Մանկապարտեզների վիճակը Հայաստանում. Ուսումնասիրություն

  • Հասարակություն - 19 Ապրիլի 2017, 15:01
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի «Թափանցիկ մանկապարտեզներ» ծրագրի շրջանակում կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզներում առկա հիմնախնդիրների մեծ մասը լուծում կստանա միայն այն դեպքում, երբ համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում համայնքներն ու մանկապարտեզները լրացուցիչ համայնքային, պետական կամ այլընտրանքային օժանդակություն ստանան, ինչպես նաև՝ Հայաստանում նախադպրոցական կրթությունը դառնա պարտադիր:

Հետազոտություն իրականացվել է հանրապետության 7 քաղաքային համայնքներում՝ Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Կապան, Արմավիր, Գավառ, Իջևան, համայնքապատկան թվով 87 մանկապարտեզում, որտեղ նախադպրոցական կրթություն է ստանում 9600-ից ավել երեխա:

Պարզվել է, որ ի տարբերություն մայրաքաղաքի, մարզային համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումը վճարովի է: Մայրաքաղաքի մանկապարտեզները վճարովի են նաև մարզերում հաշվառում ունեցող երեխաների համար, այս հաստատություններում անվճար կրթություն տրվում է միայն մայրաքաղաքի հաշվառում ունեցող երեխաներին: Սա ակնհայտ խտրականություն է, ինչը որոշ պաշտոնյաներ և փորձագետներ փորձում են արդարացնել մայրաքաղաքի բյուջետային առավել հնարավորություններով:

Երևանից բացի, համայնքային ենթակայության մանկապարտեզները դեռևս չեն կարող անվճար լինել: Համայնքների ղեկավարների, համայնքապետարանների կրթության բաժինների ներկայացուցիչների մեկնաբանմամբ՝ համայնքների բյուջեն հնարավորություն չունի համայնքներում անվճար ապահովել երեխաների նախադպրոցական կրթությունը: Համայնքների մանկապարտեզների մեծ մասը վճարովի լինելու պատճառով թերբեռնված է, ինչի հետևանքով մանկապարտեզներում վերջին 3-4 տարում գրեթե թափուր աշխատատեղեր չեն առաջանում, քանի որ երեխաների թիվն ու խմբերի քանակը չի ավելանում: Գյումրիում և Գավառում բնակչության համամասնությամբ կրկնակի և ավելի պակաս տեղ կա մանկապարտեզներում, քան Կապանում, Արմավիրում և Հրազդանում:

Պարզվել է, որ համայնքների մանկապարտեզներում նյութատեխնիկական միջոցները, գույքը տարիներ շարունակ չեն թարմացվում, սննդի, կումունալ ծախսերի համար հաճախ գումար հատկացնում է ծնողը:

Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը ևս պարբերաբար խախտումներ է արձանագրում համայնքապատկան որոշ մանկապարտեզներում: Սա հետևանք է այն բանի, որ համայնքը չի կարող համապատասխան գումարներ հատկացնել այդ մանկապարտեզների խոհանոցների վերանորոգման, սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման համար:

Սաների ծնողների բարձրաձայնած ընդհանուր հիմնախնդիրներից է ձմռան եղանակին ջեռուցման թերի համակարգը, անհարկի երկարաձգվող արձակուրդները, սննդարար կերակրի բացակայությունը, երեխաների թերսնումը, մանկապարտեզների վճարովի լինելը, գույքի բացակայությունը կամ գույքի մաշվածությունը:

Ըստ ծնողների, հրատապ լուծման կարիք ունեն նախ խմբասենյակների, մանկապարտեզների շենքային պայմանների բարելավումը, ջեռուցման համակարգի թարմացումը, մանկապարտեզների անվճար կամ նվազագույն վարձավճարով գործելը:

Ուսումնասիրությունները նաև ցույց են տալիս, որ որոշ մանկապարտեզներում երեխաների որոշ սննդի չափաբաժիններ չեն համապատասխանում ԿԳ նախարարության կողմից տրված, պահանջվող չափաբաժիններին: Սա բացատրվում է մանկապարտեզներում առկա ֆինանսական խնդիրներով: Երեխաների 3 անգամյա սննդի համար պահանջվող օրական գումարը 110-290 դրամ է, և բնականաբար անհրաժեշտ սննդամթերք կամ չափաբաժինն հնարավոր չէ ապահովել այս ծախսով:

Մանկապարտեզների տնօրենները ևս համաձայնում են, որ նշված գումարի շրջանակում ԿԳՆ ներկայացրած չափաբաժին-պահանջագիրը չի կարող ապահովվել:

Ամենաընթերցվածը