Լրագրողը ոտքերը չեն, այլ ուղեղը, միտքը. Անվասայլակին գամված լրագրողը միայնակ է կանգնած իր խնդիրների առջև

  • Հասարակություն - 17 Ապրիլի 2017, 15:50
Արմատներով արցախցի Գալինա Հայրապետովան ապրում է Աբովյան քաղաքում: Մասնագիտությամբ լրագրող Գալինան ծնվել և ապրել է Բաքու քաղաքում, սովորել այնտեղի Սովետմիության ռուսական դպրոցը: Վերջինս փոքր տարիքից ստեղծագործել է, գրել է բանաստեղծություններ, իսկ 9-րդ դասարանից նույնիսկ ձեռքի աշխատանքեր է արել: Գալինան գրել է տարբեր թեմաներով, տարբեր հոգեվիճակների մասին: Դպրոցն ավարտելուց հետո մեծ է եղել ցանկությունը բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու և չնայած բազում դժվարություններին` կապված առողջության հետ, կարողացել է ընդունվել Բաքվի պետական համալսարանի ընդհանուր բանասիրության ֆակուլտետը, սակայն Բաքվի և Սումգայիթի հայտնի դեպքերի պատճառով ստիպված են եղել ընտանիքով թողնել ամեն ինչ և գալ Հայաստան:

1989 թ-ին ընտանիքով Երևան են տեղափոխվել` քրոջ մոտ, որոշ ժամանակ անց նրանց որպես փախստականների հանրակացարանում տուն են հատկացրել: Միայն տարիներ անց` 1999 թ-ին, կարողացել են սեփականաշնորհել բնակարանը: Հայաստան տեղափոխվելուց հետո Գալինան անմիջապես շարունակում է ուսումը Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և բանասիրության ֆակուլտետում:

Զրուցակիցս պատմում է, որ շատ դժվարությունների միջով են անցել, բայց երբեք չի կորցրել պայքարելու ուժը.

«Ես 94 թ-ին ընդունվեցի աշխատանքի Республика Армениа օրաթերթում` որպես լրագրող և աշխատեցի մինչև 2005 թ.: Շատ եմ սիրել այդ աշխատանքը, բայց երբ 2005-ին դուրս եկա այնտեղից, շուրջ 3 տարի չաշխատեցի: Արդեն 2008-ին մտքովս անցավ ստեղծել սեփական կայք ու թերթ և այդպես էլ արեցի: Ստեղծեցի Vip-persona թերթը, հետո նաև vippnus.hc.am կայքը: Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում: Փոքր, բայց լավ աշխատակազմով աշխատում էինք, գրում էինք ամեն ինչի մասին: Անունն էլ ընտրել էի, որովհետև կարծում էի, որ իմ ընթերցողը և իմ անձնակազմը համապատասխանում են իմ թերթի անվանը: Ես աշխատում եմ բարձրաձայնել այնպիսի խնդիրների մասին, որոնց կարիքը հասարակությունն ունի»,-անկեղծացավ Գալինան:

Վերջինիս համար, սակայն, մեծ դժվարություններ սկսվեցին: Ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով Գալինան ստիպված եղավ փակել թերթը և այսօր միայնակ է կատարում Վիպ Պերսոնայի` vippnus.hc.am կայքի աշխատանքները: Ներդրումներ չկան, ֆինանսական հոսքեր` գովազդներ չկան, օգնող ձեռք չունի: Այս պահին Գալինան գովազդային գործակալի կարիք ունի: Նա նշում է, որ եթե նորմալ ֆինանսավորում լինի, նաև կկարողանա ախատողներ ունենալ:

Գալինան, թեպետ ի ծնե ունի հաշմանդամություն` սայլակի վրա է, բայց դա նրան չի խանգարում աշխատել և օրինակ դառնալ բոլոր նրանց համար, ովքեր ունեն ձգտում: Վերջինս բազմաթիվ մրցույթների է մասնակցել, որոնց մասին են վկայում ստացած վկայականներն ու հավաստագրերը: Դեռևս 2011 թ-ին Եվրոպական Միության կողմից մրցույթ էր անցկացվել հոգեկան խնդիրներով երեխաների մասին, որոնց անդրադարձել էր Գալինան իր կայքում և թերթում: Հենց այդ ժամանակ երկրորդ տեղն են գրավել և ստացել մրցանակ: Այսօր էլ Գալինայի ստեղծագործություններն ուշադրության են արժանացել ՌԴ խմբագրություններից մեկի կողմից և առաջարկել են այդ մրցույթի շրջանակներում տպագրել վերջինիս ստեղծագործությունները, սակայն խնդիրը գումարն է, որն այս պահին Գալինան չունի.

«Մեծ գումար չէ, ամեն էջի համար 1000 ռուբլի են ուզում, մեզ պետք է 3 էջ տպագրել, այսինքն` մոտ 3000 ռուբլի: Ճիշտ է գումարը մեծ չէ, բայց դրա հնարարավությունն այս պահին չունեմ: Ես փորձում են քանդել կարծրատիպերը, թե հաշմանդամությունը կարող է խնդիր լինել: Ես կարծում եմ՝ լրագրողը դա ոտքերը չեն, այլ ուղեղը, միտքը, նույնիսկ անվասայլակը չի խանգարում կատարել սիրելի աշխատանքս, բայց խանգարում է մարդկային անտարբերությունը…Մեր քաղաքում չէի ասի, բայց հենց դուրս եմ գալիս այնտեղից, սկսվում են բոլոր խնդիրները, անգամ սոցիալական աշխատող չկա, որի օգնությանը դիմեմ, ամեն ինչ մենակ եմ անում»,-ասում է Գալինան:

Այս ամենին էլ ավելանում է նաև սոցիալական խնդիրը… ընդամենը 42000 դրամ թոշակ և այդ ամենով վերջինս ստիպված պիտի իր գոյության և նաև կայքի գոյության մասին մտածի: Գալինա Հայրապետովան շատ երազանքներ ունի. ցանկանում է, որ ապրենք ավելի լավ` իր խոսքով` եվրոպամետ Հայաստանում: Նաև ցանկանում է, որ vippnus.hc.am-ի աշխատանքները ֆինանսական խնդիրների պատճառով չդադարեցվեն:

«Իմ հետաքրքիր աշխատանքը սկսվել է Հայաստանում: Ես ուզում եմ, որ մարդկանց սոցիալական վիճակը փոխվի, որ մարդուն մի քիչ տեղ տան մեր երկրում, որ մարդը աշխատի և կարողանա օգուտ բերել», - եզրափակեց Գալինան:

Գալինա Հայրապետովան այսօր մենակ է կանգնած իր բազում խնդիրներին դեմ հանդիման` առանց տրտնջալու, բայց մեծ հավատով ու հույսերով լեցուն, որ վաղն ամեն բան փոխվելու է:

Ինգա Հայրիյան

Ամենաընթերցվածը