Ճապոնացի գիտնականները կարծում են, որ պարզել են Երկրի միջուկի «երրորդ տարրը»

  • Հասարակություն - 10 Հունվարի 2017, 18:28
Ճապոնացի գիտնականները կարծում են, որ կարողացել են գտնել Երկրի միջուկի քիմիական կազմի այն տարրը, որը հետազոտողները երկար ժամանակ չեն կարողանում պարզել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Միջուկի կազմում այն նիկելից և երկաթից հետո ծավալով երրորդ ամենաշատ տարրն է, սակայն գիտնականները չեն կարողանում հստակ որոշել, թե ինչ տարր է դա:

Տոգոկուի համալսարանի հետազոտողները փորձ են կատարել բարձր ճերմաստիճանի և ճնշման տակ, որպեսզի հնարավորինս ճշգրիտ ստանան Երկրի կենտրոնի իրական պայմանները: Ելնելով փորձի արդյունքներից՝ գիտնականները եզրակացրել են, որ այդ տարրը, ամենայն հավանականությամբ, սիլիցիումն է:

Հետազոտող Էյձի Օտանին նշել է, որ, ըստ փորձի, սիլիցիումը Երկրի միջուկի քաշի մոտ 5%-ն է կազմում:

Երկրի միջուկը մոտ 2400 կմ տրամագծով գունդ է: Այն չափազանց խորն է, որպեսզի հնարավոր լինի անմիջական ուսումնասիրություն անցկացնել, այդ պատճառով դրա կազմը որոշելու համար գիտնականներն ուսումնասիրում են սեյսմիկ ալիքները:

Գիտնականները կարողացել են պարզել, որ միջուկի մոտ 85%-ը կազմված է երկաթից, ևս 10%-ը՝ նիկելից: Մյուս 5%-ն առայժմ անհայտ է:

Օտանին նշել է, որ սիլիցիումի առկայությունը դեռ վերջնականապես հաստատել հնարավոր չէ: