Կոչ FAST-ի հիմնադիրներին

  • Հասարակություն - 18 Ապրիլի 2017, 13:59
FAST-ի հիմնադիրներ Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Նուբար ԱՖԵՅԱՆԻՆՏեր Մեսրոպ քահանա ԱՐԱՄՅԱՆԻՆ և Արթուր ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ

Մեծարգո՛   FAST-ի հիմնադիրներ

Նախ Համահայկական գիտական խորհուրդ (ՀՀԳԽ) ՀԿ-ի նախագահության անդամների և ՀՀ գիտության ճակատագրով մտահոգ բազմաթիվ գիտնականների անունից մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ և Ձեր թիմակիցներին մեր հայրենիքի բարգավաճմանը նպատակաուղղված Ձեր խիստ արժեքավոր նախաձեռնության համար, որը համահունչ է  ՀՀԳԽ-ի 1990 թվականից մինչ օրս շարունակվող պայքարին:

Նախորդ նմանատիպ առաքելությունների փորձը հուշում է, որ Ձեր նախաձեռնությունը կարող է արդյունավետ լինել ՀՀ-ում գործող գիտահամալսարանական համակարգի արմատական բարեփոխման դեպքում. այն համակարգի, որը գիտության ֆինանսավորումը,  հետբուհական կրթության տեղերի պետական պատվերների բաշխումը, կադրերի պատրաստումն ու որակավորումը իրակացնում է՝ ելնելով խմբակային շահերից, այլ ոչ թե երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներից: Ակնհայտ է, որ միայն համակարգի նման բարեփոխման ճանապարհով հնարավոր կլինի կասեցնել «կարող» գիտնականների արտահոսքը երկրից (առանձնապես երիտասարդների)՝ ապահովել ժամանակակից սոցիալ-տնտեսական զարգացում մեր երկրում: 

Հանրապետությունում գիտության ներկա աղետալի վիճակի և նրա բարեփոխման ուղիների մասին համառոտակի նշված է վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված իմ բաց նամակում (http://hraparak.am/?p=136556&l=am/qnadatutyun+ev+arajarkutyun+karen+karapetyanin): Սակայն նրա կողմից գործնական քայլերի բացակայությունը գիտության վիճակի շտկման ուղղությամբ հիմք է  տալիս մտածելու, որ առանց արտաքին օգնության նա ևս անզոր է  պայքարելու արդեն իշխանական համակարգում խորը արմատներ տարածած կոռուպցիոն գիտավարչական համակարգի դեմ:

Ուստի, ՀՀԳԽ անունից կոչով դիմում եմ Ձեզ և Ձեր պատկառելի հեղինակավոր թիմին, ևս մեկ առաքելություն ունենալ և օգնել ՀՀ բարձրագույն իշխանություններին բարեփոխելու երկրի գիտահամալսարանական համակարգը՝ տեղափոխելով այն ներկա կոռուպցիոն դաշտից մրցակցային դաշտ: Նման որոշման դեպքում ՀՀ ԳԽ-ի անդամները պատրաստ են դառնալ Ձեր թիմակիցը՝ օգտագործելով մեր 27 տարվա պայքարի փորձը:

Վերջում կցանկանայի Ձեզ տեղյակ պահել, որ ՀՀ Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնում (info@biophys.am) իրականացվում են գիտական և հետբուհական ժամանակակից ծրագրեր, որոնք, համաձայն ՀՀ երկրորդ և ներկա նախագահների կողմից Կրթության և գիտության նախարարության տրված հանձնարարականների, ունեն մեր երկրի համար կարևոր գործնական և քաղաքական նշանակություն: Եթե Ձեզ կհետաքրքրի այդ ծրագրերը, ուրախ կլինենք հյուրընկալել Ձեզ մեր կենտրոնում:

Խորին հարգանքով՝

Պրոֆեսոր Սիներիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենսագիտության ամբիոնի վարիչ,

ՀՀԳԽ ՀԿ-ի նախագահ

Ամենաընթերցվածը