Յուրի Բաղդասարյանի «ԽՍՀՄ-ի կործանումը» գիրքը հանձնվել է ընթերցողների դատին

  • Հասարակություն - 20 Մարտի 2017, 15:20
Լույս է տեսել մանկավարժ, մեթոդիստ, «Բաքուն և հայերը» գրքի հեղինակ Յուրի Բաղդասարյանի նոր՝ «ԽՍՀՄ-ի կործանումը» գործը: Գրքի մասին հեղինակը խոսեց մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Եթե ստրկատիրական հասարակությունում ստրուկներին վաճառում էին, ապա Խորհրդային Միությունում շատ ժողովուրդների, այդ թվում նաև հայերին կարող էին զրկել ամեն բանից և անպատիժ մնալ: Նմանատիպ գործընթացները  հովանավորում էր Կրեմլը: Վաղուց էի ցանկանում գրել ԽՍՀՄ-ի պատմության և կործանման մասին, և երկար աշխատանքից հետո ստեղծվեց այս գիրքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նշեց Յուրի Բաղդասարյանը:

Հեղինակը 19 կետ է նշում, որոնք ԽՍՀՄ-ի փլուզման պատճառ են դարձել: «Այն կործանվեց Արևմուտքի ջանքերով, Խորհրդային Միության ղեկավարների անշրջահայացության, տնտեսական ու արտաքին քաղաքական ճգնաժամի, ազգամիջյան կոնֆլիկտների և այլ խնդիրների պատճառով»,-ասաց նա:

Բաղդասարյանի խոսքով`ընթերցողներին նյութը լիարժեք ու ամբողջական մատուցելու համար ինքը իրադարձությունները ներկայացրել է Պետրոս Առաջինի ժամանակաշրջանից:

Հեղինակն ընդգծեց, որ գիրքը գրելիս օգտվել է տարբեր աղբյուրներից` արխիվներից, հանրագիտարաններից, վավերագրական նյութերից:

«Իմ աշխատություններով ձգտում եմ անցյալը միացնել ներկայի և ապագայի հետ, ազգովի հանդուրժողականություն սերմանել ու բարի գործերով շարժվել առաջ, քանի որ երկրի վրա չարիքը շատ է, և աշխարհին բարոյական մաքրություն ու անկեղծություն է անհրաժեշտ»,- շեշտեց հեղինակը:

Գիրքը կարելի է գտնել Երևանի գրախանութներում և գրադարաններում:

Յուրի Բաղդասարյանը ծնվել և մեծացել է Բաքվում: Նա ՀՀ քաղաքացի է եղել, սակայն անգամ սումգայիթյան ջարդերից հետո շարունակել է ապրել Բաքվում: 52 տարեկանում տեղափոխվել է Հայաստան: Մասնակցել է Ադրբեջանում տեղի ունեցած ցույցերին՝ փորձելով ըմբռնել հայերի դեմ ադրբեջանցիների տրամադրվածությունը, և հասկացել է, որ նրանք նպատակադրված են վերացնել հայերին։