Ռոք համերգի միջոցով մարդկանց կոչ արեցին տեր լինել սեփական ձայներին

    • Հասարակություն - 15 Մարտի 2017, 18:43
«Որդան կարմիր» ռոք խումբը վերջին օրերին շրջիկ համերգ-տուր է անցկացրել Հայաստանի մարզերում՝ կոչ անելով մարդկանց տեր լինել իրենց ձայնին և ակտիվ մասնակցել խորհրդարանական ընտրություններին: «Քայլ արա» խորագիրը կրող համերգների նպատակը մարդկանց արվեստի միջոցով տեղեկացնել էր, որ ընտրողի ձայնը արժեք ունի: Եթե արժեք չունենա, թեկնածուներն ու կուսակցություններն այս օրերին նման խոստումներ չեն շռայլի մարդկանց: Համերգները անցկացվել են Գյումրի, Վանաձոր, Աշտարակ, Սպիտակ և Դիլիջան քաղաքաներում՝ շրջիկ բեռնատարի միջոցով: Համերգի նախաձեռնությունը MediaLab.am կայքինն է:

«Մենք այսպիսով որոշեցինք նախընտրական քարոզարշավին զուգահեռ այընտրանքային քարոզարշավ անցկացնել՝ մարդկանց կոչ անելով տեր լինել իրենց ձայներին: Մեր նպատակը մարդկանց իրազեկելն էր՝ որևէ քաղաքական ուժի չսատարելով: Որոշեցինք նման շրջիկ համերգ կազմակերպել, քանի որ հենց մարզերում են հիմնականում բաժանվում ընտրակաշառքները, մարզերում է տիրում վախի մթնոլորտ: Մենք որոշեցինք ռոքի միջոցով դա անել, որն ազատության խորհրդանիշն է: Մարդիկ տեսան, որ կարող ենք գնալ, բեռնատար ավտոմեքենայով կանգնել իրենց քաղաղաքի մեջտեղում ու ասել՝ ազատ եղեք, մի վախեցեք»,- ասում է համերգի կազմակերպիչ MediaLab.am կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը:

Նա նկատում է, որ համերգը արդյունք տվել է: Այն հատկապես մեծ ցնծությամբ են ընդունել Գյումրիի ու Վանաձորի երիտասարդները:

«Սպիտակում մենք տեսանք, թե ինչպես էին մարդիկ շոկի մեջ հայտնվել, երբ իրենց չվախենալու կոչեր էին արվում: Մարդիկ սովոր չեն նման երաժշտության, քանի որ բոլոր տիրույթներում հիմնականում քարոզվում է ցածրակարգ երաժշտություն: Ռոքը նոր բան էր մարզերի բնակիչներից շատերի համար, որին պետք է սովորել: Քիչ-քիչ կարելի է այդ մշակույթը տանել մարզեր»,- ասաց Մարիաննա Գրիգորյանը: