Որտեղ է հուղարկավորվելու Հաց բերողը

  • Հասարակություն - 19 Մարտի 2017, 12:31
Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվանից հետո հանրային քննարկման առարկա է դարձել նրա հուղարկավորման վայրը: Երեւանում բողոքի երթեր են տեղի ունենում, Արթուրին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջով: Հանրային այլ խմբեր ասում են, որ քանի որ Արթուրը եղել է եկեղեցական, պետք է նրան հուղարկավորել որեւէ եկեղեցու բակում: Քննարկվում է նաեւ նրան Պանթեոնում հուղարկավորելու խնդիրը:

Արթուր Սարգսյանի եղբայրը օրերս ասել էր, որ այդ մասին առայժմ չեն մտածում: Իշխանությունը առայժմ պաշտոնապես չի արձագանքել Եռաբլուրում հուղարկավորելու պահանջին:

Արթուրի արարքը, նրա կերպարը խոր հետք է թողել հանրային տարբեր շերտերի մտածողության, հոգեբանության եւ զգացմունքների վրա: Մեր օրերում իսկապես եզակի են մարդիկ, որոնք քայլ են կատարում՝ ելնելով իրենց խղճի, պատասխանատվության թելադրանքից, առանց ավելորդ աղմուկի, գովազդի, փիառի:

Հակառակը մեր իրականությունում գերակշռողն է՝ աղմուկ-աղաղակ, խոսքեր ու խոստումներ, արդարացումներ, անպատասխանատվություն, հիստերիա, կռապաշտություն եւ այլն: Իսկ այս ամենը ոչ այլ ինչ է, քան փախուստ իրականությունից, անձնական ու հանրային պատասխանատվությունից:

Այս ֆոնին, Արթուրի արարքը, կյանքն ու մահը եզակի օրինակ են, անկախ ամեն ինչից: Նա գնացել է գիտակից մահվան, որպեսզի ապրեցնի, որպեսզի ստիպի վերաիմաստավորել մեր վերաբերմունքն ու գնահատականն այն ամենի հանդեպ, ինչը կարծրացել է հանրային մտածողության ու վարքի մեջ: Սա սեւի ու սպիտակի պարզունակ խնդիրը չէ, այլ կյանքն իր ողջ բազմազանությամբ ու գեղեցկությամբ, իր պարզ ու հասկանալի իմաստներով, որոնք այնքան աղճատվել են մեր իրականության մեջ:

Նա փաստացի այն հատիկն է, որ մեռնում է նոր ծիլ տալու համար: Ի՞նչ է լինելու այդ ծիլը, կարո՞ղ է հանրությունը փայփայել, խնամել, մեծացնել այն ու ստանալ բարի պտուղներ:

Օրերս լրացավ մեր հանճարի՝ Չարենցի ծննդյան 120-ամյակը: Չարենցը գերեզման չունի, իհարկե հասկանալի պատճառներով, սակայն շատերը դրա մեջ նաեւ մեծ խորհուրդ են տեսնում, կրկին հասկանալի պատճառներով: Եվ նրանց կարելի է հասկանալ:

Չարենցը թողել է մեզ գրի իմաստությունն ու խորությունը, ապրելու ու ապրեցնելու պատգամը, նա գնաց գիտակցված մահվան՝ որպեսզի ոչ մի զոհ չլինի իրենից բացի:

Որտե՞ղ է հուղարկավորվելու Արթուրը. Որտեղ էլ նա հուղարկավորվի, կարեւորը մնում է այն, թե նրա կերպարը ինչ ծիլեր է տալու մեր իրականության մեջ: Դա է լինելու նրա հիշատակի ամենամեծ գնահատականը հանրության կողմից:

Ամենաընթերցվածը