Գարեգին Երկրորդը չի ասել նպատակը. Սերժ Սարգսյանը տեղյա՞կ է

    • Հասարակություն - 13 Ապրիլի 2017, 14:37
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ նախատեսվում է եռակողմ հանդիպում Արցախի հակամարտության թեմայով՝ Ռուսաստանի Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ՝ Գարեգին Երկրորդի եւ Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի մասնակցությամբ: Կաթողիկոսն Արմենպրեսին ասել է, որ այժմ ճշտվում է հանդիպման օրը եւ օրակարգը:

Այդ ֆորմատի հանդիպումներ Արցախի հակամարտության գործընթացում եղել են պարբերաբար: Վերջին հանդիպումը կարծես թե տեղի է ունեցել Երեւանում՝ ԱՊՀ կրոնական առաջնորդների հավաքի շրջանակում, 2011 թվականի նոյեմբերին: Այդ հանդիպումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Ալլահշուքյուր Փաշազադեին ընդունել էր նաեւ Սերժ Սարգսյանը, ողջունել խաղաղ կարգավորմանը նպաստելու նրանց ջանքը, իսկ Փաշազադեն ասել էր, թե ինքը նաեւ Ալիեւի հետ հանդիպումներում է ասել, որ պատերազմը լուծում չէ:

Բայց, ինչպես երեւում է, Ալիեւը բանի տեղ չի դրել Փաշազադեին, որովհետեւ 2011 թվականից հետո Ալիեւը քայլ առ քայլ ավելի ու ավելի ագրեսիվ է դարձել, իսկ 2016 թվականի ապրիլին պարզապես վերսկսել պատերազմը:

Այդ պատերազմից հետո տեղի ունեցավ բանակցային որոշակի գործընթաց, եղան Սարգսյան-Ալիեւ երկու հանդիպում՝ Վիեննայում մայիսին եւ մեկ ամիս անց Սանկտ-Պետերբուրգում: Օրակարգում դրվեց հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման հարցը, որը սակայն Ադրբեջանը մերժում է, հայտարարելով, որ եթե այդ մեխանիզմը ներդրվի մինչեւ հայկական զինուժի հետ քաշվելը, ապա դա կնշանակի ստատուս-քվոյի ամրապնդում:

Միջազգային հանրությունը պնդում է, որ Վիեննայի օրակարգը պետք է հարգվի:

Պաշտոնական Երեւանը որոշակի ժամանակահատվածից սկսած հայտարարեց, որ քանի դեռ Ադրբեջանը շարունակում է կրակել, դիվերսիաներ փորձել, գրոհել, հրետանակոծել առաջնագիծը, չկա հանդիպելու եւ որեւէ բան քննարկելու իմաստ: Ինչու նախագահների մակարդակով հանդիպել եւ խոսել ինչ որ բանի մասին, եթե Ադրբեջանը դրանից թե առաջ, թե հետո շարունակելու է սահմանին մարդ սպանել, փաստացի արձանագրում է Երեւանը:

Այդ դիրքորոշումը տրամաբանական է: Թվում է, որ բանակցության որոշակի գործընթացը գոնե կանխում է պատերազմը, լայնամասշտաբ ռազմական գործողությունը: Դա պատրանք է եւ դրա վկայությունը հենց ապրիլի պատերազմն է: Մինչ այդ կանոնավոր տեղի էին ունենում հանդիպումներ, կար գործընթաց, բայց դա չխանգարեց Ադրեջանին վարել ռազմական դիվանագիտություն եւ քայ առ քայլ լարել իրավիճակն ու սկսել պատերազմ:

Ադրբեջանի պատերազմ սկսելու հարցը բանակցության լինել-չլինելով չէ, որ լուծվում է, դրանից չէ, որ կախված է: Պետք է դուրս գալ այդ պատրանքից եւ խաղաղասիրության կեղծ չափանիշից կամ խաղաղության գաղափարի ու հասկացության նենգափոխումից:

Ադրբեջանը պատերազմելու է՝ հենց ստանա դրա աշխարհաքաղաքական առիթն ու աջակցությունը: Իսկ դա Բաքուն ստանալու է բանակցությունից դուրս: Ռուսաստանից միլիարդավոր դոլարների սպառազինությունը՝ դրա ռազմական եւ քաղաքական կշռով, Բաքուն կարգավորման գործընթացի բանակցությամբ չէ, որ ստացել է, այլ Ռուսաստանի հետ առանձին խոսակցությամբ:

Դա ընդամենը մի օրինակ է, հասկանալու համար, որ բանակցությունը գործնականում գրեթե կապ չունի պատերազմ սկսել-չսկսելու Բաքվի քայլի հետ: Ըստ այդմ, պատերազմը կարող է կանխել միայն Հայաստանի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումն ու Հայաստանի կառավարման արդյունավետության էական բարձրացումը, միաժամանակ Հայաստանի ինքնիշխան քաղաքականությունը եւ Ռուսաստանից ռազմա-քաղաքական կախվածության բացառումը:

Այդ համատեքստում, ի՞նչ նպատակ է հետապնդում Ռուսաստանի Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ Կաթողիկոսի եւ Փաշազադեի հանդիպումը: Հազիվ թե Գարեգին Երկրորդը այդ հանդիպմանը հավանություն տար առանց Սերժ Սարգսյանի հավանության: Կարո՞ղ է Գարեգին Երկրորդն ինքնուրույն որոշել համաձայնել այդպիսի հանդիպման: Իսկ ի՞նչ հարց է դնելու այդ հանդիպմանը հայկական կողմը: Համաձայնությունը տրվում է կոնկրետ նպատակ ունենալո՞վ, թե՞ պարզապես Կիրիլին չմերժելու համար:

Վատ չէ իհարկե, եթե կրոնական առաջնորդները հանդիպում են եւ խոսում խաղաղության մասին: Բայց աներկբա է, որ նրանց խոսքը խաղաղության չի ծառայում, առնվազն Ալիեւի կողմում: Փոխարենը, նրանց հանդիպումը կարող է ծառայել խաղաղության մասին խոսքի նենգափոխման: Իսկ նենգափոխված խաղաղությունը միշտ ծառայում է պատերազմին՝ վաղ թե ուշ:

Ապրիլի պատերազմից հետո խաղաղության ռազմա-քաղաքական նենգափոխումը թե ներքին, թե արտաքին մասշտաբում դարձավ չափազանց բարդ՝ ակնհայտ փակուղում դնելով թե Ադրբեջանին, թե նրա ռազմական դիվանագիտության ռազմավարական գործընկերներին:

Արդյոք այժմ փորձ է արվում կրոնա-քաղաքական «արահետով» ճեղքել խաղաղության նենգափոխման փորձերի այն փակուղին, որը չի ստացվում ճեղքել «ռազմա-քաղաքական մայրուղով», քանի որ ապրիլի պատերազմում հայկական զինուժն ու նրան կամավորական միահամուռ աջակցություն ցուցաբերած հասարակությունը ոչ միայն Ադրբեջանի զինուժի ճանապարհն են փակել, այլ նաեւ խաղաղության նենգափոխման այդ «ռազմա-քաղաքական մայրուղին», հաստատելով գոնե հարաբերական, բայց նենգափոխման չենթարկվող խաղաղության գրեթե անշրջելի չափանիշներ ու նշաձողեր:

Ամենաընթերցվածը