Հայաստանի նոր վարչապետը

    • Հասարակություն - 10 Հունվարի 2017, 15:46
Հայաստանի եթե ոչ առաջին, ապա հաստատ երկրորդ «նյուզմեյքեր» Գագիկ Սուրենյանը նշանակվել է Հայաստանի ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ: Գագիկ Սուրենյանը հայտարարել է, որ դա մեծ պատասխանատվություն է եւ ինքը էլ ավելի մեծ պատրաստակամությամբ եւ ջանասիրությամբ է ծառայելու Հայաստանին ու հասարակությանը:

Իհարկե, առայժմ հանրությունը որոշակի տարակուսանքի մեջ է, եւ կա որոշակի երկմտանք` Սուրենյանը Հայաստանի՞ն է ծառայում, թե՞ Գազպրոմին: Բանն այն է, որ Երեւանում եւ Արարատյան դաշտավայրում մարդիկ մոռացել են, թե երբ է Սուրենյանը վերջին անգամ եղանակի վերաբերյալ հայտնել այնպիսի տեղեկություն, որից ավելի շատ կուրախանա գազ սպառողը, քան գազ վաճառողը: Իսկ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կենտրոնացած է Երեւանում եւ Արարատյան դաշտում, որտեղ արդեն տեւական ժամանակ է ինչ կայուն սառնամանիք է, ինչպես եւ ճշգրտորեն կանխատեսում է Գագիկ Սուրենյանը:

Մյուս կողմից, Սուրենյանի այդ կանխատեսումներն ու կայուն սառնամանիքը առաջին հայացքից են ի օգուտ Գազպրոմի: Խորքային առումով դրանց տակ Հայաստանի համար ռազմավարական նշանակության խնդիր է: Երեւանից եւ Արարատյան դաշտից դուրս եղանակը հրաշալի է, տաք, արեւոտ, իսկապես մեղմ ձմեռ, թեեւ ժամանակ առ ժամանակ ձյունառատ:

Բանն այն է, որ Երեւանում եւ Արարատյան դաշտում բնակչության գերկենտրոնացվածությունը մեծ հաշվով այդքան էլ նորմալ երեւույթ չէ եւ Խորհրդային Հայաստանի ղեկավարության անհեռատես քաղաքականության հետեւանքներից մեկն է: Հայաստանը դարձել է մեծ գլխով եւ փոքր մարմնով տձեւ մի օրգանիզմ, երբ բնակչության, ռեսուրսների կեսից ավելին կենտրոնացած է մի տեղում, իսկ դրանից դուրս կա թե ենթակառուցվածքների, թե արտադրական հզորությունների, ընդհանրապես կենսագործունեության բնականոն եւ հեռանկարային կազմակերպման խնդիր, ներառյալ ժողովրդագրական խնդիրը:

Այդ հանգամանքը պետք է դառնար անկախ Հայաստանի օրակարգային հարցերից մեկը: Երեւանի բեռնաթափումը Հայաստանի համար ռազմավարական հարց է, որն իհարկե մեկ օրում լուծելի չէ, բայց դրա մասին վերջապես պետք է սկսել մտածել:

Կայուն սառնամանիքը կարող է լինել խթաններից մեկը: Ուզու՞մ եք տաք ձմեռ, տեղափոխվեք Երեւանից դեպի այլ մարզեր, սահմանամերձ Տավուշ, Սյունիք, Եղեգնաձոր, գնացեք Լոռի, տարածվեք, բեռնաթափվեք, բնական վիճակի բերեք հայաստանյան օրգանիզմը, վերականգնեք հավասարակշռությունը:

Ահա ինչ է ընկած երեւանյան սառնամանիքների հիմքում: Դրանք պարունակում են այնպիսի ռազմավարական խորություն, որը հատուկ պետք է լինի իշխանությանը: Այդ իմաստով, Գագիկ Սուրենյանն արժանի է ոչ միայն օդերեւութաբանական կենտրոնի պետի, այլ առաջիկայում Հայաստանի քաղաքական թիվ մեկ պաշտոնի` վարչապետի կարգավիճակին:

Թեեւ, թվում է, որ դա ի վերջո լինելու է անխուսափելի, բոլոր առումներով, եթե անգամ ոչ վերեւում հիշատակված ռազմավարական նշանակության կարեւոր խնդրի:

Բանն այն է, որ այսպես, թե այնպես, հասարակությունը ներկայում ավելի շատ տեղեկությունների սպասում է Գագիկ Սուրենյանից, քան ասենք Սերժ Սարգսյանից կամ Կարեն Կարապետյանից: Իշխանությունից մարդիկ այլեւս որեւէ շոշափելի հույս չունեն, եւ միակ հույսը գոնե բարենպաստ եղանակն է ու դրա մասին Գագիկ Սուրենյանի որեւէ ավետիս: Այնպես որ, Սուրենյանն արդեն իսկ ոչ պաշտոնական թիվ մեկ դեմքն է հանրության համար:

Այդ ամենն իհարկե կատակ է, Գագիկ Սուրենյանն ընդամենը լրջորեն եւ բարեխղճորեն զբաղվում է իր գործով, ինչը պետք է օրինակ լինի բոլորի համար: Եվ ողջունելի է անշուշտ, որ գնահատվում է նրա մասնագիտական ունակությունն ու մարդկային բարեխղճությունը:

Չէ՞ որ նա կարող էր հանրությանը ներկայացնել եղանակի մասին այնպիսի թվեր, ինչպիսին տնտեսության մասին ներկայացված էին օրինակ Սերժ Սարգսյանի ՀՀԿ համագումարի ելույթում, կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում:

Բայց սառը ճշմարտությունը միշտ էլ գերադասելի է քաղցր ստից:

Ամենաընթերցվածը