ՆԱՏՕ-ն բացահայտել է КВН-ի «գաղտնիքը»

    • Հասարակություն - 15 Մարտի 2017, 19:00
ՆԱՏՕ ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնը՝ Stratcom-ը, ռուսական Ուրախների եւ հնարամիտների ակումբ խաղը կամ КВН-ը գնահատել է որպես քաղաքական ռազմավարական հաղորդակցության միջոց: Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ասվում է «Stratcom-ը ծիծաղում է: Վերլուծական հիմքերի որոնումներում» զեկույցի մեջ:

Այդ զեկույցի պատվիրատուն Լատվիայի պաշտպանության նախարարությունն է: Փորձագետները վերլուծել են Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի «Պարապապարամ» թիմի ելույթները 2014 եւ 2015 թվականների «Ձայնակցող ԿիՎիՆ» մրցույթում:

Այդ մրցույթը տեւական ժամանակ անցկացվում էր հենց Լատվիայի Յուրմալա քաղաքում, որտեղ հավաքվում էին տասնյակ թիմեր ամեն տարի ամռանը, նաեւ հազարավոր հյուրեր, որ գալիս էին թիմերի հետ:

Ընդ որում, հատկանշական է, որ Լատվիայի իշխանությունն ուկրաինական ճգնաժամից ու Արեւմուտք-Ռուսաստան հարաբերության լարվածությունից հետո արգելեց ՈՒՀԱ ամենամյա հավաքները Յուրմալայում:

ՆԱՏՕ ռազմակավարական հաղորդակցությունների կենտրոնի փորձագետները ՈՒՀԱ-ն բնորոշել են որպես առեւտրային ապրանք, բիզնես-մոդել, որն ըստ նրանց հնարավոր է դարձել եւ աճում է այն պատճառով, որ այդ ապրանքանիշի սեփականատերը լավ հարաբերություն ունի Կրեմլի հետ:

Նրանց կարծիքով, ՈՒՀԱ շնորհիվ Կրեմլը հասանելիություն է ստանում հատուկ, ռազմավարական լսարանի համար, որը պատրաստ է ծառայել վարչակարգին: Փորձագետները նշում են, որ պետք է ուսումնասիրվի նաեւ, թե ինչ ազդեցություն է ունենում ՈՒՀԱ-ն համապատասխան լսարանների վրա:

Ուրախների եւ հնարամիտների ակումբը կամ КВН-ը ստեղծվել է Խորհրդային միությունում: 1971 թվականին խորհրդային գրաքննությունը փակել է այն: Խաղը վերաբացվել է 1986 թվականին՝ գորբաչովյան վերակառուցման շրջանում:

Դրանից հետո խաղը ընթանում է անխափան, ընդ որում հետաքրքիր տրանսֆորմացիաներով:

Օրինակ, 1990-ականների սկզբներին ՈՒՀԱ թիմերի ելույթներում մի կողմից առկա էր ազատականության քարոզչությունը, մյուս կողմից սակայն նրբորեն պահպանվում էր «խորհրդային ժողովուրդների եղբայրության» գիծը, վառ էր պահվում «կարոտաբաղձության կրակը»:

Երբ ՌԴ նախագահ Ելցինը մոտենում էր մայրամուտին, դարձավ ՈՒՀԱ հերոսը, թիմերը մոսկովյան բեմից՝ թե ռուսական, թե խորհրդային նախկին հանրապետությունների, այդ թվում ի դեպ Հայաստանի՝ «Նոր հայեր» թիմը ազատորեն եւ առատորեն ծաղրում էին Ելցինի կառավարումը, նրա «ընտանիքի» կառավարումը:

Միեւնույն ժամանակ, ՈՒՀԱ բեմը հետխորհրդային հանրապետությունների թիմերի համար նաեւ հարթակ էր սեփական երկրի իշխանությանը ծաղրելու, հեգնելու, եթե այդ իշխանությունը խնդիր ուներ Մոսկվայի հետ:

Պուտինի իշխանության շրջանում ՈՒՀԱ-ն սկսեց տրանսֆորմացիոն նոր փուլ, միաժամանակ ստանալով թե քաղաքական ենթատեքստի նոր շունչ, թե նաեւ առեւտրային գործունեության: ՈՒՀԱ-ն սկսեց ավելի ու ավելի մեծ տեղ ստանալ ռուսական Առաջին ալիքում, որը Կրեմլի վերահսկողության տակ էր: Միաժամանակ այն սկսեց ավելի ու ավելի շատ «կատակել» ռուսական պաշտոնական քաղաքականության մոտիվներով:

Ընդ որում, հատկանշական է մի բան՝ Պուտինի վերաբերյալ ՈՒՀԱ բեմից հնչում է կամ լավ հումոր, կամ ոչինչ: Այլ էր պատկերը, երբ ՌԴ նախագահը Մեդվեդեւն էր: Այդ տարիներին ակումբի գրեթե բոլոր խաղերում տեղ էր գտնում բավական սուր հումոր Մեդվեդեւի հասցեին, իսկ ահա վարչապետ Պուտինի հասցեին՝ կամ լավ հումոր, կամ ոչինչ:

Հաշվի առնելով մեխանիզմի խաղային բնույթը, նաեւ բավական մեծ հեղինակությունը հետխորհրդային երկրներում, աներկբա էր, որ ՈՒՀԱ-ն անկասկած «փափուկ ուժի» իսկապես անփոխարինելի, քաղաքակիրթ գործիք էր ռուսական ազդեցության տարածման համար՝ Ռուսաստանի տնօրինած քաղաքակիրթ մշակութային թերեւս եզակի, բացառիկ գործիք:

Ընդ որում, քաղաքական ենթատեքստից դուրս, աներկբա է, որ խաղի գաղափարը, դրա էվոլյուցիան, մենեջմենտը բավական բարձր մակարդակի վրա էին եւ անկասկած հանդիսանում էին մշակութային բիզնեսի հիանալի օրինակ:

Այդուհանդերձ, տարեցտարի, իսկ հատկապես Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունից սկսած այդ հիանալի օրինակում սկսեց գերակշռել քաղաքական հստակ ուղղվածությունը, եւ ՈՒՀԱ-ն վերածվեց ռուսական մեծապետականության խոսափողերից մեկի, որը միաժամանակ նաեւ ծաղրում էր Արեւմուտքը, նաեւ Արեւմուտքի հետ ինտեգրացիայի ուղին որդեգրած հետխորհրդային երկրների իշխանություններին:

Այդ առումով ամենեւին պատահական չէր, որ Լատվիայի իշխանությունն արգելեց ՈՒՀԱ հավաքները Յուրմալայում, երբ տարբեր թիմեր հավաքվում էին եւ ծաղրում օրինակ Լատվիայի եվրատլանտյան ինտեգրացիան եւ ներկայացնում ռուսական մեծապետականությունը: Պատահական չէ նաեւ, որ Լատվիայի իշխանության պատվերով է ՆԱՏՕ վերլուծական կենտրոնը ուսումնասիրում ՈՒՀԱ-ն որպես քաղաքական ազդեցության միջոց:

Ընդ որում հատկանշական է, որ Մերձբալթիկայում միջոցառումների արգելքից հետո ՈՒՀԱ-ն սկսեց հավաքներ կազմակերպել Կալինինգրադում:

Ներկայում խաղը շարունակում է մնալ ռուսական կամ պուտինյան քաղաքականության «առաջապահներից» մեկը՝ երգիծանքի եւ հումորի փաթեթավորումով:

Ընդ որում, դրա մաս է կազմում նաեւ հայկական ՈՒՀԱ թիմը՝ Նոր Հայերը: Համենայն դեպս, մի քանի ամիս առաջ ՈՒՀԱ 55-ամյակի միջոցառմանը, որին ներկա էր նաեւ Պուտինը եւ որն անցկացվում էր Կրեմլի դահլիճում, մասնակցում էին նաեւ Նոր Հայերը, նրանց ելույթի առանցքում Ղրիմի թեման էր եւ այն «Ռուսաստանինն է, եւ վերջ» հռչակելը:

Թե ինչու՞ էր Նոր Հայերին պետք հատկապես այդ նուրբ թեման վերցնել իրենց ուսերին, թե՞ դա պետք էր հենց հայերի ուսերին դնել, պարզ չէ: Բայց Նոր Հայերը արժանացան երեք մրցանակներից մեկին, այսինքն գնահատվեց այդ բեռը կրելու ջանքը:

Ներկայում ՈՒՀԱ նկատելի դիրքերում հայկական մասնակցություն չկա: Նոր Հայեր ու ԵՐՄԻ թիմերը, որոնք հաջողությամբ են հանդես եկել հետխորհրդային առաջին տասնամյակում, ներկայում վետերան են եւ 55-ամյակին նրանց մասնակցությունն իհարկե բացառություն էր, գուցե ոչ այնքան նրանց վաստակի, որքան հենց Ղրիմի համար արված բացառություն:

ՈՒՀԱ ներկայիս ժամանակահատվածում հայկական ներկայության մասին խոսակցություն եղավ մի քանի ամիս առաջ, երբ ռուսական մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ստեփանակերտից երիտասարդների ՈՒՀԱ թիմը ստացել է ամեն տարի հունվարին Սոչիում անցկացվող փառատոնի մասնակցության հրավեր, որի ընթացքում որոշվում են այն թիմերը, որոնք կմասնակցեն ՈՒՀԱ տարբեր մրցաշարերի:

Բաքվից հնչեցին բողոքներ այդ կապակցությամբ, սակայն կարծես թե Ստեփանակերտի թիմը մեկնեց Սոչի եւ մասնակցեց փառատոնին, թեեւ առանց որեւէ մրցաշարի համար ընտրվելու:

Ամենաընթերցվածը