Հաց բերողին սպանողը

    • Հասարակություն - 17 Մարտի 2017, 12:06
Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հարազատները կամ նրանց վստահած մասնագետը կարող է մասնակցել Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու դատաբժշկական փորձաքննությանը՝ օրենքի ընձեռած հնարավորության սահմանում:

Իրավապահները քննություն են կատարում, պարզելու համար, թե ինչ պատճառով, ինչ հանգամանքներում է մահացել «Հաց բերող» Արթուր Սարգսյանը:

Իշխանությունն այդպիսով փորձում է ելք գտնել իրավիճակից, որում բավական բարձր մեղադրանք է հնչում, որ «իշխանությունը սպանեց Հաց բերողին»:

Իրավապահների առաջ ըստ երեւույթին դրված է խնդիր «ապացուցելու», որ Արթուր Սարգսյանին իշխանությունը չի սպանել: Հատկապես նախընտրական շրջանում իշխանության համար դա շատ կարեւոր խնդիր է, քանի որ Արթուր Սարգսյանի մահը փաստորեն տապալեց «զվարթ ընտրություն» կազմակերպելու ՀՀԿ մարտավարությունը:

Իրավապահներին հազիվ թե հաջողվի «ապացուցել» իշխանության անմեղությունը, որովհետեւ Արթուր Սարգսյանի մահը «տեւական» ընթացք ունեցավ, սկսած նրա երկրորդ կալանավորումից, որն առ այսօր անբացատրելի է իր պատճառահետեւանքային անհեթեթությամբ, ինչն էլ ավելի անհեթեթ է դառնում այն ցավակցությունների ֆոնին, որ նրա մահվան կապակցությամբ հնչում է իշխանության շարքերից:

Այդ ցավակցությունը հնչեցնող մարդիկ գուցե անձնապես որեւէ կապ չեն ունեցել մահվան գործընթացի հետ, բայց իշխանությունն ինքը, որպես մեկ ամբողջություն, այդպես էլ չկարողացավ եւ չի կարող որեւէ տրամաբանական, իրավաբանական, բանական եւ բարոյական բացատրություն գտնել, թե ինչու՞ էր պետք Արթուր Սարգսյանին կալանավորել երկրորդ անգամ եւ փաստացի տանջել բանտում:

Այսպես թե այնպես, մարդն այլեւս չկա, թեեւ կարող էր լինել, եթե լիներ իշխանություն, որի համար մարդն արժեք է՝ գերագույն արժեք:

Բայց, ըստ երեւույթին Հայաստանում այդպիսի իշխանություն կինի այն դեպքում, երբ լինի այդպիսի հասարակություն՝ մարդուն գերագույն արժեք ճանաչող հասարակություն:

Այդ իմաստով, գուցե հնչի արդեն ոչ պոպուլյար, բայց Հաց բերողի կյանքն ու մահը ախտորոշեց նաեւ Հայաստանի հանրային օրգանիզմը, մտածողությունը, արժեհամակարգը:

Հաց բերողն իր անձնազոհ քայլով դարձավ պաշտամունքի առարկա: Իսկ պաշտամունքը հանրային ինքնապաշտպանության բնազդն է, պատասխանատվությունից թաքնվելու, պատասխանատվությունն ուղղակի թե անուղղակի պաշտամունքի առարկայի վրա թողնելու բնազդը:

Քաղաքական «կուռքերի» անկման շրջանում ճակատագիրը Հայաստանի հանրությանը մատուցեց «բարոյական կուռքին»՝ «Հաց բերողին»: Նա դարձավ գործնականում համընդհանուր թաքստոց տարբեր հանրային, քաղաքական խմբերի համար: Նրա անունը դարձավ համընդհանուր «զենք» ու «պաշտպանական զրահ», իրականում անպաշտպան թողնելով «Հաց բերող» մարդուն:

Մահից հետո նա դառնում է ավելի անպաշտպան, ինչի մասին վկայում են նրա մահվան վերաբերյալ բազմաթիվ արձագանքները սոցիալական ցանցերում, որտեղ ամեն ոք արդեն մի քանի տարի շարունակ գործնականում դարձել է «մտքին եկածը հրապարակ բերող»:

Արթուր Սարգսյանը շարունակում է լինել հանրային տարբեր խմբերի «զենքն ու զրահը», նրա «պաշտամունքը»՝ արդեն հետմահու, շարունակում է լինել ընդամենը տարբեր խմբային կամ քաղաքական շահեր հետապնդելու, միաժամանակ նաեւ հանրային գիտակցության մանիպուլյացիայի հուսալի, գրեթե «անվրեպ», «ունիվերսալ» միջոց, խորհրդանիշ:

Որովհետեւ Հաց բերող Արթուր Սարգսյանը Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում թերեւս աննախադեպ տարողունակ եւ անսպառ, դժբախտաբար հենց այդ տեսանկյունից անմահ կերպար է:

Որովհետեւ Հաց բերողն իսկապես գնաց գիտակցված մահվան՝ անմահության ճանապարհով, որում սակայն կա մեծ մտավախություն, որ նրա հիշատակը դեռեւս կարժանանա շատ անհամությունների, քանի դեռ Հայաստանի հանրային գիտակցության մեջ արժեկարգված չէ այն ճանապարհը, որով ցանկանում է ընթանալ Հայաստանի հանրությունն ու տանել իր պետականությունը: