«Կենգուրու»-ն Քաշաթաղի դպրոցում

  • Հասարակություն - 18 Մարտի 2017, 14:54

2008 թվականի մայիսին «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում անցկացրեց «Կենգուրու» առաջին փորձնական մաթեմատիկական խաղ-մրցույթը: Հաջորդ տարիներին «Կենգուրու»-ն հասավ նաև Արցախ:  Մարտի 16-ին ողջ աշխարհում, նաև Արցախի Հանրապետության շատ դպրոցներում, կայացավ մրցույթը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջն. դպրոցում մրցույթին մասնակցեց շրջանի հյուսիսային թևի կրթօջախների 3-12-րդ դասարանների 102 աշակերտ: Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, ով նաև կենտրոնի ղեկավարն էր, տեղեկացրեց՝ մրցույթ կայանում է նաև հարավային թևում՝ Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվ., Իշխանաձորի Հովհաննես Թումանյանի անվ. և Այգեհովիտի միջնակարգ դպրոցներում՝ համապատասխանաբար 23, 52 և 50 աշակերտների մասնակ ցությամբ:

Բերձորի թիվ 1 միջնակարգի տնօրեն Անահիտ Քոսակյանը, ով զբաղված էր նաև մրցույթի կազմակերպչական աշխատանքներով, ասաց, որ իր ղեկավարած կրթօջախից «Կենգուրու»-ին մասնակցում են 31 աշակերտ: 30-ից ավելի աշակերտ ներկայացրել էր Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգը:  Այս կենտրոնում ավելի շատ էին տարրական (3-4-րդ) և միջին դասարանների (5-8-րդ) աշակերտները: Երեխաները մրցույթին մասնակցեցին 3-4-րդ, 5-6-րդ, 7-8-րդ, 9-10-րդ և 11-12-րդ դասարանների տարիքային խմբերով: 9-10-րդում մասնակցեցին 10 աշակերտ, իսկ 11-12-ում՝ մեկական:  

Կովսականի կենտրոնից տեղեկացրեցին, որ այստեղ մրցույթին մասնակցել են նաև հարևան Միջնավանի, Ալաշկերտի, Վանի և Կերենի կրթօջախների սաները: Իշխանաձորի կենտրոնում մրցույթին ներկա էր ԱՀ ԿԳՍՆ ներկայացուցիչ Մուրադ Շահրամանյանը: Այստեղ 10 դպրոցի աշակերտներ մասնակցեցին մրցույթին, իսկ Այգեհովիտում՝ 9: Բոլոր կենտրոններից տեղեկացրեցին՝ մրցույթն անցել է կազմակերպված:

Զոհրաբ Ըռքոյան

Ամենաընթերցվածը