«Էդ որտե՞ղ ես պահել, հլը տեղն ասա», զարմացած հարցրել է Ծառուկյանը

  • Հասարակություն - 17 Մարտի 2017, 20:27
Աջափնյակում բռնություն է տեղի ունեցել Ծառուկյան դաշինքի ռեյտինգային թեկնածուի եւ նրա թիմի հանդեպ, ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արման Սահակյանի թիմի կողմից: Գագիկ Ծառուկյանի թիմը հայտարարել է, որ մինչեւ ապրիլի 2-ը կհամբերեն, բայց ապրիլի 3-ին մեղավորները կստանան պատիժը: Աջափնյակի ՀՀԿ շտաբը հայտարարել է, որ կատարվածի համար իրենց թեկնածուն մեղավոր չէ:

Իրավիճակը լիցքաթափելու համար Արման Սահակյանի հայրը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը զանգահարել է Գագիկ Ծառուկյանին:

«Ալո, Գագիկ, բարեւ»:

«Բարեւ ախպերս, ով ա», հարցնում է Գագիկ Ծառուկյանը:

«Գագիկ, Գալուստն ա», ասում է Սահակյանը:

«Ում գալուստը, ցավդ տանեմ», հարցնում է Ծառուկյանը:

«Դե արի ու մի ասա՝ քո երկրորդ գալուստը», մտածում է Սահակյանը, բայց այլ բան է ասում. «Գագիկ, Ազգային ժողովի նախագահի գործառույթներն իրականացնող Գալուստն ա, Սահակյան»:

«Հաա, ինչ ա եղել, ինչ ա պետք ցավդ տանեմ, զանգի Մուկուչյանին թող տա», ասում է Գագիկ Ծառուկյանը:

«Չէ, Գագիկ, ուրիշ բանի համար եմ զանգել», ասում է Գալուստ Սահակյանը:

«Գրիգորիչ ջան, ուրիշ բանի համար ինձ ինչի ես զանգել», ասում է Ծառուկյանը:

«Գագիկ, Աջափնյակի համար եմ զանգել», ասում է նա:

«Գրիգորիչ ջան, ինչի համար էլ որ զանգել ես, ապրիլի 3-ից հետո, հիմա չէ, ապրիլի 3-ից հետո», ասում է Ծառուկյանը:

«Դե ես էլ զանգել եմ, որ ապրիլի 3-ից հետո բան չլինի, էլի», ասում է Սահակյանը:

«Վայ, Գրիգորիչ ջան, քո ցավը տանեմ, քեզ պտի էն Գիպնոզի գրքում գրանցենք», ուրախացած բացականչում է Ծառուկյանը:

«Գիպնոզի գիրքը որն ա, Գագիկ», ասում է Գալուստ Սահակյանը:

«Դե էն որ ռեկորդներ բաներ են գրում մեջը, էլի», ասում է Ծառուկյանը:

«Այ Գագիկ ջան, էդ Գինեսի գիրքը չի՞», հարցնում է Սահակյանը:

«Հա, դե Գիպնոզ ա, Գինես ա, ֆիտնես ա ինչ ա, մեկ ա պտի գրենք քո անունը դրա մեջ», ասում է Ծառուկյանը ոգեւորված:

«Բայց ինչի, ինչ եմ արել, որ գրենք», հարցնում է Սահակյանը:

«Այ ցավդ տանեմ, դու առաջին մարդն ես, որ զանգում ես ինձ ոչ թե ապրիլի 3-ին բան ըլնելու, այլ բան չըլնելու համար», ասում է Ծառուկյանը քահ քահ ծիծաղելով:

«Գագիկ ջան, դե լավ, կատակը մի կողմ, ասում եմ ինչ եղել եղել ա, անցած լինի, էդ Աջափնյակի թեման փակենք գնա, պատժել մատժելս որն ա», ասում է Գալուստ Սահակյանը:

«Գրիգորիչ, էդ կռվի համար էս զանգել ուրեմն: Այ ցավդ տանեմ, բա տղեդ բռնել ծեծել ա տվել թեկնածուիս, բա որ ես չպատժեմ, բա որ Գագիկ Ծառուկյանը իրա թեկնածուի թասիբը չպահի, բա վաղը չեն ասի Ծառուկյան ջան, որ դու քո թեկնածուի մի թասիբն ինչ ա չես պահում, դու էս երկիրը ոնց պտի պահես», ասում է Ծառուկյանը:

«Գագիկ, հա բայց ես էլ քեզ պահեցի չէ, երբ որ նեղն էիր, մոռացել ե՞ս», ասում է Սահակյանը:

«Էդ որտե՞ղ ես պահել, հլը տեղն ասա», հարցնում է Ծառուկյանը զարմացած:

«Դե էն որ Ազատիչը ասեց հլը բացակաները ստուգեք, չես հիշու՞մ, 15 թվին», ասում է Ծառուկյանը:

«Այ ցավդ տանեմ, ինչ 15 թիվ, էս ինչ ես ասում, 15 թվին ոչ մեկս էլ ծնված չէինք, համ էլ տղուդ կաշին փրկելու համար մեր ազգի ցավը մի շահարկի, Գրիգորիչ, 15 թիվը մեր ողջ ժողովրդի ցավն ա, ես մեր ժողովրդի ցավը տանեմ», ասում է Ծառուկյանը:

«Գագիկ, 1915 թիվը չեմ ասում, 2015-ին ես քեզ պահեցի չէ, հլը Արմանիս հետ պահեցի, հիմա դու ուզում ես Արմանիս պատժես», ասում է Սահակյանը:

«Իյա, էդ ինչ եք արել Արմանիդ հետ, որ ես էլ ինքստինքյան դառնում եմ երախտամոռ», ասում է Ծառուկյանը:

«Դե, էն որ Ազատիչն ասեց բացականերդ նայենք, մանդատից զրկելու էին քեզ, հետո էլ կարող ա ուրիշ բաներից զրկեին, բա էդ ո՞վ դասավորեց, որ բացականերդ տենց լրիվ հարգելի դառան», ասում է Սահակյանը:

«Ո՞վ՝ ես, բա քեզ քանի կիլո բյուլետեն եմ բերել», ասում է Ծառուկյանը:

«Դու ինչ խաբար ես, որ բերածդ բյուլետենների մի ահագին մասը մուկը կրծած էր, ահագին էլ պակաս էր: Ես եմ Արմանիս ասել Արման ջան, գնա տես որտեղից ես բյուլետեն ճարում, բեր մենք էս մարդուն մի լավություն անենք, ինքը սաղ ազգին անում ա, բեր մենք էլ իրան մի լավություն անենք, հիմա Ազատիչը ջղայնացած էր՝ մի բան ասել ա: Արմանիս փողը տվել եմ ուղարկել եմ պոլիկլինիկաներ, որ բյուլետեն բերի քո բացակաների համար, պակասը լրացնենք: Էն խեղճ տղեն պետական գույքը թողել ա, ընկել ա պոլիլինիկաներով: Ուր գնում ա՝ ասում են մենք պոլիկլինիկայի վերածելու հայրենիք չունենք: Վերջը մի տեղից գտել էր, էն էլ զանգել ասում ա՝ պապա, քո տվածից 1000 դրամ պակասում ա: Ես էլ ասի Արման ջան, էդ մարդը ամբողջ ազգին փող ա տալիս, 1000 դրամն ինչ ա, դու դիր, հաշվի բանակին ես տվել, կարող ա՞ Ծառուկյանը մի բանակի չափ չկա: Էդ մարդն էլ մի ամբողջ բարեգործական բանակ ա էս ազգի համար», ասում է Գալուստ Սահակյանը:

«Գրիգորիչ, մեկ ա չես համոզի: Պատժելու եմ: Հետո որ գործի չգնա՝ բյուլետենն իմ վրա, բայց պատժելու եմ: 1000 դրամն էլ գնա Մուկուչյանից ուզի, սաղ փողերս իրա մոտ ա մինչեւ ապրիլի 3-ը», ասում է Ծառուկյանը:

«Գագիկ ջան, ես ոչ մի բան չեմ ուզում: Մենակ ուզում եմ, որ թեման փակենք, էդ պատիժ-մատիժ հանենք: Քաղաքականության մեջ պատիժը չարիք ա: Մենք հո մենակ մեր տղերքի հայրերը չենք, ախր մենք էս մեր բազմաչարչար ազգի հայրերն ենք», ասում է Գալուստ Սահակյանը:

«Լավ, Գրիգորիչ, հիմա հասկացա լրագրողները քեզ ինչի չեն հասկանում՝ օձի լեզու ունես: Համոզեցիր: Բայց սրանից հետո բյուլետենները երեսով չտաս: Դրանք իմ համար չեն, դրանք ազգի համար են, ընենց որ տղուդ հետ ինչ արել եք՝ ազգի համար եք արել», ասում է Ծառուկյանը:

Հ.Գ. Հայտնի է դարձել, որ ԲՀԿ թեկնածուն ոստիկանությունում հայտնել է, որ իր դեմ բռնություն չի գործադրվել:

Lragir.am-ի ֆուտուրիստական դիտարկումների բաժին