Սերժ Սարգսյանն ասել է, թե երբ է հեռանալու

  • Հասարակություն - 01 Դեկտեմբերի 2016, 11:30
Ներկայում ներքաղաքական ինտրիգներից մեկը Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման հարցն է: Նա միշտ «բաց» է պահում այս հարցը, եւ շատերը դա կապում են համակարգում քաոս չառաջացնելու նրա մտադրության հետ: Իսկապես, եթե Սերժ Սարգսյանը հայտարարի իր հեռանալու մասին, նրանից «ոհմակն» անմիջապես երես կթեքի եւ կսկսի նոր առաջնորդի փնտրտուքը՝ դրա հետեւանքներով հանդերձ:

Սերժ Սարգսյանը ժամանակին հայտարարել էր, որ պաշտոնավարելու է միչեւ վերջին օրը, այսինքն՝ 2018-ի ապրիլ, երբ ավարտվում է նախագահական ժամկետը: Միաժամանակ, նա նախկին նախագահներին առաջարկել էր հեռանալ միասին: Այդ առաջարկը չէր ընդունվել, որից հետո էլ տեղի ունեցան ներքաղաքական առանցքային իրադարձությունները, մասնավորապես՝ Սահմանադրության ու երկրի կառավարման կարգի փոփոխությունը, որի արդյունքում Հայաստանը դառնում է խորհրդարանական պետություն, եւ առաջին դեմք է դառնում վարչապետը: Դրանից հետո Սերժ Սարգսյանը մի քանի անգամ ակնարկեց վարչապետ դառնալու հնարավորությունը:

Այս համատեքստում, քննարկվում էր նաեւ այն հարցը, թե որքան է պաշտոնավարելու Կարեն Կարապետյանը՝ մինչեւ 2017-ի ապրի՞լ, 2018-ի ապրի՞լ, երբ պետք է ձեւավորվեն նոր կառավարություններ, թե նաեւ դրանից հետո: ՀՀԿ-ին անդամակցելուց հետո կարծես թե որոշված է՝ նա պաշտոնավարելու է առնվազն մինչեւ 2018-ի ապրիլ, համենայնդեպս՝ ՀՀԿ-ականները հավաստիացնում են այդ մասին: Թերեւս, ՀՀԿ-ին անդամակցումն էր նրա պաշտոնավարումը «երկարաձգելու» գինը:

Ի՞նչ է լինելու 2018-ին, երբ ավարտվում են նախագահի լիազորությունները:

2013-ին Քաջարանում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը 10-15 տարի հետո լինելու է բոլորովին այլ երկիր: Այս միտքը նա կրկնել է նաեւ իր հետագա ելույթներից մեկում: Ըստ էության, Հայաստանն այլ երկիր կարող է դառնալ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի իշխանության ավարտից հետո, եւ այս հարցում Սարգսյանը փաստացի ճշմարտությունն է ասել: Այսինքն, կարելի է ենթադրել, որ նա մտադիր է իշխել եւս 10 տարի, եթե այդ ընթացքում չլինեն անկանխատեսելի կամ ֆորս-մաժորային իրադարձություններ:

Զուր չէ, որ օրերս տեղի ունեցած ՀՀԿ համագումարում ՀՀԿ նախագահ ընտրվելուց հետո նա գրեթե Մովսեսի պես դիմեց իր «ժողովրդին»՝ ՀՀԿ-ականներին, նրանց հորդորելով կտրել-անցնել տափաստաններ ու օվկիանոսներ: Հնարավոր է՝ նա պատրաստվում է իր «ժողովրդի» հետ «թափառել» եւս առնվազն 10 տարի, մինչեւ կավարտվեն Ավետյաց երկրի՝ այլ Հայաստանի «որոնումները»:

Եվ կամ իրենք կավարտվեն այդ թափառումների ընթացքում, կամ կավարտվի այլ Հայաստանի տեսիլքը:

Ամենաընթերցվածը