Գիտնականները պատմել են՝ ինչպես կարելի է նվազեցնել ինսուլտով հիվանդանալու վտանգը

  • Հասարակություն - 13 Ապրիլի 2017, 16:16
Եյլի համալսարանի գիտնականները պարզել են, որ սննդի մեջ անդրաճարպերի մեծ պարունակությամբ մթերքների գործածումից հրաժարումը թույլ է տալիս նվազեցնել ուղեղի կաթվածի եւ սրտի նոպայի առաջացման վտանգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է համալսարանի պաշտոնական կայքում: 

Հետազոտողներն այս եզրակացություններին հանգել են այն վիճակագրության ուսումնասիրության հիման վրա, որն արտացոլում է 2002-ից մինչեւ 2013 թվականն ընկած ժամանակահավածում Նյու Յորքի նահանգում մարդկանց հոսպիտալացումը: Այն վայրերում, որտեղ մարդիկ սահմանափակել են անդրաճարպերի գործածումը, սրտի նոպայով եւ ուղեղի կաթվածով հիվանդների թիվը վեց տոկոսով կրճատվել է:   

«Սննդաբաժնից անդրաճարպերի բացառումը կարող է զգալիորեն նվազեցնել ուղեղի կաթվածի եւ սրտի նոպայի առաջացման վտանգը… Պետական մակարդակով անդրաճարպերի արգելքը կարող է իսկական հաղթանակ դառնալ միլիոնավոր մարդկանց համար»,- հայտարարել է հետազոտության հեղինակներից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ամենաընթերցվածը