Հայաստանը միակ երկիրն է, որ ստացել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագիր

  • Հասարակություն - 01 Դեկտեմբերի 2016, 15:52
Հայաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագիր: Ինչպես ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում  ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը,  Հայաստանը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 53 երկրներ ի թվում առաջին երկիրն է, որն արժանացել է այս գնահատականին: «2007  թվականից սկսած մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում ստացած մայրերից ծնված 150  երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի որեւէ դեպք չի արձանագրվել,- ասաց փոխնախարարը՝ փաստելով, որ դրական տեղաշարժ կա դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերի հետ կապված:

Մարգարյանը նշեց, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում անվճար բուժում է ստանում ՄԻԱՎ վարակ ունեցող 1150  մարդ; «ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական հսկողությունը բարելավվել է: Հղիների ավելի քան 95 տոկոսը, տուբերկուլյոզով գրեթե բոլոր հիվանդները ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն են անցնում»,-ասաց նա:

Անդրադառնալով խնդիրներին՝ Մարգարյանը նշեց, որ ամենամեծ խնդիրը մնում է հիվանդության ուշ ախտորոշումը, որով էլ պայմանավորված են մահացության դեպքերը: «ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կեսն է միայն իմանում այդ մասին»,-հավելեց նա:

Ամենաընթերցվածը