդունելի է համարել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը` ընդգծելով, որ հենց Թուրքիայի կողմից իրականացվող ճնշումներն են պատճառը, որ շատերը տեղյակ չեն Հայոց ցեղասպանության մասին, իսկ շատերն էլ ուղղակի չեն խոսում այդ մասին: Դերասանն ընդգծել է, որ շատերը տարբեր եղանակներով փորձում են ներկայացնել Հայոց ցեղասպանության մասին իրականությունը: «Հենց դրա համար է Քըրք Քըրքորյանն այդքան ֆինանսներ է ներդրել այս ֆիլմի վրա: Ցավոք, նա վախճանվեց մինչ մենք կներկայացնեինք ֆիլմը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծել է Բեյլը:

Դերասան Օսկար Այզեքն էլ իր հերթին կարևորել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ նկարահանելու նախաձեռնությունը և ընդգծել, որ ֆիլմի ռեժիսորի համար շատ կարևոր նշանակություն ունի նման պատմություններ ներկայացնելը: Այզեքը հիշեցրել է, որ  մինչ «Խոստում»-ը ֆիլմը Թերի Ջորջը նկարահանել է ֆիլմ Ռուանդայի ցեղասպանության մասին:

Այզեքը նշել է, որ ֆիլմում ինքը մարմնավորում է գյուղում մեծացած հայ տղայի, ով ժամանում է Կոստանդնուպոլիս և որոշում բժշկություն սովորել, բայց բախվում է դաժան իրականությանը: 

Ամենաընթերցվածը