Իսկական շոկ տարեմուտին

    • Հասարակություն - 27 Դեկտեմբերի 2016, 17:16
Մխիթարյանը բացեց պատմությունը

Հայաստանի հասարակության տարեմուտա-պարենային շոկը մի պահ ընդհատվեց ֆուտբոլային շոկով, որ արդեն դրական իմաստով մատուցեց Հենրիկ Մխիթարյանը Մանչեսթեր Յունայթեդ-Սանդերլենդ հանդիպմանը խփած իր հիասքանչ գոլով: Մխիթարյանի գոլը խաղից դուրս էր, բայց թերեւս այնքան տպավորիչ, որ եզրային մրցավարին թողեց խաղից դուրս` այդ պահին խաղում եզրային մրցավար չկար, մրցավարն ամբողջապես Հենրիկի «կերտած» գոլի մեջ էր:

Ինչպես օրերս ՀԱԿ համագումարում նկատեց Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հենրիկ Մխիթարյանը մնացել է «ազգի միակ ուրախությունն ու հպարտությունը»: Տեր-Պետրոսյանն իհարկե դա արձանագրում էր իրեն բնորոշ սարկազմով, Հայաստանի քաղաքական համակարգի վերաբերյալ մոդելային առաջարկի շրջանակում:

Մխիթարյանն իրապես մնացել է Հայաստանի միակ ուրախությունն ու հպարտությունը, որ Հայաստանը եվրասիական ստանդարտից դուրս է բերել համաշխարհային ուղեծիր, Հայաստանը սահմանակցել է լեգենդին: Մանչեսթեր Յունայթեդը համաշխարհային լեգենդ է, Բորուսիայից տեղափոխվելով Մանչեսթեր, Հենրիկն անկախ իր կամքից ամբողջ Հայաստանն էր տեղափոխում եւ կցում համաշխարհային լեգենդին:

Հայաստանին մոտեցնելով լեգենդին, Մխիթարյանը թերեւս իր կամքից էլ անկախ լրացնում է որեւէ պետականության համար կարեւորագույն բացը` երազանքը: Մխիթարյանի մանչեսթերյան լեգենդը փոխարինում է հայկական երազանքի բացակայությունը: Եվ թերեւս պատահական չէ, որ Մխիթարյանի տեղափոխությունը Մանչեսթեր Յունայթեդ համընկավ Հայաստանի անկախության քառորդ դարի տարեդարձին: Տարեդարձ, որի տոնակատարությանն ամենաբարձր նոտան պոկեց «մշակութային Իսկանդերը»` հայկական պետականության երազանքի լիակատար բացակայության պայմաններում:

Իսկանդերը անցավ, բայց այդպես էլ չերեւաց այն երազանքը, որի պաշտպանության միջոցներից մեկն էլ պետք է լիներ Իսկանդերը եւ հենց դրանով ստանար իր «մշակութային» բնույթը:

Հենրիկ Մխիթարյանը մեզ համար «նույնականացնում» է ուրիշի լեգենդը, մինչեւ որ կհաջողվի կերտել մեր երազանքը:

Եվ դա իհարկե ամենեւին սարկազմի առարկա չէ, առավել եւս Առաջին նախագահի շուրթերից, որը նաեւ ինքն է պատասխանատու Հայաստանի այն ընթացքի համար, այն հիմքերի ձեւավորման համար, որոնց վրա կառուցվել է մի շենք, որտեղ հպարտության եւ ուրախության միակ առարկան Հենրիկ Մխիթարյանն է:

Դա, ինչ խոսք, ամենեւին այդպես չէ: Դա քաջ գիտակցում է նաեւ Առաջին նախագահը, քաջ գիտակցում են բոլորը: Հայաստանն ունի հպարտության եւ ուրախության բազում օրինակներ, անձինք, ովքեր թե Հայաստանում, թե Հայաստանի սահմանից դուրս իրենք էլ կերտում են որոշակի լեգենդներ եւ ձեւավորում հայկական երազանքը, որը թերեւս պետք է ձեւավորված լիներ անկախության քառորդ դարի` մի ամբողջ սերնդի ընթացքում:

Հենրիկ Մխիթարյանն այստեղ բացառիկ է ընդգրկման իմաստով, որ ապահովվում է ֆուտբոլի շնորհիվ: Եվ այդ տեսանկյունից այն, ինչ ակամա անում է Մխիթարյանը, Հայաստանի զարգացման մոդելավորումն է` հանրային մտածողության մոդելավորումը:

Հենրիկ Մխիթարյանի ֆուտբոլային տաղանդը բացառիկ չէ` մեծ է, բայց բացառիկ չէ: Անգամ Հայաստանում անկախության 25 տարիների ընթացքում եղել են նրանից ոչ պակաս տաղանդավոր, իսկ գուցե նաեւ ավելի տաղանդավոր, հեռանկար ունեցող ֆուտբոլիստներ: Բայց նրանք չեն դարձել Մխիթարյան, որովհետեւ Մխիթարյանի ուժը լոկ տաղանդը չէ` տաղանդը ռեսուրսն է, որն առաջ մղելու համար պետք է ուժ: Իսկ ուժը մտածողությունն է, ինտելեկտն ու հոգին:

Հենրիկ Մխիթարյանը տարբերվում է հենց դրանով` իր մտածողությամբ, ինտելեկտով, հոգով, աշխարհայացքով: Դա զգալիորեն ի վերուստ է, նաեւ զգալիորեն պայմանավորված գուցե այն հանգամանքով, որ Հենրիկը կյանքի մի զգալի հատված ապրել է Հայաստանից դուրս` եվրոպական միջավայրում: Նրա վրա գուցե իր հետքն է թողել նաեւ մարդկային ողբերգությունը` հոր կորուստը մանուկ հասակում, ինչը նրա իսկ խոստովանությամբ նաեւ մեծ ազդեցություն է թողել ֆուտբոլային ուղու ընտրության հարցում:

Երբ Հենրիկ Մխիթարյանը չէր հայտնվում Մանչեսթեր Յունայթեդի հիմնական կազմում, անգամ պահեստայինների նստարանին, գրեթե ամբողջ հայ ժողովուրդը հայհոյում էր մարզիչ Մոուրինյոյին, որին առանց այդ էլ այդքան չեն սիրում կամ ֆուտբոլային խաղաոճի, կամ էպոտաժային եւ սկանդալային կերպարի համար: Գրեթե ամբողջ հայ ժողովուրդը հայհոյում էր, անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, որը հայտարարում էր, թե չի հասկանում ինչ է կատարվում Մոոուրինյոյի գլխում: Իսկ Հենրիկը մարզվում էր, առանց գնալու «միջին վիճակագրական հայաստանյան» ճանապարհով` առանց ինտրիգների եւ բամբասանքների առիթ տալու, մարզվում էր լուռ, տքնաջան: Եվ հաղթեց:

Հենրիկը դաշտ դուրս եկավ այն ժամանակ, երբ դադարել էր վախենալ տարածությունից եւ հաղթել էր արդեն դաշտից դուրս, այդպիսով գործնականում` ոչ ուղիղ իմաստով, բայց անպարտելի դառնալով դաշտում:

Մխիթարյանն ազգի ուրախությունն ու հպարտությունն է հենց այդ պատճառով` նա ցույց է տվել ժողովրդին հաղթանակի ճանապարհը, աշխատանքով հաղթելու ճանապարհը: Ի դեմս նրա միջին վիճակագրական հայաստանցին հաղթահարել է վախը տարածությունից:

Մի բան, որ անկախության 25 տարիներին պետք է ցույց տված լիներ հայաստանյան «էլիտան», մինչդեռ այդ «էլիտան» հանրությանը «ցույց» է տվել նվաստացման, թերարժեքության բարդույթի, անմարդկային բնազդների ճանապարհը: 25 տարի առաջ հայաստանյան հասարակությունը բացվեց աշխարհին, ինչի շնորհիվ տարավ մի շարք տպավորիչ հաղթանակներ, այդ թվում պատերազմի դաշտում` քանակով եւ ռեսուրսով գերազանցող հակառակորդի նկատմամբ: Դրանից հետո սակայն մի խումբ մարդկանց անձնական շահն ու մարդկային տեսակը փակեցին Հայաստանը մարդկային եւ համակարգային արատներով, կտրելով համաշխարհային զարգացման դինամիկ ընթացքից:

Ներկայում Հայաստանի առաջ վերստին բացվելու եւ հաղթանակների վերադառնալու պատմական հրամայականն է, որի պահանջը հանրությունը զգում է ենթագիտակցորեն:

Ի դեմս Մխիթարյանի հայաստանցին այժմ տեսնում է աշխատանքի, ինտելեկտի, հոգու, լայն մտածողության արդյունքը: Մխիթարյանի օրինակը զանազան բանսարկությունների, երեսպաշտությունների, խարդավանքների 25-ամյա ճահճից դուրս է բերում միջին վիճակագրական հայաստանցուն, ցույց տալով աշխատանքի, ինտելեկտի, կամքի, տարածության, բաց աշխարհի հանդեպ վախի հաղթահարման էֆեկտը:

Դա ամենեւին Մխիթարյան ֆենոմենի գերագնահատում չէ: Բանն այն է, որ հանրությունը առնվազն ենթագիտակցորեն ընդունել է այն եւ ապրում է դրանով: Պատմությունն ու ճակատագիրը տվել են հնարավորություն այն վերածելու զարգացման ֆենոմենի, երբ Մխիթարյանը ոչ թե միակ հպարտությունը եւ ուրախությունն է, այլ այդպիսի բազմաթիվ օրինակների առավել հանրամատչելի եւ ընկալելի առանցքը, որից կարող է համակողմանիորեն սնուցվել հայկական երազանքը: