Հայաստանում հաճախակի են փաստացի ամուսնությունների չգրանցման դեպքերը

  • Հասարակություն - 19 Ապրիլի 2017, 18:50
Հայաստանում ամուսնալուծության հիմնական պատճառներից են չմտածված ամուսնությունն ու նյութական միջոցների անբավարարությունը: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, քիչ չեն ամուսնական անհավատարմության դեպքերը, ինչպես նաև վատ սովորությունները` հարբեցողություն, խաղամոլություն:

«Հարցումները ցույց են տալիս, որ ամուսնալուծության պատճառներից են արտագնա աշխատանքի մեկնումը, խանդը: Քիչ տոկոս են կազմում ամուսնու ծնողների, հարազատների հետ հարաբերությունները»,-ասաց նա:

Ընտանեկան հոգեբան Արկադի Մեհրաբյանը նշեց, որ իրավագիտակցության ցածր մակարդակը նույնպես խնդիր է:

«Ընտանիքը ենթադրում է պարտավորություն, սակայն ոչ բոլորն են դա գիտակցում: Շատերը հաշվի են առնում իրենց ազատությունները, առաջ են տանում իրենց եսը, սկսում են մտածել իրենց էգոյի մասին: Շատ են դեպքերը, երբ մարդիկ պատրաստ չեն լինում ամուսնության»,- ասաց նա:

Հոգեբանը նկատեց, որ կան խնդիրներ տղամարդու և կնոջ դերերի ոչ ճիշտ բաշխման հետ կապված: Ըստ նրա` բնության կանոններով, արուն ավելի ուժեղ պետք է լինի, ցավոք այնպես է լինում, որ մեր օրերում կանայք ավելի ուժեղ դիրքերից են հանդես գալիս:

Փաստաբան Արկադի Մեհրաբյանը, ով ներկայացրեց ամուսնալուծության իրավական հարցերը, նշեց, որ Հայաստանում իրավական առումով ամուսնալուծվելը դյուրին է: Չնայած դրան` մարդկային գործոնով պայմանավորած իրականում գործընթացը բավական բարդացվում է:

«Շատերը գործընթացի ծանրացման ճանապարհով փորձում են գույքային հարցեր բարձրացնել, շանտաժի ենթարկել մյուս կողմին: Ամենավատը, երբ այս գործընթացում որպես գործիք օգտագործում են երեխաներին` տեսակցություն սահմանափակելով»,- ասաց փաստաբանը: Նա նկատեց, որ այսօր հաճախ են հանդիպում դեպքերը, երբ զույգերն իրենց ամուսնությունը չեն գրանցում, ամուսնալուծության դեպքում էլ խնդրի առաջ են կանգնում: Նա ընդգծեց, որ զույգերը պետք է գիտակցեն, որ ամուսնական զույգին վերաբերող իրավունքներն ու պարտականությունները ծագում են ամուսնության գրանցման պահից:

Ամենաընթերցվածը