Ընտրությունների ժամանակ խաղաքարտի վրա է դրված կարևորագույն արժեք` իշխանությունը

    • Հասարակություն - 03 Ապրիլի 2017, 13:08
Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում անց է կացրել 6 նախագահական, 5 խորհրդարանական ընտրություն, 4 հանրաքվե, ինչպես նաև տեղական ինքնակառավարման և լրացուցիչ բազմաթիվ ընտրություններ:

Տեսականորեն այդ բոլոր ընտրություններն ու հանրաքվեները ընձեռում էին եթե ոչ համակարգային, ապա գոնե մասնակի փոփոխությունների հնարավորություն, սակայն անցած 25 տարվա ընթացքում Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել երբևէ: Տեղի է ունեցել մեկ պալատական հեղաշրջում՝ 1998 թվականին, երբ գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց ներիշխանական տարաձայնությունների պատճառով, և նշանակվեցին արտահերթ ընտրություններ։ Այդ գործընթացում ժողովրդի մասնակցությունն ու դերակատարությունը բացակայում էին, ուստի նման փոփոխությունը միասնական կամքի արտահայտություն անվանել հնարավոր չէ։

Բոլոր ընտրությունների ժամանակ՝  չնայած պարբերական հուզումներին ու հանրային բողոքներին, բացառությամբ 1990, 1991 թվականների խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների, երբ ընտրություններին Կոմունիստական կուսակցությունը զրկվեց քաղաքական մենաշնորհից, ընտրական գործընթացները հիմնականում արձանագրում էին այդ պահին իշխող քաղաքական ուժի «հաղթանակը», իսկ գործընթացը մշտապես ուղեկցվել է մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով՝ ընդհուպ կյանքի իրավունքի հանդեպ ոտնձգություններով, հիշենք Մարտի 1-ը։

Ինչու՞ է դա այդպես

Արդեն հաստատված փաստ է, որ տարիներ շարունակ ոչ ժողովրդավար երկրների էլիտաներն իրենց առջեւ արդար ընտրություններով իշխանության գալու խնդիր չեն դնում, այլ փորձում են իրավական հիմքեր ապահովել կեղծված ընտրությունների` իրենց ձեռնտու արդյունքները ժողովրդին ու միջազգային հանրությանն ընդունելի դարձնելու համար: Իսկ ընտրակեղծիքները խոսում են երկրի բնակչության տնտեսական ծանր վիճակի, քաղաքական անազատության, երկրում մարդու իրավունքների ցուցանիշի, ազատությունները ստորադասող արժեհամակարգի վրա հիմնված քաղաքակրթական ցածր մակարդակի մասին:

Շարունակական բռնության ենթարկվող ժողովուրդը, որի առջեւ փակված են օրինական իշխանություն ձեւավորելու հնարավորությունները եւ որը հետեւողական ենթարկվում է ստորացման, ազատագրվելու համար զրկված է ցանկացած իրավական խողովակից:

Իսկ ընտրությունների ժամանակ խաղաքարտի վրա է դրված կարևորագույն արժեք` իշխանությունը, և ոչ ժողովրդավար երկրներում, ինչպիսին նաեւ Հայաստանն է, այն պահպանելու համար իշխանության ղեկին գտնվողներն իրենց արտոնություն են վերապահում ցանկացած միջոցի դիմելու՝ «խաղը» շահելու համար: Եվ այդ խաղը անընդհատ նոր գործիքներով համալրվելով մեծացնում է ճգնաժամը ընտրական ինստիտուտի հանդեպ՝ մեծացնելով քաղաքական ճգնաժամն ու վերածվելով անվտանգության սպառնալիքի։

Ինչպես համալրվեց ընտրախախտումների ներկապնակը

1995 թվականից հետո ՀՀ-ում անցկացված որեւէ ընտրություն չի համապատասխանել միջազգային չափանիշներին: 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցան հետընտրական հանրային հուզումներ: Սա առաջին դեպքն էր, երբ իշխանությունն առնչվեց պահանջատեր-քաղաքացու հետ` նրա, ում ՀՀ սահմանադրությամբ պատկանում է իշխանությունը, ով իրավունք ունի վիճարկելու ընտրությունների արդյունքները և երկրի օրինական տիրոջ դեմ հանվեց բանակը: Դա ունեցավ իր պատմական հետեւանքները, որոնք շատ տխուր իրավիճակ առաջացրին  հրաժարականի տեսքով, ապա նաև ամրագրվեցին 1998թ. ընտրություններում:

Նորանկախ Հայաստանի երկրորդ նախագահի առաջադրումն անգամ հակաօրինական էր։ Ռոբերտ Քոչարյանն իշխանության եկավ` կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը, որը սահմանում էր, թե ով կարող է Հանրապետության Նախագահ  ընտրվել, և հստակորեն ձևակերպում. «... վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:

Ավելի խոշոր ընտրախախտում պատկերացնել հնարավոր չէ. այլ երկրի` ԼՂՀ-ի ղեկավարը չէր կարող ապրել 10 տարի Հայաստանում: Ընդ որում` դա տեղի ունեցավ միջազգային, քաղաքական էլիտայի, այդ թվում նաեւ մրցակցող թեկնածուների աջակցությամբ` հանրային զգալի զորակցության ու աջակցության պայմաններում:

Այսպիսով` կարելի է եզրակացնել, որ հանրային զորակցություն ստանալու համար միշտ չէ, որ օրինականություն է պետք, նման անօրինական քայլը` Սահմանադրության ոտնահարումը, անգամ ողջունվեց Հայաստանի բնակչության զգալի մասի կողմից, քանի որ Արցախի հետ միավորման գաղափարը զգայական մակարդակում շատ զորեղ էր, սակայն երբևէ իրավական ձևակերպում չստացավ ու չդարձավ պետական քաղաքականության մաս:

Պատմական այս դրվագը ցույց է տալիս, որ երկրի Մայր օրենքը կարելի է ստորադասել չսահմանված ու չհստակեցված «ազգային շահին»: Եթե այդպես է, ուրեմն կարելի է նաեւ ծառայեցնել խմբային շահերին, եւ քանի որ Սահմանադրության` որպես հանրային պայմանագրի ու բոլոր տիպի ազգային, զգացմունքային եւ անձնական հարցերից վեր դասելու գիտակցման հարց դրված չէր ընդհանրապես, հնարավոր եղավ ապօրինության շուրջ ստանալ հսկայական հանրային աջակցություն: Անօրինական իշխանության ձեւավորման ժամանակահատվածում տեղի ունեցած ընտրություններն ավելի մեծացրին ընտրախախտումների ներկապնակը` անգամ միջազգային

Հանրության կողմից պարտադրվող Ընտրական օրենսգրքի շարունակական կատարելագործման պայմաններում:

2003-ի նախագահական եւ ԱԺ ընտրություններն անցան ավելի խոշոր ընտրախախտումներով` բացահայտ ու քողարկված, որոնց մասին բարձրաձայնեցին միջազգային դիտորդական խմբերը` հիմնականում ընդգծելով ձայների հաշվարկման մասով տեղ գտած աղաղակող խախտումները: Իշխանությունները կազմավորվեցին բացահայտ ահաբեկչությամբ ու ընտրակեղծիքներով: Այս ընտրություններից հետո տեղի ունեցան հուզումներ, որոնք, սակայն, ճնշվեցին ոստիկանական ուժի գործադրման միջոցով, որովհետեւ հուզումների ամպլիտուդն այնքան չէր, որ ներգրավվեր նաեւ բանակը:

2007-ի ընտրությունները, որպես այդպիսին, բավականին յուրօրինակ էին, քանի որ քաղաքական դաշտում հայտնվեց ԲՀԿ-ն, եւ ՀՀԿ-ի հետ միասին ընտրակաշառքի դերակատարումը մեծացրին ընտրական գործընթացներում: Քաղաքական ընտրապայքարից հստակ անցում կատարվեց դեպի ֆինանսական հնարավորությունների ցուցադրություն եւ լեգիտիմացվեց խոշորների կողմից ընտրակաշառքը` որպես ընտրությունների արդյունքի վրա ներազդելու լուրջ գործոն:

2008թ. ընտրությունների ժամանակ ստեղծվեց նոր իրավիճակ. հանդես եկավ մի թեկնածու` երկրի առաջին նախագահը, որն իրական վտանգ էր վարչախմբի վերարտադրության համար: Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբվեց բավական մեծ ռեսուրս, որը նաեւ հանրային մեծ հուզումներով բողոքարկեց կեղծված ընտրությունների արդյունքները: Բողոքի շուրջօրյա միջոցառումների մեծացող ալիքը լուրջ վտանգ էր, եւ այն չեզոքացվեց աննախադեպ բռնությունների ու 10 մարդկային կյանքի գնով:

Սա ապացույցն է նրա, որ հետընտրական բողոքի ալիքը, որքան էլ այն արդարացված և հուժկու լինի, չի ազդում արդեն գրանցված և քաղաքական խաղացողների հիմնական մասի կողմից ընդունված արդյունքների վրա։ Նրանք բոլորը միասնաբար պատրաստ են ամենաբիրտ գործողությունների, միայն թե չկորցնեն իրենց բաժին իշխանությունը։

2012 և 2017 թվականների ընտրությունները հստակորեն ապացուցեցին, որ հիմնական հարցը եղել և մնում  է ցանկացած միջոցով վերարտադրության ապահովումը:

Արդյունքում ՀՀ-ն գրեթե միշտ ունեցել է կասկածելի լեգիտիմությամբ իշխանություն, որը չի ստեղծել բավարար պայմաններ ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար, ուստի և չի արտահայտել ժողովրդի  կամքը` ստեղծելով երկրում կասկածի մթնոլորտ, իսկ միջազգային ասպարեզում` ինքնուրույն գործելու եւ սեփական երկրի շահերից բխող դիրքորոշումը պնդելու խիստ սահմանափակ հնարավորություններ:

Ամենաընթերցվածը