Կատալոնական դասը հայկական քաղաքական դասին

    • Հասարակություն - 09 Մարտի 2017, 11:39
Մարտի 9-ին Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումը դարձավ պատմական: Կատալոնական լեգենդ Բարսելոնան կերտեց կատալոնական հրաշք՝ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում 0:4 հաշվով պարտվելով ֆրանսիական Պարի Սեն Ժերմենին, Բարսելոնան կարողացավ սեփական դաշտում հաղթել 6:1 հաշվով եւ դուրս գալ հաջորդ փուլ:

Ընդ որում, սեփական դաշտում խաղն էլ ունեցավ բավական դրամատիկ ընթացք: Բարսելոնան հաղթում էր 3:0 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսի սկզբում գոլ բաց թողեց, ինչը նշանակում է, որ կատալոնական թիմը հաջորդ փուլ դուրս գալու համար արդեն պետք է հաղթեր 5 գնդակի տարբերությամբ, այսինքն պետք է խփեր եւս երեք գոլ:

Բարսելոնան արեց դա, ընդ որում սկսած 88-րդ րոպեից մինչեւ խաղի վերջին վայրկյանը:

Ֆուտբոլային աշխարհը տպավորված է տեղի ունեցածով, Բարսելոնայի երկրպագուները ցնծում են, ֆրանսիական ակումբի երկրպագուների համար իրավիճակը գրեթե ողբերգական է:

Տարբեր գնահատականների է արժանանում նաեւ մրցավարը, հատկապես խաղավերջում նշանակած 11 մետրանոցի համար, որն ըստ տարբեր գնահատականների այդքան էլ իրական չէր:

Բայց մրցավարին ուղղված մեղադրանքներն անհիմն են:

Եթե կա մեղադրանք ուղղելու հասցե, ապա դա Պարի Սեն Ժերմեն ակումբի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին է եւ թիմը, որը նա դուրս էր բերել խաղադաշտ:

Մրցավարը չի արել ոչինչ, Բարսելոնան գործնականում նույնպես: Պարտվել է Պարի Սեն Ժերմենը, դեռեւս դաշտ դուրս չեկած: Պարտվել է ֆրանսիական ակումբի մարզիչը: Նա եւ նրա ֆուտբոլիստները դաշտ էին դուրս եկել իրենք իրենց առաջին հաղթանակից վախեցած: Նրանք պարտվեցին սեփական վախին: Պարի Սեն Ժերմենը չդադարեց վախենալ անգամ այն բանից հետո, երբ երկրորդ խաղակեսի մեկնարկին դրսեւորեց ակտիվություն, գոլ խփեց եւ ստեղծեց երկու հիանալի գոլային պահ, որոնք չօգտագործելը դարձավ ճակատագրական:

Բայց, մյուս կողմից, եթե անգամ գրավեին Բարսելոնայի դարպասը Կավանին կամ Դի Մարիան, թիմի այդ հոգեբանության պայմաններում ամենեւին բացառված չէ, որ Բարսելոնան 6-ի փոխարեն կխփեր 7 գոլ, 8 գոլ:

Որովհետեւ, կատալոնական ակումբի ներուժի ամբողջ հզորությամբ հանդերձ, մարտի 9-ի երեկոյան Բարսելոնան ոչ թե ինքն էր ստեղծում իր գոլերը, այլ Պարի Սեն Ժերմենն էր գոլ ստեղծում Բարսելոնայի համար, այնքան, որքան պետք էր Բարսելոնային: Եվ եթե պետք լիներ, ապա վախի եւ հոգեբանական փոսի ազդեցության տակ Պարի Սեն Ժերմենը կստեղծեր 8 գոլ:

Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 9-ի երեկոյան Նոու Կամպ լեգենդար մարզադաշտում, անկասկած դարձավ ֆուտբոլային պատմության վառ դրվագներից մեկը:

Պատմություն, որը սակայն ունի ոչ միայն ֆուտբոլային շերտեր եւ երանգներ, որովհետեւ տեղի ունեցածը գործնականում կերտվել է ոչ թե զուտ ֆուտբոլային շնորհի արդյունքում, այլ մարդկային հոգեբանության:

Եվ այդ իմաստով, Բարսելոնայում տեղի ունեցածը խորհրդանշական է նաեւ հայաստանյան իրականության տեսանկյունից, հատկապես նախընտրական իրադարձությունների ֆոնին, որտեղ առանցքային քննարկվող հարցերից մեկն էլ դարձել է ընտրությանը մասնակից ուժերից մեկի հաշտության եւ խաղաղասիրության մարտավարությունը: Ընդ որում, դա գործնականում երկու տասնամյակ շարունակ Հայաստանի հանրությանը ներշնչված հոգեբանական վիճակ է, որից հանրության մեծ մասը դուրս եկավ միայն ապրիլին, երբ սթափվեց Ադրբեջանի գրոհից:

Ի՞նչ է ցուցանում Բարսելոնա-ՊՍԺ խաղի «առակը»: Պարի Սեն Ժերմենը սեփական հարկի տակ ջախջախեց կատալոնական ակումբին, որովհետեւ զրկեց նրան տարածքից: Փարիզում ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստները ճախրում էին եւ չեն տալիս Բարսելոնայի վիրտուոզներին անգամ շնչելու հնարավորություն: Իսկ նրանք որքան էլ վատ մարզավիճակում եւ տրամադրության մեջ լինեին, միեւնույն է, նրանց տեխնիկական զինանոցը բավարար է մի քանի մետրի վրա մի քանի րոպեում խաղի ելք որոշելու համար:

ՊՍԺ-ն Փարիզում իսպանական ահեղ ակումբին չտվեց այդ մի քանի մետրը եւ մի քանի րոպեն:

Իսկ ահա Բարսելոնայում ՊՍԺ-ն գնաց «փոխզիջումային» լուծման, տվեց Բարսելոնային տարածությունը, տվեց մետրերն ու րոպեները եւ ստացավ հարվածն ու սկսեց կորցնել առաջին իր րոպեներից, ու այդպես մինչեւ խաղի վերջ, անգամ երբ թվում էր, թե մի պահ հետ է բերել կորցրածը:

Կարծես հենց այդ վիճակի համար է Աղասի Այվազյանի հանճարեղ խոսքը, թե «չի կարելի հանձնվել մի անգամ, դա միայն սկիզբն է դառնում, իսկ վերջ չունի…»:

ՊՍԺ-ն հանձնեց տարածությունը եւ չկարողացավ կասեցնել առաջին հերթին այն հոգեբանական անկումը, որի մեջ հայտնվեց դրա հետեւանքով:

Մի բան, որ գործնականում «խաղաղության» հավատամքի տեսքով փորձ է արվում ներկայացնել Հայաստանի հանրությանը, իբրեւ Արցախի խնդրի լուծում:

Իհարկե, կարող է պարզունակ թվալ ֆուտբոլային դիմակայությունը համեմատության առարկա դարձնելը լրջագույն միջպետական խնդրի հետ, որն ունի միջազգային նշանակություն եւ որտեղ մարդկային կյանքեր են դրված «խաղասեղանին»:

Բայց բանը հենց մարդկային հոգեբանությունն ու մտածողությունն է, որը նույնական է ամեն հարցում եւ ոլորտում եւ գործնականում բոլոր խնդիրների ելակետն է:

Չի կարելի վախենալ սեփական հաղթանակից եւ փորձել պահել այն՝ տարածությունը կամ տարածքը զիջելով: Առավել եւս անթույլատրելի է զիջել տարածություն մրցակցի կամ հակառակորդի, որն իր զինանոցով գերազանցում է քեզ: Դրանով այդ առավելությունը դառնում է էլ ավելի խորը եւ անկասելի: Իսկ Բարսելոնան իր զինանոցով գերազանցում էր ՊՍԺ-ին:

Ինչպես Ադրբեջանն է իր զինանոցով գերազանցում Հայաստանին: Բայց հենց Հայաստանի հաղթանակն է, որ պահում է հավասարակշռությունը եւ խաղաղությունը: Տարածություն կամ տարածք հանձնելն այդ դեպքում վերածվելու է հաղթանակն ու խաղաղությունը զիջելուն, պատերազմ մոտեցնելուն:

Որովհետեւ հաղթանակը թե ֆուտբոլում, թե քաղաքականության մեջ անընդհատ աշխատանք եւ խնամք պահանջող գործընթաց է, հակառակ դեպքում այն վերածվում է սեփական պարտության եւ հակառակորդի կամ մրցակցի հաղթանակի:

Այդ իմաստով, թերեւս արժե, որ Բարսելոնա-ՊՍԺ ֆուտբոլային հանդիպումը իր ուրույն տեղն ունենա նաեւ հայկական պետականության պատմության մեջ, խաղաղության իրական արժեքի եւ ընկալման քաղաքական կոնյուկտուրայի նենգափոխումից պաշտպանելու համար: