Այս ամառ Երազանքի ճամբարում կհանգստանա 179 երեխա. Վորլդ Վիժն Հայաստանի բարեգործական արշավը հավաքագրել է 7 մլն 508 հազար դրամ

  • Հասարակություն - 18 Ապրիլի 2017, 17:49
Վորլդ Վիժն Հայաստանը «Երազանքի ճամբար» երկշաբաթյա բարեգործական նախաձեռնության շրջանակներում հավաքագրեց 7 մլն 508 հազար դրամ գումար, որը կուղղվի առավել խոցելի և անապահով ընտանիքների 179 երեխայի համար ամառային անհոգ հանգստի կազմակերպմանը:

Ակցիան անցկացվեց այս ապրիլի 3-16-ը Երևանում (Հյուսիսային պողոտայում և առևտրի կենտրոններից մեկում), Գյումրիում, Վանաձորում և Կապանում: Ակցիայի շրջանակներում տեղադրվեցին Զատկի ծառեր, որոնք զարդարեցին անցորդ քաղաքացիները` կախելով երեխաների ձեռքով պատրաստած հավկիթներ և կատարելով նվիրատվություն 1500-ից 6000 դրամի չափով:

Ակցիայի շրջանակներում Վորլդ Վիժնը ներգրավեց նաև սոցիալապես պատասխանատու ձեռնարկություններին, ում կատարած նկատելի հանգանակության դիմաց ակցիայի տաղավարների կողքին տեղադրվեցին մեծ հավկիթներ՝ նրանց տարբերանշաններով: Արդյունքում 30-ից ավել ձեռնարկություններ մասնակցեցին արշավին, որոնցից մի քանիսը կատարեցին ներդրում հագուստի տեսքով` տրամադրելով ընդհանուր առմամբ 200 հազ. դրամ արժողությամբ հագուստ:

«Վորլդ Վիժն Հայաստանը շնորհակալ է բոլոր անհատ նվիրատուներին և բիզնեսներին, որոնք վստահեցին և գումար նվիրաբերեցին երեխաների հանգստի կազմակերպման գործին: Նմանատիպ ակցիաների միջոցով Վորլդ Վիժնը փորձում է Հայաստանում ձևավորել սոցիալապես պատասխանատու նվիրատվական մշակույթ: Սա բավական խրթին ճանապարհ է, և նման մշակույթի ձևավորումը կօգնի ոչ միայն Վորլդ Վիժն Հայաստանին հետագա նվիրատվական միջոցառումները կազմակերպելիս, այլև նպաստավոր պայմաններ կստեղծի այլ բարեգործական կազմակերպությունների համար», - ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

Այս ամառ Վորլդ Վիժնը նախատեսում է երեխաների համար կազմակերպել երեք թեմատիկ ճամբար՝ աղետների ժամանակ ռիսկերի նվազեցման, մարդու իրավունքների և տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղվածությամբ: Ճամբարների անցկացման ստույգ վայրի ու ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ս.թ. հունիս ամսվա ընթացքում:

Արդեն 18 տարի է, ինչ Վորլդ Վիժն Հայաստանն ամռան ամիսներին անցկացնում է ճամբարներ` խոցելի ընտանիքներում ապրող երեխաներին կտրելով առօրյա գորշ գույներից և նվիրելով անմոռանալի ամառային հանգիստ: 18 տարիների ընթացքում ավելի քան 40.000 երեխա այցելել է Վորլդ Վիժնի ճամբար, որն իրականացվել է ինչպես Վորլդ Վիժնի միջոցներով, այնպես էլ հայաստանյան ընկերությունների բարեգործական նվիրատվությունների շնորհիվ: