Հայաստանի փոփոխության նոր նախաձեռնություն սփյուռքից

    • Հասարակություն - 20 Ապրիլի 2017, 10:50
«Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը հերքել է մամուլի տեղեկությունը, թե իր կուսակցությանը ֆինանսավորում է ռուսաստանցի հայ գործարար, մեծահարուստ, Ռուցոգ ինվեստ ընկերության սեփականատեր Ռուբեն Գրիգորյանը: Փոստանջյանն ասել է, թե Գրիգորյանն իր ընկերն է, նրա հետ ունեցել է բազմաթիվ զույցներ Հայաստանի խնդիրների, հեռանկարների վերաբերյալ, շատ հարցերում համակարծիք են միմյանց հետ, սակայն Գրիգորյանը չի ֆինանսավորում կուսակցությունը:

Ռուբեն Գրիգորյանը Հայաստանի ներկայիս կառավարման, ներկայիս իշխանության ընդդիմախոս է, հանդես է եկել քննադատական հրապարակումներով:

Հայաստանում քաղաքական, կուսակցական ցանկացած գործունեության դեպքում առաջանում է ֆինանսավորման մասին հարցը: Զարուհի Փոստանջյանն ասում է, որ իրենք համահայկական ֆինանսավորում ունեն՝ սփյուռքի այն հայերի օգնությամբ, որոնք նաեւ Հայաստանի քաղաքացի են, եւ նրանցից ֆինանսական աջակցությունը չի հակասում օրենքին:

Տվյալ դեպքում սակայն հարցը Երկիր Ծիրանի կուսակցության ֆինանսական «ոռոգման» աղբյուրը չէ:

Հանրությունը թերեւս միշտ էլ կասկածով է վերաբերելու որեւէ կուսակցության ֆինանսական «հենքին», համարելով, որ Հայաստանում հնարավոր չէ առանց այսպես ասած «կողմնակի եկամուտի» կուսակցություն պահել եւ քաղաքական գործունեություն ծավալել:

Խնդիրն այս դեպքում այն է, թե ընդհանրապես ինչպես է որեւէ սփյուռքահայ մեծահարուստ վերաբերում Հայաստանում հասարակական-քաղաքական կյանքին եւ ինչպիսի մասնակցություն է պատկերացնում, այդ կյանքում ինչ որ բան փոխելու համար:

Պարբերաբար շրջանառվել են եւ շրջանառվելու են անուններ, որոնց կասկածելու են այս կամ այն քաղաքական ուժին փող տալու համար:

Տալիս են, թե ոչ, իհարկե դժվար է ասել, եթե չկան կոնկրետ փաստեր:

Բայց առաջանում է թերեւս մի պարզ հարց՝ իսկ ինչու՞ են տալիս: Կամ, ավելի շուտ՝ ինչու՞ կարող են տալ: Ինչու՞ սփյուռքահայ որեւէ մեծահարուստ, լինի Ռուսաստանից թե այլ երկրից, կարող է մտածել Հայաստանում որեւէ գործչի կամ կուսակցության ֆինանսավորման մասին: Ելնելով քաղաքական նախընտրությունից ու գաղափարական-արժեքային ընդհանրությունի՞ց, թե՞ զուտ անձնական, գուցե նույնիսկ ընկերական, բարեկամական կապից, կամ էլ պարզապես այդպիսով իշխանության հետ հարաբերման խողովակ ստեղծելու եւ տարբեր հարցեր լուծելու նպատակով:

Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում չկա քաղաքական համակարգ եւ մրցակցություն, եւ չկա այդ ամենի գլխին կանգնած անկախ արդարադատություն: Այդ դեպքում ի՞նչ ակնկալիք կարող է լինել որեւէ քաղաքական գործունեություն ֆինանսավորելիս, ով եւ ում էլ որ ֆինանսավորի:

Ի վերջո, հստակ է, որ եթե այդ ֆինանսավորումը ստանա իշխանության համար վտանգավոր ծավալ, ապա անմիջապես արժանանալու է իշխանության վարչահրամայական հակազդեցությանը: Հետեւաբար, բացարձակապես ռացիոնալ չէ պատկերացնել, որ հնարավոր է ֆինանսավորել որեւէ կուսակցություն եւ Հայաստանում հասնել շոշափելի համակարգային, հասարակական փոփոխության:

Ինչ խոսք, դա ամենեւին կասկածի տակ չի դնում շատերի անկեղծ շահագրգռությունը Հայաստանում որեւէ բան փոխելու, Հայաստանն արդիականացնելու ուղղությամբ իրենց լուման բերելու հարցում: Բայց եթե որեւէ սփյուռքահայ մեծահարուստ, եւ ընդհանրապես սփյուռքահայ որեւէ խումբ, շերտ, նախաձեռնություն ունի Հայաստանում փոփոխության նպաստելու անկեղծ եւ մեծ ցանկություն, պատրաստ է դրա համար ներդնել ջանք եւ նյութական, ֆինանսական ռեսուրս, ապա դրա ուղղությունը թերեւս պետք է լինի ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական դաշտը:

Հայաստանում քաղաքական արդյունավետ հակակշիռների հասնելու համար նախ անհրաժեշտ է ձեւավորել համապատասխան սոցիալական շերտը՝ անհրաժեշտ քաղաքացիա-իրավական գիտակցությամբ, անհրաժեշտ մտածողությամբ, որպեսզի այդ շերտի հիմքով ձեւավորվի արդեն նոր քաղաքական օրակարգն ու բովանդակությունը, ինչն էլ կստանա որեւէ ձեւաչափ՝ կուսակցական, կամ այլ:

Օրինակ, լավ է, որ սփյուռքահայ հայտնիները գալիս են Հայաստան ընտրություն դիտարկելու, բայց Հայաստանում իրավիճակի փոփոխության հարցում շատ ավելի մեծ լումա կլինի այն, երբ նրանք, օրինակ, տարին մեկ կամ երկու անգամ Հայաստան գան պարզապես մարզերի, գյուղերի բնակչության հետ շփումների համար, կազմակերպեն նրանց հետ թեմատիկ զրույցներ, քննարկումներ ամենատարբեր՝ ոչ միայն քաղաքական խնդիրներով:

Այդ ամենի քաղաքական էֆեկտը կլինի շատ ավելի մեծ, թեեւ գուցե շատ ավելի քիչ աղմկոտ եւ պաթետիկ, քան հնչեղ նախաձեռնությունները, որոնք սակայն տեսարանից բացի, Հայաստանի կյանքում չեն ավելացնում ոչինչ՝ անգամ ամենաանկեղծ մղումների դեպքում: