Վրաստանի շքեղ պատասխանը Հրայր Թովմասյանին

    • Հասարակություն - 12 Մարտի 2017, 13:12
Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես է Վրաստանն ընդունում իր 6 միլիոներորդ զբոսաշրջիկին: Բավական ճաշակով ու գրավիչ տեսանյութում կա նաեւ Վրաստանի վարչապետը, որն ընդունելության է արժանացրել զբոսաշրջիկին, ընթրել նրա հետ: Տեսանյութը Վրաստանի զբոսաշրջային գրավչության հերթական մատուցումն է, հերթական բարձրաճաշակ եւ գունեղ մատուցումը, որի շնորհիվ է նաեւ, որ հարեւան երկիրը զգալի հաջողություն է արձանագրել զբոսաշրջային ոլորտում:

Միեւնույն ժամանակ, այդ հաջողության հիմքում ոչ թե տեսանյութերն են, այլ այն իրական փոփոխությունները, որ Վրաստանն արձանագրել է 2004 թվականից ի վեր, երբ այդ երկրում իշխանության եկավ Միխայիլ Սահակաշվիլին, որը հետո ընտրության միջոցով հեռացավ իշխանությունից, եւ Վրաստանի արդիականացման գործընթացը շարունակում է նոր իշխանությունը:

Վրաստանն արդիականանում է, շարունակելով ունենալ բազմաթիվ լուրջ խնդիրներ՝ աղքատության խնդիր, տնտեսական արդյունքի բաշխման խնդիր, կենսամակարդակի բարձրացման խնդիր: Բայց երկիրն արդիականանում է բավական նկատելի թափով, կան ոլորտներ, որոնցում տեղի է ունենում հեղափոխական առաջընթաց: Այդ ամենը Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացիոն ուղու համակարգային, քաղաքակրթական էֆեկտն է, որը պետությունը քայլ առ քայլ օժտում է խնդիրների լուծման նոր հնարավորություններով ու մեխանիզմներով:

Այդ էֆեկտն էլ արտացոլվում է տեսանյութերում, զբոսաշրջային մատուցման հոլովակներում, որոնք արդյունավետ են ի վերջո այն հիմքային պատճառով, որ զբոսաշրջիկը Վրաստանում առնվազն նվազագույն չափով տեսնում է հոլովակից իրեն մատուցվող իրականությունը, ոչ թե արձանագրում շեշտակի խզում:

Այդ իմաստով, Վրաստանի հերթական հոլովակը, որում պատմվում է ընդհուպ կառավարական ամենաբարձր մակարդակով 6 միլիոներորդ զբոսաշրջիկին ընդունելու մասին, նաեւ պատասխան է Հայաստանի ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանին, որը նախօրեին ֆեյսբուքյան գրառում էր արել Վրաստանի մասին:

Թովմասյանի գրառման առիթը հանդիսացել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունն այն մասին, որ Օհանյան դաշինքը Հայաստանում կանի այնպիսի արդյունավետ բարեփոխումներ եւ կապահովի քաղաքական զարգացման ճանապարհ, որով անցել է Վրաստանը:

Թովմասյանն էլ պատասխանել էր, թե տեսել է Վրաստանի ճանապարհը եւ դեմ է դրան: Նա բերել էր հիմնականում ռուսական ծագմամբ քարոզչական մանիպուլյացիոն «փաստարկներ», որոնց անդրադարձել եմ «Նախկին նախարարն իշխանությանը ստիպեց բացահայտվել» հոդվածում:

Եվ ահա, Վրաստանից ստացվում է իհարկե անուղղակի պատասխանը, որում այն ճանապարհն է, որով անցել եւ անցնում է Վրաստանը: Վրաստանի եւ Հայաստանի «ճանապարհների» տարբերությունն արտացոլվում է նաեւ զբոսաշրջային վիճակագրությամբ, թե քանի մարդ է դեպի Հայաստան ճանապարհին, ու քանիսը դեպի Վրաստան ճանապարհին:

Հայաստան այցելողների թիվը ընթացքիկ տարում մի փոքր է գերազանցել 1 միլիոնը, այն էլ ներառյալ արտերկրում ապրող հայերը, որ գալիս են Հայաստան:

Դա իհարկե ցուցիչներից մեկն է, բայց բավական խոսունը, որովհետեւ խոսքը վերաբերում է պետության ճանաչելիությանն աշխարհում: Իսկ այդ ճանաչելիության հարցը միայն հոլովակներով կամ պրոմո ակցիաներով չէ, որ լուծվում է: Այդ ճանաչելիության հիմքում պետք է լինի այն ճանապարհը, որով անցնում է պետությունը:

Մեծ հաշվով սակայն, Հայաստանի ու Վրաստանն ունեն ընդհանուր քաղաքակրթական ճանապարհ: Առանց դրա, թե Վրաստանը, թե Հայաստանը չեն կարող մինչեւ վերջ անցնել զարգացման ու արդիականացման ճանապարհ, առավել եւս անվտանգ եւ կայուն հեռանկարով ճանապարհ:

Այդ հեռանկարի դինամիկան ու արդյունավետությունը կախված է այն բանից, թե որքան կլինի երկու երկրների ընտրախավերում այդ խնդրի գիտակցումն ունեցող շրջանակների ծավալն ու ազդեցությունը որոշումների կայացման վրա:

Ամենաընթերցվածը