Գլազգո քաղաքից բրիտանացի գիտնականների թիմի կողմից անցկացված հետազոտության արդյունքների համաձայն՝ հեծանիվ օգտագործելը կրկնակի նվազեցնում է քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների վտանգը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հինգ տարի տեւած հետազոտությանը մասնակցել են 250 հազար կամավորներ: Նրանք բոլորը հեծանիվն օգտագործել են որպես փոխադրամիջոց, այլ ոչ թե որպես լրացուցիչ ֆիզիկական բեռնվածություն, որպիսին կարող էր լինել մարզասրահ հաճախելը: Հետազոտության մասնակիցները շաբաթական միջին հաշվով անցել են 30-ական մղոն (48 կիլոմետր): Բոլոր 250 հազար մասնակիցները հեծանիվն օգտագործել են որպես փոխադրամիջոց՝ դրանով անցնելով մինչեւ աշխատավայրն ընկած ամբողջ ճանապարհը, կամ հաղթահարելով ճանապարհի մի մասը: Հեծանիվով երթեւեկությունը գրեթե կրկնակի նվազեցրել է հիվանդացածների մահվան վտանգը: Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ հեծանիվով կատարվող կանոնավոր ուղեւորությունները մահվան ռիսկը կրճատել են 41 տոկոսով, քաղցկեղի դեպքում՝ 45 տոկոսով, իսկ սրտի հիվանդությունների դեպքում՝ 46 տոկոսով: Ոտքով զբոսանքները նույնպես նվազեցնում են սրտանոթային հիվանությունների վտանգը, բայց չեն ազդում ուռուցքաբանական ռիսկերի վրա: Սակայն այդ էֆեկտն զգալու համար հարկավոր է շաբաթական անցնել առնվազն վեց մղոն (մոտավորապես 9 կիլոմետր): Այդ ժամանակաընթացքում 2430 կամավորներ, որոնք մասնակցել էին հետազոտությանը, մահացել են: Նրանցից 3748-ի մոտ ախտորոշված էր քաղցկեղ, 1110-ի մոտ՝ սրտի հետ կապված խնդիրներ: «Դա այն բանի ակներեւ ապացույցն Է, որ մարդիկ, որոնք ակտիվորեն տեղաշարժվում են, հատկապես հեծանվով, ավելի փոքր ռիսկի են ենթարկվում»,-BBC-ին ասել Է հետազոտողներից մեկը՝ դոկտոր Ջեյսոն Ջիլը: «Մեզ հարկավոր է փոխել մեր ենթակառուցվածքը, այն ավելի նպաստավոր դարձնել հեծանվորդների համար»,-հավելել է դոկտորը:
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ հեծանվով երթեւեկելը գրեթե կրկնակի նվազեցնում է քաղցկեղի վտանգը
- Հասարակություն - 20 Ապրիլի 2017, 18:17