Ինձ համար կարևոր ֆիլմ է, բոլոր նախնիներս Հայոց ցեղասպանության զոհեր են. Սերժ Թանկյանը խոսել է «Խոստումը» ֆիլմի մասին

  • Հասարակություն - 13 Ապրիլի 2017, 21:55
Ամերիկահայ հայտնի ռոք երգիչ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը և ֆիլմի պաշտոնական սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը Լոս Անջելեսում մասնակցել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սերժ Թանկյանը նշել է, որ շատ ուրախ է ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցելու համար: «Ես շատ ուրախ եմ, որ մասնակցություն եմ ունեցել ֆիլմի երաժշտական մասի աշխատանքներին: Սա շատ կարևոր ֆիլմ է: Դրանում ներկայացված է սիրո պատմություն, որը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության տարիներին: Սա ինձ համար կարևոր է, որովհետև իմ բոլոր նախնիները Հայոց ցեղասպանության զոհեր են»,- ասել է Թանկյանը:

«Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը, կարևորելով Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ նկարահանելու` երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությունը, նույնպես նշել է, որ իր նախնիները Հայոց ցեղասպանության զոհեր են, և ինքը ցանկանում է այս հարթակը օգտագործելու եղանակով խախտել լռությունը ու մարդկանց ուշադրությունը հրավիրել խնդրի վրա: 

Ամենաընթերցվածը