Նովրուզ. նոր օր. նոր սկիզբ

  • Հասարակություն - 19 Մարտի 2017, 10:53
Նովրուզը (պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր) աշխարհի ամենահին տոներից մեկն է, որի մասին հիշատակություններ կան թե հին իրանցիների Սուրբ գիրք Ավեստայում և թե անտիկ հեղինակների երկերում: Օրինակ՝ Ստրաբոնը Նովրուզի մասին գրում է, որ Նովրուզն ամենաընդունված և հարկի տոնն է համարվել: «Հնագույն ժամանակներից մինչ օրս այդ օրը Սիրդարիայի և Ամուդարիայի բնակչությունը հավաքվում է Կրակի տաճարում: Սա ամենահարգի տոնն է, երբ առևտրականները փակում են իրենց կրպակները, արհեստավորները դադարեցնում են աշխատանքը, ամենքն ուրախանում են, միմյանց հյուրասիրում այն խմիչքներով և ուտելիքներով, որոնց դիպել է կրակը»:

Իրանական հին առասպելներում Նովրուզը կապել են իրանական միֆական թագավորների անվան հետ: Այսպես՝ մի գրվածքում ասվում է, որ այն օրը, երբ Աստված մարդկանց ազատեց տապից, սառնամանիքներից ու հիվանդություններից, Ջամշիդը (իրանական առասպելական թագավոր) այդ օրն անվանեց Նովրուզ և շքեղ տոն կազմակերպեց:

Մեկ այլ լեգենդի համաձայն՝ Նովրուզը տոնել են, երբ Ջամշիդը դևերի հետ տարիներ տևած պատերազմում հաղթանակել է: Այս բոլոր պատմություններում կարելի է գտնել ձմեռվա ավարտի և գարնան զարթոնքի հետ կապված տարրեր: Գարնանամուտին հին իրանական ժողովուրդները տոնում էին սառնամանիքի ու ձմեռվա նահանջը, կյանքի նորացումը և գարնան ավետումը:

Այս տոնն այնքան արմատացած է եղել ժողովրդի մեջ, որ անգամ իսլամի ընդունումից հետո պահպանվել է և իսլամականացվել՝ շարունակվելով մինչև օրս:

Հետագայում այն տարածվել է նաև այլ ժողովուրդների ու ցեղերի շրջանում՝ ստանալով միջազգային բնույթ: Թյուրքալեզու ժողովուրդների մոտ Նովրուզի տոնակատարությունը կապված է թյուրքական հին լեգենդի հետ, որի համաձայն՝ այդ օրը թյուրքերը դուրս են եկել Էրգենեկոնի (լեռներով շրջապատված տարածք) պաշարումից: Ներկայումս շատ երկրներում՝ Աֆղանստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Թուրքիայում, Ուզբեկստանում, Տաջիկստանում Նովրուզը պետական տոն է:

Նովրուզը Տաջիկստանում

Հին արեգակնային օրացույցով Նովրուզը նշում էին գարնանային գիշերահավասարի օրը, երբ ցերեկն ու գիշերը հավասարվում են: Գարնան սկսվելու հետ միասին սկսվում է հողագործի նոր հոգսերի և հույսերի շրջանը: Մուսուլմանական լուսնային օրացույցի ընդունումից հետո իսլամ դավանող մի շարք ժողովուրդներ Նովրուզը սկսեցին նշել այդ օրացույցի առաջին ամսվա՝ Մուհարրամի առաջին օրը: Իրանում Նովրուզը նշում են մարտի 21-ին: Դրանից հետո մեկ շաբաթ պաշտոնական արձակուրդ է, իսկ ժողովրդի շրջանում տոնը տևում է 13 օր: Մարդիկ ջանում են Նոր տարին նշել՝ պահպանելով հնագույն ժամանակներից ավանդված սովորույթները:

Նովրուզին նախորդում են տան մաքրման հետ կապված հետ կապված խորհրդանշական արարողություններ: Այդ ընդհանուր մաքրությունը կոչվում էր խանե թեքանի կամ տան թափահարում և տևում երեքից չորս շաբաթ:

Հին թեհրանցիների համար Նոր տարին սկսվում էր նոր անկողին և հագուստ գնելով: Երեխաների հագուստը վառվռուն էր՝ կանաչ, կարմիր, դեղին կամ կապույտ, կանայք նոր և փայլփլուն չադրաներ էին կարում, որպեսզի Նոր տարին դիմավորեն նոր հագուկապով:

Տարվա վերջին չորեքշաբթի օրը նշվում է «Չհարշաբե սուրին»՝ կարմիր չորեքշաբթին: Այդ օրը մայրամուտին դռան առաջ կրակ են վառում և ընտանիքի բոլոր անդամներով վրայից ցատկում՝ ասելով.

-Իմ դեղնությունը քեզ՝ քո կարմրությունը ինձ:

Այս արարողությունը ևս կապված է կրակով մաքրվելու հնագույն հավատալիքի հետ:

Իրանական հին տներից շատերը բակում ջրավազան ունեին: Չհարշանբե սուրիի նախօրյակին ջրավազանի ջուրը թափում էին, մաքրում՝ հավատալով, որ այդպիսով ձմռան ընթացքում տանը կուտակված դառնությունները կհեռանան: Ապա նոր ջուր էին լցնում, որի մեջ տան անդամներից յուրաքանչյուրը մի կտոր շաքար կամ նաբաթ էր գցել՝ նորոգում և բարեբախտություն մաղթելով:

Հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր դարաշրջանում տեղական սովորույթներին և սնահավատություններին ավելանում էին նորերը՝ ելնելով տվյալ ժամանակի առանձնահատկություններից: Օրինակ՝ 100-150 տարի առաջ Թեհրան քաղաքում Արկ (Կամար) կոչվող հրապարակում մի հարթակի վրա թնդանոթի արկ էր դրված: Չհարշանբեսուրիի գիշերը տոնական եռուզեռի աղմկոտ պահին մարդիկ ջանում էին անցնել դրա տակով և երազանքների կատարում խնդրում:

Հին տարվա վերջին հինգշաբթի օրն այցելում են գերեզմաններ: Գերեզմանին հաց, հալվա և խուրմա են դնում և մոմ վառում:

Հնուց ի վեր Նովրուզի տոնից երկու շաբաթ առաջ ափսեներում հատիկ էին ցանում և դրանով զարդարում տոնական սեղանը: Հին Իրանում Նովրուզից քսանհինգ օր առաջ քաղաքների հրապարակում կավե սյուներ էին դնում և դրանք ծածկում ցորենի, բրձի, գարու կամ ոսպի ծիլերով:

Տոնական սեղանն անվանում են «Հաֆթ սին», քանի որ սեղանին պետք է անպայման լինի յոթ պարագա, որոնց անվանումը սկսվում է Սին տառով.

1. Խնձոր (Սիբ), որը խորհրդանշում է մրգերն ու առողջ սնունդը, որը տերերին պետք է բերի գեղեցկություն և առողջություն:

2. Ցորենի ծիլերից պատրաստված քաղցրավենիք (Սամանու), որը սրբության ու պտղաբերության խորհրդանիշ է

3. Վայրի ձիթապտուղը (Սենջեթ) խորհրդանշում է սերը

4. Սխտորը (Սիր) բնական ու ժողովրդկան բժշկության խորհուրդն է, որը պահպանում է ընտանիքի անդամների առողջությունը:

5. Սումախը, որի պտուղները լինելով արևագույն, խորհրդանշում են բարու հաղթանակը չարի նկատմամբ, նաև, իրանցիների շատ սիրելի համեմունքների խորհուրդն է:

6. Քացախը (Սերքե) իմաստության խորհուրդն է, որը նվիրում է իրանցիներին կյանքում շատ անհրաժեշտ համբերություն և մաքրություն:

Նովրուզի տոնին ընդունված էր միմյանց նվերներ տալ: Ավելի վաղ ժամանակներում տան մեծը մետաղադրամներ էր նվիրում փոքրերին: Այդ սովորույթը քսաներորդ դարասկզբի իրանցի գրող Մահմուդ Էթեմադզադեն «Գյուղացիների աղջիկը» վեպում նկարագրել է հետևյալ կերպ.- «Հաջ աղան լաբադեի1 գրպանից մի տուփ հանեց և տվեց կնոջը: Մարգարտյա շղթա էր՝ մանր ու դեղին հատիկներով վեց շարին համեմատաբար խոշոր ու մաքուր հատերով շար ամրացրած:

Հաջ աղան Սարթախթե Դարուղեի գոհարավաճառ Հաջ Մոավենից անցյալ շաբաթ էր այն քառասուն թումանով գնել: Տիկնոջ այտերն ուրախությունից շառագունեցին: Գլուխը կախեց և կամաց ասաց.

Աստված Ձեզ պահապան: Շեն տուն:

Դրանից հետո երեխաներն էլ հայրիկին մոտեցան: Վարդաջուր տվեցին, համբուրվեցին և տոնական նվեր ստացան, հետո մոր կողմը գնացին:

Զահրան խանումը հորից մի զույգ փիրուզյա ականջօղ և հինգ ղրանանոց նոր մետաղադրամ մորից նվեր ստացավ....»:

Նովրուզի վերջին՝ տասներեքերորդ օրը ընտանիքներով մեկնում են քաղաքից դուրս, ընտրում որևէ կանաչազարդ տեղ և այնտեղ նշում տոնական վերջին օրը:

Նովրուզի տոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգության ցանկի մեջ, իսկ 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է Նովրուզի միջազգային օր:

1. Պարեգոտի նման երկարափեշ վերնազգեստ, որ կրում են մուսուլմանական կրոնավորները կամ Մեքքա ուխտագնացություն կատարած մարդիկ