Կարեն Կարապետյանի ճակատագրական մանրուքը

    • Հասարակություն - 01 Դեկտեմբերի 2016, 12:47
Լուսանկարը Sputnik-ի
Լուսանկարը Sputnik-ի
Վարչապետ Կարեն Կարապետյանը Գլխավոր դատախազին առաջարկել է զբաղվել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների բողոքներով: Կարապետյանը առաջարկել է, որ դատախազն ընդունի նրանց:

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ արդեն տարիներ շարունակ փորձում են արժանանալ իշխանության ընդունելությանն ու ստանալ իրենց հարցերի լիարժեք պատասխաններ: Այդ հարցերը շատ պարզ են` իրենց որդիներին պետական բանակ ճանապարհած մարդիկ ստացել են նրանց դիերը, որովհետեւ ինչ որ մարդիկ բանակում զբաղվել են մարդասպանությամբ: Եվ այդ մարդիկ Ադրբեջանից չեն, նրանք հայկական բանակից են, ծառայել են, գուցե ծառայում են մինչ այժմ: Այդ մարդկանց մի զգալի մասը վայելում է իշխանության հովանավորությունը, վայելում է կոռուպցիայի պտուղները, ինչի հետեւանքով զինվորների սպանության, կամ ինքնասպանության հասցնելու գործերը չեն քննվել լիարժեք, առաջացնելով ծնողների բողոքն ու դժգոհությունը:

Այդ ծնողները կամ «սեւազգեստ մայրերը» արդեն տարիներ շարունակ փորձում են արժանանալ պետության համարժեք վերաբերմունքի: Բայց իշխանությունը նրանց բառի բուն եւ պատկերավոր իմաստով «քարշ» է տալիս Երեւանի փողոցներով, չմտածելով, որ բանակին զինվոր տված մորը քարշ տվող իշխանությունը պետության արանապատվությունն է «քարշ» տալիս փողոցով:

Այդ մայրերը չեն տեղավորվում հայրենասիրական այն ճառերի եւ կենացների շրջանակում, որ իշխանությունը հյուսում է բանակի շուրջ: Նրանց եւ նրանց զոհված որդիներին երգեր չեն ձոնում, փողոցներ չեն անվանակոչում նրանց անուններով: Նրանց վիշտն իշխանության համար չունի պիտանելիություն:

Որովհետեւ նրանց որդիներին սպանել է ոչ թե հակառակորդը կամ թշնամին, այլ սեփական ծառայակիցը կամ հրամանատարը: Այդ իսկ պատճառով նրանք հերոս չեն, իսկ քանի որ հերոս չեն, պետությունը լվացել է ձեռքերը, իսկ նրանց մայրերի հետ շփվում է կամ ոստիկանությամբ, կամ էլ` ընդամենը նախագահի նստավայրի ճաղերի հետեւից, ինչպես մի անգամ դա արեց Սերժ Սարգսյանը:

Օրերս, երբ իշխանությունը հանդես եկավ 1000 դրամների հայտնի նախաձեռնությամբ, իշխանության տարբեր պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրներ խնդիրը սկսեցին դիտարկել բարոյական հարթության վրա, որպես հանրային տուրք պատերազմող բանակի զինվորին: Դա իհարկե շատ կարեւոր հարթություն է, հաշվի առնելով հենց պատերազմի հանգամանքը: Բայց, մեկ այլ հանգամանք էլ վկայում է, որ բարոյականության այդ կարեւոր հարթությանն իշխանությունը անդրադառնում է ոչ թե ներքին պահանջից ու մղումից, այլ ընդամենը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:

Որովհետեւ, եթե լիներ իշխանության բարոյականության ներքին մղում եւ պահանջ, ապա տարիներ շարունակ փաստացի անբարո վերաբերմունքի չէին արժանանա խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը, ինչ է թե նրանց որդիները չեն զոհվել հերոսի մահով:

Բայց, եթե նրանք չեն զոհվել հերոսի մահով, դա չի նշանակում, որ նրանց սպանողները հերոս չեն սպանել: Այդ զինվորները գուցե հերոսանալու էին հակառակորդի հետ որեւէ մարտում, կամ էլ հերոսանալու էին քաղաքացիական կյանքում որեւէ ձեռքբերումով:

Պետությունը տարել է նրանց, վերադարձրել է զոհված: Նրանց ծնողները չեն պահանջում իրենց որդիներին, պահանջում են, որ իրենց որդիների մարդասպանները բացահայտվեն եւ ենթարկվեն պատասխանատվության, այդ մայրերն ուզում են ստանալ իրենց մոտ առաջացած լիարժեք հարցերի պատասխանները, նրանք 1000 դրամ կամ 1000 դոլար չեն ուզում իշխանությունից, ուզում են հարցերի պատասխաններ, վերաբերմունք, որոնք գուցե մի թեթեւ կսփոփեն, կմեղմեն նրանց վիշտ, թույլ կտան մի փոքր սպիացնել վերքը:

Հայաստանում փոխվում են նախագահները, վարչապետները, պաշտպանության նախարարները, գլխավոր դատախազները, զինվորական դատախազները, նրանցից շատերը դառնում են նույնիսկ ընդդիմության լիդերներ եւ անգամ ոմանց հերոսներ ու կուռքեր, իսկ սեւազգեստ մայրերին պատասխան տվող չկա:

Փոխվելու՞ է ինչ որ բան Կարեն Կարապետյանի առաջարկից հետո, նոր գլխավոր դատախազի պարագայում, թե՞ այժմ էլ Կարեն Կարապետյանն է ընդամենը «փոխանցում» կատարում եւ ազատվում նրանցից:

Ապրիլի պատերազմն ի ցույց դրեց Հայաստանի խնդիրներն անվտանգության, բանակի կառավարման, սպառազինության, առաջնագծի հագեցածության առումով: Ամիսներ հետո իշխանությունը փորձում է հավաստիացնել, որ քաղել է դասեր եւ կատարում է քայլեր, որոնք լրացնելու են բացը, մեծ աշխատանք է կատարել առաջնագծում, թիկունքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու գործում: Կան դրանք հավաստող մարդիկ, ոչ միայն իշխանությունից:

Պաշտպանության նոր նախարարն էլ անում է հայտարարություններ ազգ-բանակ հայեցակարգի մասին, բանակը տնտեսության համար բեռից լոկոմոտիվի վերածելու անհրաժեշտության մասին:

Այդ մեծ գործերի եւ խոսքերի ֆոնին մի խումբ սեւազգեստ մայրերի խնդիրը շատ է փոքրանում, գրեթե կորում տեսադաշտից: Մինչդեռ այն, ինչ արվում է եւ ասվում ապրիլի պատերազմից հետո մեծ գործերի մասով, դա ոչ թե իշխանության կամքն է, այլ իշխանությունը ստիպված է դա անել, դա այն նվազագույնն է, որ իշխանությունը պարտավոր է անել, որովհետեւ ապրիլի սպառնալիքը սպառնալիք էր արդեն ընդհուպ իշխանության համար:

Այն, ինչ արվում է կամ ասվում, կարեւոր է, բայց ոչ «կամավոր», այսինքն ոչ ներսից եկող, համենայն դեպս ոչ ներսից եկողի, գիտակցության եւ արժեքների խորքային փոփոխության վկայություն: Դրա վկայություն կարող է լինել փոփոխությունը անկարեւոր թվացող մանրուքներում, ինչում իշխանությունը ստիպված չէ, բայց անում է, որովհետեւ ներսից է հասկանում, որ այլեւս չի կարող չանել:

Այդ իմաստով, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի խնդիրը խորքային առումով ոչ թե փոքրանում է հետապրիլյան խնդիրների ֆոնին, այլ հակառակը` դառնում հույժ կարեւոր մանրուք, որ ցույց է տալիս, թե ինչքան է փոփոխությունն առնչվում իշխանության մտածողությանը, բարոյականությանն ու արժեքներին:

Ամենաընթերցվածը