Հայ գիտնականի հայտնաբերած տարրը պաշտոնապես ընդգրկվել է Մենդելեևի աղյուսակում

  • Հասարակություն - 30 Նոյեմբերի 2016, 22:05

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը պաշտոնապես հայտարարել է Մենդելեևի աղյուսակում նոր չորս տարրեր ընդգրկելու մասին, որոնցից մեկն անվանակոչվել է ի պատիվ հայ գիտնականի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միության պաշտոնական կայքը, 113-ը ստացել է Նիհոնիում անվանումը, 115-ը՝ Մոսկովիում, 117-ը՝ Թենեսին, 118-ը՝ Օգանեսոն` ի պատիվ գիտնական Յուրի Օգաննեսյանի: Տարրի տարբերանշանն աղյուսակում լինելու է Og-ն:

«Նոր տարրերն արտահայտում են մեր օրերի իրականությունը, գիտության ընդհանրականությունը` դրանով պատիվ անելով այն երեք մայրցամաքներին, որոնցում նրանք հայտնաբերվել են` Ճապոնիա, Ռուսաստան, ԱՄՆ, և այս ամենում ընդգծելով մարդկային կապիտալի ու հրաշալի գիտնական Յուրի Օգանեսյանի բացառիկ դերը»,- ասել է Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության նախագահ, պրոֆեսոր Նատալիա Տարասովան:

Օգանեսյանը ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է։ Նրա աշխատանքները հիմնականում փորձարարական միջուկային ֆիզիկայից են, նաև՝ գերծանր քիմիական տարրերի սինթեզումից։ Նա ծնվել է 1933 թ. ապրիլի 14-ին ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում: Նա նաև ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է, ԵՊՀ պատվավոր դոկտոր: Նա մեծ ավանդ ունի ՀՀ գիտական կազմակերպությունների և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև համագործակցության զարգացման գործում, ինչի համար էլ 2010 թ. պարգևատրվել է ՀՀ կրթուՍ յան և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալով»: