Գյուղնախարարի հրաժարականը

  • Հասարակություն - 20 Ապրիլի 2017, 17:45
Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էին անում Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները՝ պահանջելով, որպեսզի կառավարությունը լուծի իրենց խաղողի գումարի հարցը: Գյուղացիներին շուրջ 70 մլն դրամ խաղողի գումար չի վճարել Վինար ընկերությունը:

Պարզվում է՝ այլ ընկերությունների պես այդ ընկերությանը եւս նախորդ կառավարությունը «հորդորել» է մթերել գյուղացիների խաղողը: Հիմա այն ոչ փող ունի, ոչ էլ որակյալ սպիրտ, որը վաճառելով կարելի է փակել գյուղացիների պարտքը:

Նրանց հետ զրուցել է գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, որը ժամանակին աշխատել է Պեռնո Ռիկարում, Երեւանի կոնյակի գործարանում եւ այդտեղից եկել կառավարություն:

Գյուղացիները նրան ասել են, որ իրենց վարկեր չեն տալիս, քանի որ նախորդ վարկերը չեն մարել, սեզոնը բացվել է, չգիտեն ինչ անել: Եվ նախարարը նրանց խորհորդ է տվել. «Հիմա մեկը քեզ փող ա պարտք, չի տալիս, պետք ա գնաս մտնես տունը, ինչ ունի, վերցնես», ասել է նա: Մի գյուղացու էլ ասել է՝ «Գնա Ավոյի ավտոն ձեռից վերցրու» (Ավոն Վինա ՍՊԸ սեփականատեր Ավետիք Գալստյանն է, ում գործով զբաղվում է Գլխավոր դատախազությունը):

Այսինքն, գյուղնախարարը գյուղացիներին խորհուրդ է տվել գնալ ու «ստանալ» իրենց փողը, ընդ որում, հենց այն եղանակով, որով օրինակ «ստանում» են գողական հարթություններում:

Իգնատի Առաքելյանը Կարեն Կարապետյանի կառավարությունում համարվում է կիրթ, ժամանակակից մենեջերներից, նոր մշակույթի կրողներից մեկը: Հենց այդպես ներկայացվել է կառավարության տնտեսական բլոկի կազմը: Եվ ահա, այդ քաղաքակիրթ մենեջերը նման խորհուրդ է տալիս գյուղացիներին:

Երեւում է այս վեց ամիսների ընթացքում ժամանակակից մենեջերները ոչ միայն չեն կարողացել փոխել կառավարման ու հարաբերությունների մշակույթը, այլեւ կուլ են գնացել «հին ոգուն»: Փաստորեն համակարգը զորավոր է, ոչ մի օրինական մեխանիզմ չի աշխատում, եւ նախարարին մնում է խորհուրդ տալ դիմել «ստանալու» մեթոդներին:

Շուտով կառավարությունը հրաժարական է տալու եւ նորից է «հավաքվելու», եւ պետք է խնայել Իգնատի Առաքելյանին ու մյուս ժամանակակից մենեջեր-նախարարներին, այլապես նրանք կարող են կորցնել իրենց հատկանիշները քրեա-օլիգարխիկ համակարգի իրողությունների ու «անհասկացող աբորիգենների» ճնշման տակ, փոխարենն այնքան էլ համոզիչ չդառնալով «նոր» դերում:

Ամենաընթերցվածը