Տարոն Մարգարյանի բուռն աճը. Գազելները խուճապի մեջ են

    • Հասարակություն - 18 Ապրիլի 2017, 15:57
Երեւանի Ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, Ավագանու ընտրությանը ՀՀԿ ցուցակում ներկայացված Հովիկ Մուսայելյանը, ով Սինոփսիս Արմենիա ընկերության ղեկավարն է, Ազատություն ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Տարոն Մարգարյանն այս տարիների ընթացքում բավականին աճել է որպես քաղաքապետ:

Հովիկ Մուսայելյանը Տարոն Մարգարյանին բավական մոտ է, եւ նրան թերեւս նկատելի է որպես քաղաքապետ Տարոն Մարգարյանի աճը: Հայաստանի քաղաքացիներին նկատելի է Տարոն Մարգարյանի միլիոնավոր դոլարների ունեցվածքի աճը, այլ աճ նկատելի չէ:

Մարգարյանի ունեցվածքի մասով սակայն Հովիկ Մուսայելյանը պատասխան չունի, կամ ավելի շուտ՝ ունի բավական օրիգինալ մի պատասխան: Նա ասում է, թե չի կարծում, որ Երեւանի քաղաքապետը պետք է համեստ ապրելակերպի օրինակ ծառայի քաղաքացիների համար, որովհետեւ նա օպերատիվ խնդիրներ է լուծում: Թե ինչ կապ ունեն օպերատիվ խնդիրներն ու Տարոն Մարգարյանի ահռելի՝ իր այսպես ասած պետական պաշտոնավարման անցած ճանապարհի հետ անհամադրելի ունեցվածքը, թերեւս կրկին հայտնի է միայն Հովիկ Մուսայելյանին:

Փաստորեն, եթե քաղաքապետը օպերատիվ խնդիրներ է լուծում, նա չպետք է ունենա համեստ ապրելակերպ, լինի համեստ ունեցվածքի տեր: Երեւի խնդիրներն անլուրջ կընդունեն այդպիսի քաղաքապետին եւ չեն վախենա նրանից, իսկ այժմ խնդիրները տեսնում են, թե ինչպես է Տարոն Մարգարյանն աշխատանքի սլանում իր թանկարժեք Մերսեդեսով, եւ վախից չգիտեն, թե ուր թաքնվեն: Օրինակ, նկատելի է, թե ինչպես են Տարոն Մարգարյանի Մերսեդեսի տեսադաշտից ուղղակի խուճապահար ճողոպրում երեւանցիներին աշխատանքի կամ տուն տանող հնամաշ գազելները կամ մի քանի աստիճանի անկյուն կազմող վերելքը հազիվ հաղթահարող ավտոբուսները:

Դրանք արդեն երեւի թե զգում են քաղաքապետի շքեղ Մերսեդեսը կիլոմետրերի հեռավորությունից եւ լեղապատառ նահանջում:

Իսկ բազմաբնակարան շենքերն ամոթից գետինն են մտնում, երբ պատկերացնում են Տարոն Մարգարյանի մի քանի տների կամ առանձնատների հարմարավետությունն ու բարեկարգությունը:

Ընդհանրապես, Երեւանի քաղաքային բյուջեում թերեւս պետք չէ նախատեսել ծախսեր քաղաքի այս կամ այն խնդիրը լուծելու համար: Պարզապես պետք է նախատեսել մեկ բյուջետային ծախս՝ բյուջեից փոխանցումներ քաղաքապետի անձնական հաշվին, եւ որքան այդ հաշիվը դառնա «անհամեստ», այնքան ավելի մեծ թափով նահանջելու են խնդիրները, չսպասելով, որ քաղաքապետը օպերատիվ հասնի իրենց եւ լուծի:

Այդ ամենն իհարկե կարող էր ծիծաղելի լինել, բայց Երեւանի կառավարման ղեկը կրկին պահելուն հավակնող ՀՀԿ-ն, համենայն դեպս իր կրկնվող թեկնածուով, ինքն է փաստացի ծիծաղում քաղաքացիների վրա:

Տարոն Մարգարյանը գուցե աճել է, որպես քաղաքապետ, բայց քաղաքապետի աճը պետք է արտացոլվի քաղաքում, ընդ որում ոչ թե ծառ ու ծաղկի, այլ քաղաքի կենսագործունեության, քաղաքում քաղաքաբնակների կեցության համար հարմարավետության աճի տեսքով:

Երեւանում Տարոն Մարգարյանի կառավարման ավելի քան 6 տարիների ընթացքում աճ չի արձանագրվել քաղաքային եւ որեւէ ենթակառուցվածքում: Պարզապես քաղաքացիների արժանապատվության ամենօրյա ոտնահարում է տրանսպորտը, որի խնդիրը արժանապատվությանը գոնե նվազագույն հարիր մակարդակում պետք է լուծվեր վեց տարիների ընթացքում: Երեւանում ճանապարհների որակը, դրանց սպասարկման որակը կարող են լինել կոռուպցիայի կամ քաղաքային կառավարման բացակայության աղաղակող օրինակ, որն արտացոլվեց անգամ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրություններից մեկում, որտեղ նշվում էր, որ Երեւանում փողոցների նորոգման համար անցկացվող մրցույթները տեղի են ունենում «ոչ մրցակցային» իրավիճակում:

Երեւանում որեւէ զարգացում չի ապրել համատիրությունների համակարգը, որեւէ աճ չի արձանագրվել բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսությունում, որեւէ աճ չկա Երեւանում երթեւեկության բեռնաթափման ուղղությամբ:

Տարոն Մարգարյանի քաղաքապետության 6 տարիների ընթացքում այդպես էլ պարզ չի դարձել, թե ու՞ր է զարգանում քաղաքը, ինչ ռազմավարությամբ, ինչ ուղղությամբ, դեպի ո՞ր երազանքը, դեպի ու՞մ երազանքը:

Միակ բանը, որ եղել է շոշափելիորեն նկատելի, դա այն է, որ քաղաքը ինտենսիվ կերպով պճնվել է, ընդ որում բավական թանկ «ինքնարժեքով» պճնանքով: Այդ իմաստով Մարգարյանն անկասկած աճել է, բայց ոչ թե որպես Երեւանի քաղաքապետ, այլ որպես դիմահարդար, այն էլ ոչ Երեւանի, որովհետեւ Երեւանն ու քաղաքի դեմքին ծեփվող պճնանքը իրար հետ չունեն որեւէ ընդհանուր եւ օրգանական կապ:

Ամենաընթերցվածը