Beeline–ի աջակցությամբ կտպագրվի Օպերային թատրոնի պատմությունն ամբողջացնող գիրքը

  • Հասարակություն - 18 Ապրիլի 2017, 16:11
Beeline–ը և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին: Համագործակցության շրջանակում Beeline–ի աջակցությամբ կտպագրվի Օպերային թատրոնի պատմությունը ներկայացնող ծավալուն աշխատություն: 

Գրքի հեղինակը արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի հիմնադիր, Օպերային թատրոնի թանգարանի ղեկավար Սերգեյ Առաքելյանն է: Օպերային թատրոնի պատմությունն ամբողջացնող աշխատությունը հանդիսանալու է մատենաշարի 18-րդ հատորը: Գրքում հանգամանորեն ներկայացվում է թատրոնի հիմնադրման նախապատմությունը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային դասարանի ուժերով իրականացված դասական երկերի բարձրարվեստ բեմադրություններին (1929-1932 թթ.) և անվանի մտավորականների հորդորներով տարբեր քաղաքներից Երևան ժամանած երգիչների և երաժիշտների խմբին, ինչը Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի ստեղծման հիմնաքարը դարձավ:

«Օպերային թատրոնի պատմությունն ամբողջացնող գրքի ստեղծման գործում մենք բարձր ենք գնահատում Beeline–ի հետ համագործակցությունը: Վստահ ենք, որ տարեվերջին կունենանք Հայաստանի օպերայի և բալետի թատրոնին արժանի աշխատություն»,- նշեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանը:

«Beeline-ի կորպորատիվ պատասխանատվության հիմնական նպատակն է օգնել մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը: Դա նշանակում է, որ մենք աջակցում ենք նրանց, ովքեր իրենց ջանասիրությամբ կերտում են իրենց ճանապարհը դեպի հաջողություն և իրենց աշխատանքով երջանկություն են պարգևում շրջապատին: Առավել քան համոզված եմ, որ այս գիրքն ուղեցույց կհանդիսանա երիտասարդների համար և կօգնի նրանց ծանոթանալու Օպերային թատրոնի պատմությանը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Նշենք, որ գիրքը կտպագրվի «Լուսակն» հրատարակչությունում՝ 500 տպաքանակով: Նախատեսվում է, որ այն լույս կտեսնի ս.թ. դեկտեմբեր ամսին:

Ամենաընթերցվածը