Ինչու է քահանան հրաժարվել հոգեհանգստյան կարգ կատարել Հաց բերողի համար

  • Հասարակություն - 19 Մարտի 2017, 17:10
Armtimes.com. Եղվարդում քահանան հրաժարվել է հոգեհանգստյան կարգ կատարել «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի համար, երբ փորձ է արվել քաղաքականացնել եկեղեցական արարողությունը, այսպես է մեկնաբանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատու Տ․ Վահրամ քահանա Մելիքյանը երեկվա միջադեպը։

Երեկ տեղեկատվություն տարածվեց, թե Կոտայքի թեմի Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցում հոգեւոր հովիվ Տ. Հովնան քահանա Մաթեւոսյանը հրաժարվել է հոգեհանգստյան կարգ կատարել Արթուր Սարգսյանի համար եւ հորդորել ներկաներին պարզապես իրենց մոմը վառել եւ աղոթք կատարել եկեղեցում։

Տ․ Վահրամ քահանա Մելիքյանը վստահեցնում է, որ ոչ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ոչ էլ Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արք. Քարամյանի կողմից որեւէ հրահանգ չի եղել եկեղեցիներում «Հաց բերող» Արթուր Սարգսյանի համար հոգեհանգիստ չկատարելու վերաբերյալ։

«Արթուր Սարգսյանի համար վերջին երկու օրերին հոգեհանգիստ է կատարվել արդեն մի շարք եկեղեցիներում՝ ինչպես Հայաստանում, այնպես եւ Սփյուռքում։ Հայոց Եկեղեցին հոգեհանգստյան կարգ կատարում է իր բոլոր զավակների համար։ Հոգեհանգիստ չկատարելու որոշումը կայացվել է տվյալ քահանայի կողմից, երբ նա նկատել է, որ փորձ է արվում եկեղեցական արարողությունը քաղաքականացնել, երբ նրան սկսել են հարցեր ուղղվել տեսախցիկի առջեւ»,-նշել է քահանան՝ հորդորելով չտրվել հուզումներին, իսկ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոչ անում չշահարկել հանգուցյալ Արթուրի պարագան եւ զերծ մնալ անհարկի մեկնաբանություններից ու հանիրավի մեղադրանքներից։

Քահանայի՝ հոգեհանգիստ չկատարելու թեման, սակայն լայն քննարկումների առիթ է դարձել։ Իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատուի մեկնաբանությունն այդքան էլ միանշանակ չի ընդունվում։ Շատերը շարունակում են կարծել, թե քահանան պատվեր է կատարել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենաընթերցվածը