Ահազանգ Հայաստանում ԱՄՆ-ի ու Եվրամիության համար

    • Հասարակություն - 08 Մարտի 2017, 20:00
Հայաստանում թափ է հավաքում խորհրդարանի ընտրության քարոզարշավը, եւ մասնակից ուժերը մեծ թափով գնում են դեպի հանրությունը կամ այսպես ասած դեպի ժողովուրդը, թե Երեւանում, թե առավել եւս մարզերում, որտեղ քաղաքական ուժերը հազվադեպ են լինում՝ միայն առիթի դեպքում:

Քարոզարշավի առաջին օրերին արդեն իսկ դրսեւորվում է մի առանձնահատկություն՝ Հայաստանի հանրությունը կամ ժողովուրդը քաղաքական ուժերից ունի առավելապես նյութական ակնկալիք եւ դրանով է չափում նրանց առաջարկները կամ կենսունակությունը: Այդ երեւույթն է նաեւ ընտրակաշառք երեւույթի հիմքում, որն արժանանում է քննադատության:

Այդ առումով օրինակ չափազանց հատկանշական էր Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը Տավուշի մարզում, նրա հանդեպ հանրության վերաբերմունքը, սպասումները: Մարդիկ կարծես թե սպասում էին, թե երբ է Ծառուկյանն ավարտելու Հայաստանի ապագայի մասին իր ելույթը, որպեսզի նրան ուղղեն իրենց ներկայի վերաբերյալ կոնկրետ խնդիրներ, խնդրանքներ, հայտնեն կոնկրետ օգնության ակնկալիքը, ինչ որ բան ուզեն նրանից:

Ակնհայտ է, որ կոնկրետ Ծառուկյանի դեպքում այդ երեւույթին ականատես կլինենք գրեթե ամբողջ քարոզարշավի ընթացքում:

Ընդունելի է դա, թե ոչ, դա հայաստանյան իրականությունն է եւ Գագիկ Ծառուկյանն էլ քաղաքականության մեջ արձագանքում է այդ իրականությանը: Ոչ միայն Ծառուկյանը: Ավելին, եթե այդ երեւույթի առաջամարտիկը չլինի օրինակ իշխանությունը, ապա հաստատ թույլ չի տա դրա տարածում այլ ուժերի շրջանում:

Գործնականում եզակի են քաղաքական ուժերը, որոնք շեշտը չեն դնում դրա վրա: Ավելին, նրանց թվում էլ թերեւս կան ուժեր, որոնք շեշտը դրա վրա չեն դնում ոչ թե գաղափարական-արժեքային նկատառումներից կամ համոզմունքից ելնելով, այլ պարզապես դրա վրա շեշտ դնելու նյութական եւ ֆինանսական ռեսուրս չունենալու պատճառով:

Հայաստանում ընտրական գործընթացի եւ քաղաքական կյանքի ընկալման հանրային մեծ տարածում եւ թերեւս գերակշռող ծավալ ունեցող այդ երեւույթը արժանանում է նաեւ քննադատության: Քննադատվում են թե դրան տուրք տվող իշխանությունն ու քաղաքական միավորներ, թե այն մարդիկ, որոնք այդ չափանիշներով են մոտենում ընտրությանը, դա են սպասում քաղաքական միավորներից:

Ի վերջո, երկու տասնամյակ շարունակ ընդդիմադիր գործունեության տարբեր անուններով եւ ֆորմատներով, բայց միեւնույն մեթոդաբանությամբ եւ կարգախոսների միեւնույն տրամաբանությամբ կրկնվող ցիկլը հանրության մոտ բերել է վստահության եւ հավատի անկման, եւ մարդիկ սկսել են իրողությունները գնահատել շատ ավելի նեղ եւ առօրեական չափանիշներով:

Ի վերջո նրանք երկու տասնամյակի ընթացքում հասկացել են, որ ներքաղաքական կյանք կոչվածը Հայաստանում հանդիսանում է իշխանության հետ գործարքների ցիկլային մի շղթա, հետեւաբար քաղաքացիների մեծ մասն ինքն էլ ընտրում է անմիջական եւ ուղիղ գործարքի ճանապարհը:

Այսինքն, պետք է թերեւս պատկերացնել ու գիտակցել, որ մարդիկ չեն ընտրում ապագայի եւ ընտրակաշառքի միջեւ, մարդիկ ընտրում են ընտրակաշառքի եւ ոչնչի միջեւ: Խնդրի լուծում գտնելու համար հարկավոր է խնդիրը պատկերացնել խորքից եւ գնահատել ուղիղ, ամբողջական, որքան էլ այն լինի անընդունելի եւ անցանկալի:

Ինչ խոսք, կա ընտրության այլ տարբերակ: Մարդիկ կարող են ընտրել ինքնակազմակերպումը, ընտրել հանրային վարքի այլ տարբերակներ եւ վերջապես հենց դրա շնորհիվ ձեւավորել բոլորովին նոր պահանջարկ, ստիպելով իշխանությանն ու քաղաքական ուժերին համապատասխանել հենց այդ պահանջարկին:

Եվ դա թերեւս ճանապարհն է, որով հանրությունը պետք է դուրս գա անարդյունավետ քաղաքական ցիկլի ակտիվ կամ պասիվ դիտորդ լինելու ճահճից կամ թակարդից:

Բայց, այդ ճանապարհը չեն անցնում ընտրական փուլերի ընթացքում: Դա ճանապարհ է, որ պահանջում է տարիների աշխատանք: Դա ճանապարհ է, որը, գուցե հնչի տարօրինակ, բայց պահանջում է չխանգարել իշխանափոխության մասին ապապրագմատիկ աղմուկով: Դա ճանապարհ է, որով պետք է ձեւավորվի քաղաքացիական կյանքի նոր համակարգ, որտեղ քաղաքացին կստանա իր ստեղծագործական ներուժը կիրառելու հնարավորություն, թեկուզ՝ գուցե էլի հնչի տարօրինակ, առանց քաղաքական կարգախոսների եւ նպատակների ընդհանրապես:

Բայց այդ երեւույթը թե անհատի գիտակցության, թե արդեն նաեւ հանրային համակեցության գործընթացում կբերի քաղաքական մեծ էֆեկտ:

Դա կփոխի հանրությանը, կփոխի հանրային գիտակցության տարբեր շերտերի այսպես ասած ուժային հավասարակշռությունը կամ տեսակարար կշիռը, ինչն էլ անխուսափելիորեն կբերի քաղաքական գործընթացներում քաղաքացիական իրավագիտակցության առավել թելադրող եւ աստիճանաբար գերակա դերի, ինչը անխուսափելիորեն կթողնի իր ազդեցությունը գործընթացի թե որակի, թե արդյունքի վրա:

Այդ առումով Հայաստանի հանրության կարեւոր գործընկեր են հանդիսանում նաեւ Հայաստանում քաղաքացիական հանրության, իրավական հասարակության ձեւավորման համար զգալի ներդրում կատարող արտերկրի գործընկերները, մասնավորապես ԱՄՆ ու Եվրամիությունը:

Դրա շնորհիվ Հայաստանում ձեւավորվել են քաղաքացիական բջիջներ, որոնք մեդիադաշտում, տնտեսությունում, իրավական դաշտում, կոռուպցիայի դեմ պայքարում, ընտրական գործընթացների եւ կառավարության վերահսկողության հարցերում ձեռք են բերել զգալի դերակատարում եւ արձանագրել նկատելի հաջողություն, ազդելով նաեւ կառավարության գործունեության վրա:

Բայց Հայաստանում հերթական ընտրական քաղաքական գործընթացը ցույց է տալիս, որ տեսակարար կշռի առումով այդ սեգմենտը կամ շերտը Հայաստանում դեռեւս անկենսունակ եւ անրմցունակ է քաղաքական կյանքի եւ մասնավորապես իշխանության ձեւավորման խնդրի հարցում:

Եվ այդ առումով իհարկե առնվազն առաջանում է հարց, թե կա՞ մինչ այժմ ներդրված ջանքի եւ տրամադրված ֆինանսական աջակցության արդյունավետության խնդիր, կա՞ արդյունքի չափում՝ եղածը առավելագու՞յնն է, թե՞ անցնող տարիների ընթացքում հնարավոր էր անել ավելին, բայց դրանում ներգրավված ոչ բոլոր սուբյեկտներն են գործել արդյունավետ:

Արդյոք չկա այդ գործընթացում արդյունավետ ու անարդյունավետ գործընկերներին զատելու եւ «արյան թարմացման», մեթոդաբանության, մոտեցումների, շեշտադրումների վերանայման անհրաժեշտություն, Հայաստանում քաղաքացիական շերտի ազդեցության ծավալը նոր մակարդակի բարձրացնելու եւ առավել եւս իշխանության ներսում տեղի ունեցող համակարգային տրանսֆորմացիաների խորքային գործընթացի հանդեպ առավել մրցունակ եւ համարժեք դարձնելու համար:

Արդյոք այդ հարցերը մտահոգել կամ հուզել են դոնորներին, որոնք ահռելի ռեսուրս են ներդրել Հայաստանում եւ այդ ներդրումների առավելագույն արդյունքը էական նշանակություն ունի թե նրանց ու Հայաստանի գործընկերության ու բարեկամության հետագա ամրացման, թե Հայաստանի զարգացման եւ անվտանգության ապահովման տեսանկյունից: