Բրիտանական խորհրդի Unlimited: Making the Right Moves տարածաշրջանային ծրագրի շրջանակում մարտի 17-ին տեղի ունեցավ «Ներառական հասարակություն» համաժողովը, որի նպատակն էր ներկայացնել արվեստի միջոցով ներառական հասարակություն կառուցելու հնարավորություններն ու օրինակները: Համաժողովին մասնակցում էին հայ և բրիտանացի փորձագետները, որոնք քննարկեցին ոլորտի խնդիրները և զարգացման հնարավոր ուղղությունները: 2013 թվականին Բրիտանական խորհուրդը նախաձեռնեց «Պար` առանց սահմանների» ծրագիրը, որի շրջանակում Միացյալ Թագավորության «Կանդուկո» ներառական պարային խմբի աջակցությամբ և մեթոդաբանությամբ Փոքր թատրոնին կից ձևավորվեց հայկական առաջին պրոֆեսիոնալ թատերախումբը` հանդիսատեսին ներկայացնելով երկու բեմադրություն և մասնակցելով Գլազգոյում կայացած Unlimited միջազգային փառատոնին: Հաշմանդամություն ունեցող և չունեցող պարողներ ընդգրկող «Կանդուկո» ներառական պարային խմբի մասնագետները և Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավարը ներկայացրեցին արվեստի միջոցով ներառականության հասնելու հնարավորությունները, իսկ Միացյալ Թագավորության DaDa Fest փառատոնի ներկայացուցիչ Ռեյչլ Ռոջերսը պատմեց հաշմանդամություն ունեցող մարդկանց կերտած արվեստի և դրա հանրահռչակման մասին: DaDa Fest-ը գործում է Լիվերպուլում և ներկայացնում է հաշմանդամություն ունեցող մարդկանց արվեստը նոր տեսանկյունից: Համաժողովին մասնակցում էին նաև ոլորտի հայ մասնագետները, ովքեր ներկայացրեցին իրենց փորձառությունն ու խնդիրները: «Ներառական հասարակություն» համաժողովը կազմակերպվել է Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 15-րդ տարեդարձի միջոցառումների և Հայաստան «Կանդուկո» ներառական պարային խմբի հյուրախաղերի շրջանակում:
Տեղի ունեցավ «Ներառական հասարակություն» համաժողովը
- Հասարակություն - 20 Մարտի 2017, 14:13