Նովրուզն այսօր

  • Հասարակություն - 20 Մարտի 2017, 10:06
Երևանում արդեն շատերը գիտեն, որ իրանական Նոր տարին՝ Նովրուզը, նշվում է մարտ ամսին: Այդ օրերին քաղաքի փողոցները լցվում են իրանցի զբոսաշրջիկներով, որոնք շրջում են Երևանի փողոցներով, առևտուր անում, Հաղթանակի այգում կրակ անում և վրայից ցատկում. մի խոսքով՝ Նոր տարի են նշում:

Իսկ ինչպես են նշում Նոր տարին Իրանում: Մի քանի հետաքրքիր փաստեր Նովրուզի մասին Իրանում:

«Նովրուզխանին» հնուց պահպանված հետաքրքիր տրադիցիա է, երբ Նովրուզի տոնից գրեթե երկու շաբաթ առաջ մի խումբ երաժիշտներ (պարտադիր է նվագածուի, երգչի ու բեռնակրի ներկայությունը) դուրս են գալիս, շրջում փողոցներում ու տներում և Նովրուզին նվիրված խաղիկներ ասում՝ շնորհավորելով տան տերերի նոր տարին և գարունը՝ փոխարենը որոշ գումար կամ որևէ նվեր ստանալով։

-Գարնան քամին է եկել, Ծաղկանոցում վարդ է եկել, աչքով տվեք ընկերներին։

Այսպիսի համեմատաբար հազվադեպ պատահող սովորություններից բացի գոյութուն ունեն Նովրուզի տոնական արարողակարգի մի քանի պարտադիր կերպով կատարվող սովորություններ:

Նոր տարվա պատրաստությունը մարդիկ սկսում են տուն ու տեղը մաքրելով ու զարդարելով: Շաբաթներ շարունակ պատրաստվում են գալիք Նոր տարուն, գնումներ կատարում, նորացնում տան կահ-կարասին, պատրաստում տոնական պարտադիր ուտելիքներ: Ինչպես և Հայաստանում, Նոր տարին ավելի ճիշտ է անվանել վաճառականների տոն. ապրանքների գները բարձրանում են, բայց չնայած դրան՝ գնումների աժիոտաժը չի դադարում: Պահանջարկն այնքան շատ է լինում ,որ կտրուկ աճում է բացօթյա կրպակների թիվը:

Բոլոր տներում պարտադիր կերպով պատրաստում են Նոր տարվա հիմնական զարդ համարվող Հաֆթսինի սեղան: Առանձին սեղանի վրա դասավորում են Նովրուզի համար ավանդական ծիսային ուտելիքներ և իրեր:

Հաֆթ սին թարգմանաբար նշանակում է յոթ սին. այսինքն՝ սեղանին պիտի լինի սին տառով սկսվող յոթ իր՝ սիբ (խնձոր), սիր (սխտոր), սենջեթ (վայրի ձիթապտուղ) և այլն: Այդ կապակցությամբ վերջերս Նովրուզի տոնին ամենավաճառվող իրեղեններից Հաֆթսինի սեղանի ամանեղենն է:

 Հիմա մոդայիկ են դարձել կավից կամ ապակուց ձեռագործ զարդանախշերով այդպիսի ամանեղեններ: Դրանք կարելի է գնել շուկաներից, խանութներից, պարզապես փողոցի մայթերից և արհեստագործի արհեստանոցներից:

Սրանից բացի կա մի գեղեցիկ սովորություն: Գնում են ծաղիկներ: Պարտեզի ծաղիկներ: Վերականգնում և գեղեցկացնում են պարտեզները կամ ով ինչ փոքրիկ հողակտոր ունի:

Ով չունի, գոնե մի ծաղկաման աշխատում է գնել: Այս գեղեցիկ սովորությունը ցույց է տալիս հնուց ի վեր մարդու և բնության միջև եղած կապը:

Նոր տարին Իրանում պետական արձակուրդ է մեկ շաբաթ տևողությամբ, այդ մի շաբաթը ամենքն աշխատում են մեկնել ճամփորդության կամ որևէ այլ հետաքրքիր ծրագիր մշակել՝ Նոր տարին ուրախ նշելու համար: Թեհրանցիները կատակում են, թե ով ուզում է Նոր տարին անցկացնել խաղաղ, ավելի լավ է՝ մնա Թեհրանում: Բազմամիլիոն քաղաքը Նովրուզին դատարկվում է: Գյուղերում կամ փոքր քաղաքներում ազգականներ ունեցողները փախչում են քաղաքի աղմուկից և կեղտոտ օդից, շատերը մեկնում են օտար երկրներ, և արդյունքում քաղաքի փողոցները դատարկ են, իսկ սովորական օրերին ծխից ու մրից սևացած երկինքը՝ մաքուր և կապույտ:

Տոնական այս որերին տարբեր հեքիոաթային կերպարներ կամ տիկնիկներ կարելի է տեսնել: Դրանցից ամենահայտնին Հաջի Ֆիրուզն է: Սևացրած դեմքերով կամ դիմակներով այս կերպարները հայտնվում են փողոցներում և զվարճատեղիներում՝ կատակելով անցորդների հետ:

Պաշտոնական մեկ շաբաթն իրականում ձգվում է 12 օր, իսկ վերջին՝ տասներեքերորդ օրը Սիզդահբեդար անունն է կրում: Այդ օրը իրանցիները նշում են բնության գրկում՝ որևէ գետի ափին, այգիներում կամ զբոսայգիներում: Իսկ օրվա վերջում ջուրն են նետում Հաֆթսինի համար պատրաստած կանաչ փոքրիկ դաշտերը՝ ցորենի կամ ոսպի հատուկ ամաններում կանաչեցրած հատիկները:

Եվ վերջապես Նոր տարուն նախորդող վերջին չորեքշաբթի օրը իրանցիները նշում են Չհարշանբե սուրին կամ Կարմիր չորեքշաբթին: Այդ օրը փողոցներում, տների բակերում խարույկներ են վառում և խարույկի շուրջը հավաքվելով՝ վրայից ցատկում՝ արտասանելով.- Իմ դեղնությունը քեզ, քո կարմրությունը ինձ: Կրակապաշտական ժամանակներից պահպանված այս սովորությունն են նշում իրանցիները Հաղթանակի զբոսայգում՝ հրաժեշտ տալով ձմռանը:

Օվսաննա Բաղումյան

Ամենաընթերցվածը