Նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

  • Հասարակություն - 02 Դեկտեմբերի 2016, 14:47
Մեկ ամիս առաջ նորանշանակ ՀՀ վարչապետին ուղարկած փոքրիկ նամակս  իմ մտերիմներն ընթերցելով առաջարկեցին այն հրապարակել, իսկ Հայաստանի կանաչների միության նախագահ Հ. Սանասարյանն այն բնութագրեց`«հրաշալի էսսե»: Հարգելի ընթերցող, քանի որ այդ հարցերը վերաբերում են բոլորիս, թույլ տվեք, այն նույնությամբ հրապարակել:

ՀՀ վարչապետ պ-ն Կարեն Կարապետյանին

Մեծարգո պարոն, բազմահազար շարքային քաղաքացիների պես ուշի-ուշով հետևում եմ Ձեր յուրաքանչյուր խոսքին ու որոշումներին. հիանում ու հպարտանում...Քսան տարուց ավելի է ՝ սպասում էինք Ձեզ։                           

Լավ։ Կարճ. Մեզ այդպես եք սովորեցնում...

1. Իրոք, Երևանը պոլիգոն չէ։ Գրեթե բոլոր հարսանիքների անբաժանելի մասն են՝ հրավառությունները։ Գիշերվա աղմուկ, փողերի վատնում և... ռաբիզություն։ Խնդրում եմ հրահանգել վերջ դնելու մասնավոր հրավառություններին, իսկ պաշտոնականների թիվն ու ծավալը հասցնել նվազագույնի։ Մեր փողերը օդ կրակելով, մենք աղքատանում ենք, իսկ օտար երկրները՝ հարստանում։

2.  Ռաբիզություն է նաև նորապսակներին տանող ավտոշարասյուների բարձր ազդանշան արձակելով քաղաքի փողոցներով անցնելը։ Տասնամյակներ այս մասին բազմաթիվ անգամ ասվել է, սակայն հարցի լուծման համար բավարար կամք չի ցուցաբերվել։

3. Շուտով կսկսվեն Նոր տարվա տոների նախապատրաստությունները, որոնք մոտենում են մասսայական փսիխոզի աստիճանի։  Խնդրում եմ հնարավորինս կարճեցնել  երկու շաբաթ ձգվող տոնակատարությունները։ Սահմանափակելով տոնական օրերը, կնպաստենք նաև մեր առողջության ամրապնդմանը։ Բարեբախտաբար, վերջին տարիներին, բժիշկներն այդ մասին զգուշացնում են տոներից առաջ։

Ոչ միայն ՀՀ  կառավարությունը, այլև յուրաքանչյուր հայ մարդ պետք է իր միջոցները խելամիտ ու խնայողաբար ծախսի և  առաքինի ու զուսպ ապրելակերպով խնայված միջոցները ուղղի՝ երկրի ու ժողովրդի հրատապ խնդիրների քայլ առ քայլ լուծմանը՝ նպաստի ազգային անվտանգությանն ու տնտեսության վերակենդանացմանը։

Չինացիները մի քանի տասնամյակում առաջընթացի հասան խնայողաբար ապրելով ու էֆեկտիվ աշխատելով և աղքատությունը հաղթահարեցին ոչ թե շատ հանգստանալով ու զվարճամոլություններով տարվելով։

Քանի որ Ձեր աշխատակազմը խիստ ծանրաբեռնված է, նամակիս գրավոր պատասխանելու անհրաժեշտություն չկա։

Հարգանքով՝  Արտյուշ  Խանջյան, ռադիոֆիզիկոս, տ.գ.թ., E-mail: artkhanj@yandex.ru

Ամենաընթերցվածը