Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը Դուբայի ճանապարհին

    • Հասարակություն - 12 Փետրվարի 2017, 12:23
Նախօրեին ԲՀԿ նախագահի պաշտոնը վերադարձրած Գագիկ Ծառուկյանը կուսակցության նախընտրական համագումարում ունեցած ելույթում որպես զարգացման, հաջողության եւ բարեկեցության, կամ այլ կերպ ասած՝ բարգավաճության օրինակ բերում էր Դուբայը, կուսակիցներին ասելով, թե բոլորն էլ Դուբայում եղած ու տեսած կլինեն:

Դուբայի ընտրությունն ամենեւին պատահական չէր եւ պայմանավորված չէր նրանով, որ Ծառուկյանը փորձեց Դուբայը հակադրել Սինգապուրին, որի օրինակն էլ ՀՀԿ-ականների համար է «էտալոն»:

Գագիկ Ծառուկյանը Դուբայի օրինակը ներառել էր հենց Սերժ Սարգսյանին «որսալով», որը բոլորովին վերջերս այցելել էր Արաբական Միացյալ Էմիրություններ՝ այդ թվում Դուբայի էմիրություն, որից հետո էլ Հայաստանը պաշտոնական որոշում կայացրեց Դուբայում հիմնել Հայաստանի գլխավոր հյուպատոսություն:

Ահա հենց այդ ուշագրավ նրբերանգն ու ենթատեքստն էր Գագիկ Ծառուկյանի հայտարարության տողատակում՝ «բոլորդ էլ Դուբայում եղել եք»: Բանն այն է, որ Դուբայը Հայաստանի կառավարող «էլիտայի» կարեւոր հավաքատեղիներից մեկն է, որտեղ պարբերաբար տեղի են ունենում հավաքներ, եւ քրեա-օլիգարխիկ համակարգի դեմքերը քննարկում են Հայաստանի իրենց գործերը, բիզնեսի եւ քաղաքականության հետ առնչվող հարցերը, նաեւ միմյանց միջեւ հակասությունները:

Այդ իմաստով, «բոլորդ էլ Դուբայում եղել եք» արտահայտության իրական, բուն հասցեատերերն անկասկած պարզ են:

Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի վաղ թե ուշ հնչելիք պատասխանը կլինի այն, թե «մենք էմիրաթի վերածելու հայրենիք չունենք»:

Թեեւ, Հայաստանի քաղաքացիների մեծ մասը երեւի թե դեմ չէր լինի, որ Հայաստանը կրկեսից վերածվեր էմիրաթի, այն էլ այնպիսին, ինչպիսին Դուբայն է: Թեեւ, Հայաստանն ունի պետության վերածվելու, իրական պետություն եւ պետականություն դառնալու կարիք, որովհետեւ Հայաստանի ապագան ինչպես կրկեսը չի կարող լինել, այդպես էլ չի կարող լինել Դուբայը կամ նույնիսկ Սինգապուրը:

Դա ամենեւին չի նշանակում Դուբայի կամ Սինգապուրի նսեմացում: Դրանք կառավարման եւ կամքի դրսեւորման մեծագույն օրինակներ են, թե ինչպես է գրեթե ոչնչից ձեւավորվում հսկայական տնտեսական մի կաթսա, որը եռում է բառի լավ իմաստով, որը գրավիչ է, գայթակղիչ: Եվ որն անկասկած մարդկային ոչ միայն կամքի, այլ նաեւ մտքի արգասիք է:

Պարզապես, Սինգապուրում կամ Դուբայում դրսեւորված միտքը չի կարող Հայաստանում դրսեւորվել նույն կերպ, նույն արդյունքի հեռանկարով: Միեւնույն ժամանակ, եթե կա միտքը, այն չի էլ կարող ամենուր դրսեւորվել նույն կերպ, որովհետեւ միտքը աաջին հերթին հենց գիտակցում է այն, որ յուրաքանչյուր տեղում անհրաժեշտ է դրսեւորվել՝ հաշվի առնելով թե տեղային առանձնահատկությունները, թե ռեսուրսային բազան, թե բազմաթիվ այլ մեծ ու փոքր հանգամանքներ, արդյունավետ լինելու համար:

Եվ եթե Հայաստանում իսկապես դրսեւորվի միտքը, միտքը դառնա կառավարման հենակետն ու ելակետը, Հայաստանը թե Սինգապուր չի դանա, թե Դուբայ, թե նույնիսկ Լաս Վեգաս կամ Սիլիկոնային Հովիտ՝ Հայաստանը կդառնա Հայաստան, բայց այնպիսին, որը համարժեք է համաշխարհային քաղաքակրթական զարգացման ընթացքին: Եվ ինչպես Դուբայը, Սինգապուրը, Լաս Վեգասը կամ Սիլիկոնային Հովիտը, հանդիսանում է այդ քաղաքակրթության ընթացքի մի մասը եւ ունի իր տեղն ու դերն այդ ընթացքում, բաց է այդ քաղաքակրթության համար, չի վախենում դրանից, այլ հարստանում է դրանով եւ հարստացնում իր հերթին: