Լոռիում խանութներից պարտքով ապրանք են վերցնում՝ խոստանալով վճարել ապրիլի 2-ին

    • Հասարակություն - 13 Մարտի 2017, 15:49
Լոռու մարզկենտրոն Վանաձորում սպասվում է, որ ընտրությունների նախօրեին մարդկանց գումար է բաժանվելու: Անգամ տեղեկություն կա, որ ոչ միայն Վանաձորում, այլ ընդհանրապես Լոռու մարզում մարդիկ խանութներից պարտքով ապրանք են վերցնում՝ խոստանալով, որ ապրիլի 2-ին պարտքը կմարեն:

Վանաձորում Ելք դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Բաբկեն Կարապետյանի նախընտրական շտաբի ղեկավար Արտակ Մելիքյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ սպասողական վիճակ է, մարդիկ սպասում են ընտրակաշառքի: Իսկ առկա տեղեկատվության համաձայն՝ կաշառք բաժանելու են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Արտակ Մելիքյանը պատմեց, որ հիմնականում ՀՀԿ ու ԲՀԿ ներկայացուցիչները շրջայց են կատարում մարդկանց բնակարաններ՝ փորձելով պարզել, թե մարդիկ ում են տալու իրենց ձայնը: Ըստ այդմ էլ կազմում են ընտրակաշառքի ցուցակը:

Մելիքյանը պատմեց, որ իրենք փաստեր ունեն, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով մարզում առաջադրված թեկնածու Կարեն Կարապետյանը մարտի 8-ին Վանաձորում գեղեցկության սրահի կտրոններ է բաժանել մարդկանց: Իրենց այս մասին իմացել են, քանի որ վանաձորցիները Կարեն Կարապետյանի նախընտրական շտաբը շփոթել են Բաբկեն Կարապետյանի նախընտրական շտաբի հետ, եկել ու հարցրել են, թե արդյոք կտրոններն այստեղ են տալիս: Ելքի անդմաները սա որպես ընտրակաշառք են որակել, գնացել են այս տեղեկության հետքերով և պարզել, որ իրոք նման կտրոններով սպասարկող գեղեցկության սրահ կա:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վանաձորում ընտրակաշառքի գինը կազմելու է 10 հազար դրամ, այն, ինչպես Սպիտակ քաղաքում, այստեղ ևս բաժանվելու է խորհրդարանական ընտրություններից մեկ-երկու օր առաջ: Նաև տեղեկություններ կան, որ մարզի գյուղերում մարդկանց ՀՀԿ օգտին քվեարկելու կոչեր են անում գյուղապետերը՝ «գաղթակղիչ» խոստումներ տալով:

Մասնավորապես, գյուղացիներին համատարած վարկեր են խոստանում: Գյուղապետերը խոստանում են, որ կաջակցեն վարկեր ստանալ՝ կեղծ տեղեկանքներ տրամադրելով գյուղացիներին, որպեսզի բանկերը տեսնեն, որ մարդիկ շատ ունեցվածք ունեն ու հեշտությամբ վարկ տան: Ասում են՝ գյուղում ՀՀԿ-ն չհաղթի, այդ գյուղին իշխանությունները լավ չեն նայելու: Մարդիկ հիշում են, թե ինչպես նախորդ նախագահական ընտրություներում, Ստեփանավանի գյուղերից մեկում, որտեղ ՀՀԿ-ն պարտություն էր կրել, հակակարկտային կայան չէին տեղադրել: շ

Ի դեպ, Վանաձորն աչքի է ընկնում նախընտրական պաստառների առատությամբ: Այստեղ թեժ ընտրապայքար է սպասվում: