2017 թ. «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները տեղի կունենան ապրիլի 24-ից մայիսի 28-ը

  • Հասարակություն - 30 Նոյեմբերի 2016, 15:12
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է 2017թ. ծրագրերը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ 1 միլիոն դոլարի նվիրատվությամբ «Ավրորա» մրցանակն ստեղծվել են Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների: 2016թ. ապրիլի 24-ին Երեւանում կայացած «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության ընթացքում Բուրունդիի REMA հիվանդանոցի եւ Խաղաղության տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն դարձավ մրցանակի առաջին դափնեկիրը:

Բարանկիցեն գնահատանքի արժանացավ այն բացառիկ ազդեցության համար, որ նա ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին՝ փրկելով հազարավոր կյանքեր եւ օգնության ձեռք մեկնելով որբերին ու փախստականներին: Հետեւելով այս բացառիկ մրցանակի կանոններին՝ դափնեկիրը 1 միլիոն դոլար դրամաշնորհը տրամադրել է իրեն ոգեշնչած կազմակերպություններին՝ «Բրիդերլեխ Դելեն» (Լյուքսեմբուրգ) հիմնադրամին, «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամին եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու հիմնադրամին:

Հայերը փորձում են վերափոխել ընկալումը՝ զոհից արժանապատիվ եւ ստեղծարար քաղաքացիների: Հավատարիմ մնալով այդ ջանքերին՝ «Ավրորա» մրցանակաբաշխությունը փառաբանում է մարդկայնության համընդհանուր ոգին եւ տոկունությունը: Այս անգամ այն իր գագաթնակետին կհասնի մայիսի 28-ին Երեւանում:

Մայիսի 28-ը՝ Առաջին հանրապետության օրը, Հայոց ցեղասպանությունը վերապրողների կամքի դրսեւորումն է, որոնք Եղեռնից ընդամենը երեք տարի անց հռչակեցին Հայաստանի առաջին հանրապետությունը: Մրցանակի հանձնման արարողությունը եւ ուղեկցող միջոցառումները կարժեւորեն այդ ուղին՝ մահից դեպի կյանք, սարսափից դեպի հույս, կործանումից՝ վերածնունդ:

2017 թվականի «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին: Հավակնորդներից մեկը մայիսի 28-ին Երեւանում կճանաչվի 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր: Դափնեկրին եւ հավակնորդներին կորոշի «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը՝ 66 երկրից ներկայացված 558 առաջադրումներից:

««Ավրորա» մրցանակի հիմքում այն մարդկանց հարգանքի տուրք մատուցելու ցանկությունն է, որոնք իրենց կյանքը նվիրել են այլոց փրկության գործին: Ուրախալի է, որ այս կարճ ժամանակում նախաձեռնությունը հնչեղություն ու ճանաչում ձեռք բերեց աշխարհի տարբեր երկրներում եւ համայնքներում», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«1918թ. մայիսի 28-ին ցեղասպանությունը վերապրողները համարձակություն ունեցան հռչակելու անկախություն: Նրանց այս քայլը փաստում է, որ վերապրողները ոչ միայն հաղթահարում են սարսափելի դժվարությունները, այլ նաեւ դառնում են համաշխարհային հանրության ստեղծարար ու նվիրված անդամներ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կարեւորում է հուսալքությունից լավատեսություն վերափոխման հեռանկարը. հնարավորություն, որը բոլորինն է», - նշեց նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Ապրիլի 24-ից մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն աշխարհով մեկ կկազմակեպի մի շարք միջոցառումներ՝ ներկայացնելով մրցանակի 2017 թվականի հավակնորդների ոգեշնչող պատմությունները, ինչպես նաեւ մարդասիրական գործունեությունն աշխարհում: Միջազգային մարդասիրական գործիչների մասնակցությամբ Aurora Dialogues քննարկումների շարքը մեկնարկել է Երեւանում՝ «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության օրերին: Այս քննարկումները եւս կընդլայնվեն՝ դառնալով «Ավրորայի» միջոցառումների հիմնական բաղադրիչներից մեկը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

Ամենաընթերցվածը